Քաղաքականություն

Ծափահարություններին վերաբերող դրվագի պատասխանը պետք է հոգեբանները տան

Ծափահարություններին վերաբերող դրվագի պատասխանը պետք է հոգեբանները տան

Ազգային ժողովի շենքի տարածքը երեկ պայթում էր ոստիկանական ուժերի առատությունից։ Մարդիկ զարմանում էին` մի՞թե այսքան ոստիկան կա մեր երկրում: Նրանք այս անգամ մահակներով եւ սաղավարտներով էին եւ պատրաստվում էին դիմադրության, երբ Դիմադրության շարժման մասնակիցները երթով մոտեցան ԱԺ շենքին։ Խորհրդարանական մի խումբ պատգամավորներ մտան շենք՝ մասնակցելու Ազգային ժողովի նիստին` հարցուպատասխանին։

Սակայն հետո ընդդիմադիրները նիստը բոյկոտեցին եւ դուրս եկան` ՔՊ-ականների ծափողջույնների ուղեկցությամբ։  Թեմայի շուրջ խոսել ենք «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Ազգային ժողովի շենքը ոստիկանական ուժերով համալրելը։ Կարո՞ղ ենք փաստել, որ իշխանությունները մտավախություն ունեն, որ բախումներ կլինեն, դիմադրության շարժման մասնակիցները կփորձեն ԱԺ շենք ներխուժել։

- Ես հոգեբան չեմ, որպեսզի կարողանամ գնահատել սրա կամ նրա վախերը։ Բայց հանրահայտ ճշմարտություն է, որ իրականությունից կտրվող ու ավտորիտար հակումներ ունեցող իշխանությունները դառնում են ավելի զգուշավոր ու սիրում են իրենց շրջապատել անվտանգության մեծ ուժերով։ Հիմա ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կտրվել է իրականությունից ու չի նկատում, որ երկրում քաղաքական ճգնաժամ է, որը հանգուցալուծման կարիք ունի, իհարկե՝ քաղաքական գործիքներով։ Մյուս կողմից, ներքաղաքական հակադրության կողմերը կոշտացնում են ագրեսիվ հռետորաբանությունը, ու կոշտ ռեսուրսային պայքար է ընթանում, ինչը բնական է դարձնում նման իրավիճակը։ Եթե ուզում ենք, որ քաղաքական ծայրաստիճան լարված վիճակը լիցքաթափվի, ապա իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը պետք է բանակցեն։ Եթե դիալոգ տեղի չունենա, առաջիկա ժամերին կամ օրերին բախումները կդառնան անխուսափելի։ ԱԺ-ում բացահայտվեց խորհրդարանական մեծամասնության, նաեւ ընդդիմության քաղաքական սնանկությունը։ Ինչո՞ւ այս լարված վիճակում Փաշինյանը դարձյալ որոշեց պոռոտախոսել, կամ ինչո՞ւ խորհրդարանական ընդդիմությունը հեռացավ դահլիճից, եթե կարող էր մնալ ու խեղճացնել վարչապետին, ով նոր ասելիք, ըստ էության, չունի։ Սրանք, ինչպես նաեւ ծափահարություններին վերաբերող դրվագը, հարցեր են, որոնց պատասխանը քաղաքականությունը չունի։ Դրանց պատասխանները պետք է փնտրեք հոգեբանների մոտ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image