Գերմանիայում անցկացվող ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնությունը լավ առիթ էր ՀՀ պաշտոնյաների համար՝ պետության հաշվին վոյաժներ կազմակերպելու համար։ Իհարկե, դրանք ձեւակերպված էին որպես գործուղումներ, աշխատանքային այցեր, որոնք, զարմանալի զուգադիպությամբ, համընկան Եվրո-2024-ի խաղերի հետ։ Ավելին՝ գործուղումների հաղորդագրություններին ծանոթանալիս այնպիսի տպավորություն էր, որ դրանք հատուկ կազմակերպվել են ֆուտբոլային մեծ խաղերին ներկա գտնվելու համար։
Հայաստանից Գերմանիա այս ընթացքում մի քանի պատվիրակություն է մեկնել։ Դրանցից մեկը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն է, որի կազմում էին նաեւ ԱԺ ԿԳՄՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Սիսակ Գաբրիելյանը հենց մարզադաշտից լուսանկար էր հրապարակել։
Բարեկամական այցի անվան ներքո, իրականում, ֆուտբոլ դիտելու մեկնել էին նաեւ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ներկայացուցիչները, այն է՝ ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Բաբկեն Թունյանը, Ռուստամ Բաքոյանը, Հռիփսիմե Հունանյանը եւ Միքայել Թումասյանը։ «Հրապարակը» գրել էր, որ այս այցն առնվազն տարoրինակ էր, քանի որ Հայաստանից բարեկամական խումբը Գերմանիա մեկնել էր նաեւ այս տարվա մարտին։ Երիտասարդ պաշտոնյաներից գրեթե բոլորն ունեն Ֆուտբոլի առաջնություններ դիտելու սեր` 2022-ին Կատարում ֆուտբոլի առաջնություն դիտելու էր մեկնել նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ֆուտբոլի Եվրո-2024-ի եզրափակիչ խաղին մարզադաշտից տիկնոջ հետ հետեւել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փաշինյանն Աննա Հակոբյանի եւ կրտսեր դստեր՝ Արփիի հետ Գերմանիայի մայրաքաղաք է մեկնել Eurowings ավիաընկերության Երեւան-Բեռլին ուղիղ չվերթով։
Ակնհայտ է, որ ՀՀ պաշտոնյաներն իրենց գործուղումները Գերմանիա այնպես էին հարմարեցրել, որ մեկնեն՝ Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը տեղում հետեւելու։
Սպորտի ոլորտը համակարգող՝ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանից հետաքրքրվեցինք՝ ի պաշտոնե ինքը նույնպե՞ս մեկնել է Գերմանիա, մասնակցե՞լ է Եվրո-2024-ի խաղերին։ «Ես Եվրոպայի առաջնության որեւէ խաղի չեմ գնացել, ինչքան էլ որ շատ սիրում եմ ֆուտբոլ։ Ես այս պահին զբաղված եմ օլիմպիական խաղերի նախապատրաստությամբ, դրա համար չեմ գնացել ու որեւէ խաղ չեմ դիտել։ Իհարկե, երբեմն գնում եմ աշխարհի, Եվրոպայի առաջնություններ, բայց՝ գործուղմամբ, որովհետեւ այդ առաջնությունների ժամանակ հստակ խնդիր ունեմ լուծելու»։
Ի՞նչ սպորտային խնդիրներ են լուծել Եվրո-2024-ին մեկնած ՀՀ պաշտոնյաները, ֆուտբոլային դիվանագիտությունն ի՞նչ ձեռքբերումներ է արձանագրել` շնորհիվ նրանց ջանքերի, ակնհայտ չէ՞ր, որ հույժ կարեւոր գործուղումները դեպի Գերմանիա պայմանավորված էին Եվրո-24-ի խաղերը վայելելու նպատակով։ «Ես, անկեղծ, չգիտեմ էլ՝ ով է գնացել, ոնց է գնացել, ինչի է գնացել․․․ եթե գործին չի խանգարում, որեւէ բանի չի խանգարում, դու էլ համատեղում ես այդ երկուսը, ի՞նչ վատ է․․․․»։
Փաստորեն, մեծ ֆուտբոլասերներ կան մեր իշխանության վերին էշելոններում։ «Շատ լավ է, ես ուրախ եմ դրա համար։ Ես կուրախանամ, որ Դուք էլ ինձ հետ մի օր գաք, ֆուտբոլ նայենք՝ մեր հավաքականի խաղերը․․․»։
Կարեն Գիլոյանը նկատում է՝ Եվրո-24-ին չի գնացել, բայց օլիմպիական խաղերին գնալու է․ «Հիմիկվանից ասում եմ, որ իմանաք՝ օլիմպիական խաղերին գնալու եմ, որովհետեւ չեմ կարող չգնալ։ Հետո՝ ես ի պաշտոնե եմ գնում, հենց այնպես չեմ գնում՝ ֆռֆռալու, այնտեղ Հայաստանի տուն եմ բացելու, երբեք չի եղել նման բան, իսկ օլիմպիական խաղերի ժամանակ յուրաքանչյուր նորմալ երկիր օլիմպիական տուն է ունենում, ուր հրավիրում է այլ օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների, մարզիկները հանդիպում են երկրպագուներին եւ այլն»։