Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակվել Լիլիթ Մինասյանը։ Անտեղյակները կարող են հետաքրքրվել՝ ով է Լիլիթ Մինասյանը եւ ինչու է նշանակվել այդ պաշտոնին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ՔՊ գրասենյակի աշխատակից, առանձնահատուկ վերաբերմունք ունի լրատվամիջոցների նկատմամբ։
Նա «Հրապարակի» դեմ ֆեյսբուքյան արշավի կազմակերպիչներից է, որն ամիսներ առաջ մեր գրած մի լուրից հետո Ֆեյսբուքում ֆլեշմոբ սկսեց՝ «Մերժիր Հրապարակին» կոչերով եւ առաջարկելով դիմել Ֆեյսբուքի ղեկավարությանը, որ «Հրապարակի» էջն արգելափակեն։
Ի դեպ, ժամանակին ՔՊ-ի մեր աղբյուրները վստահեցնում էին, թե Լիլիթ Մինասյանն այդ նախաձեռնության համար ղեկավարության դիտողությանն է արժանացել, բայց փաստերը խոսում են այն մասին, որ նրա գործողությունները կառավարել են, ապա՝ խրախուսել։ Ինչպես ասում են՝ մախաթը պարկում երկար չի մնում, ու փչվում են նաեւ իշխանությունների երդումները, թե իրենք ոչ մի կապ չունեն լրատվամիջոցի դեմ կազմակերպված արշավի հետ։