Մշակույթ

Ասաց. նայի՝ ինչքան շենք կա, ոչ մի պետություն այսքան հարստություն չունի

Ասաց. նայի՝ ինչքան շենք կա, ոչ մի պետություն այսքան հարստություն չունի

Օրեր առաջ բուհական համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Ակադեմիական քաղաք» նախագիծը, անդրադարձել էր նաեւ բուհերի շենքերի ճակատագրին՝ նշելով, որ իրենց նպատակն այդ շենքերը կառավարելու արդյունքում բուհական համակարգի համար եկամուտներ գեներացնելն է: Իսկ հյուրանոց լինել-չլինելու մեջ վատ բան չի տեսնում, քանի որ Երեւանի կենտրոնը կոմերցիոն մեծ գրավչություն ունի։

«Մեր գաղափարն ի՞նչ է՝ բուհերի ամբողջ շենքային տնտեսությունը կոնսոլիդացնել ու կառավարման հանձնել միջազգային որեւէ հեղինակավոր կառույցի՝ թափանցիկ ձեւով, որի նպատակը կլինի այս տարածքներն օգտագործել, իհարկե՝ որոշակի չափանիշներով, որն էլի մենք պետք է սահմանենք: Հիմա շատ են ասում՝ իսկ կարո՞ղ է որեւէ տեղ հյուրանոց դառնա, ես ասում եմ՝ իսկ հյուրանոցն ի՞նչ վատ բան է: Եթե հյուրանոց դառնա, որի արդյունքում ավելի շատ ուսանողներ ավելի բարձր մակարդակի կրթություն պետք է ստանան: Իսկ ինչո՞վ է դա վատ: Ես անշարժ գույքի կառավարիչ չեմ, որ ասեմ՝ այ, էսպիսի ուղղություններ կան: Բայց փիլիսոփայությունն այն է, որ այդ շենքերը մեծ մասով պետք է շարունակեն մնալ պետական: Ինչո՞ւ եմ ասում՝ առնվազն մեծ մասով, որովհետեւ կան շենքեր, որոնք ֆիզիկապես ու բարոյապես մաշված են, ու կարող է իրենց վերափոխելու անհրաժեշտություն առաջանա»,- մասնավորապես հայտարարել էր Փաշինյանը:

Կրթության փորձագետ Վիկտոր Մարտիրոսյանի խոսքով, Երեւանի փոքր կենտրոնն արդեն իսկ փոքր ակադեմիական քաղաք է, եթե ոչ արտասահմանյան մեկ բուհի ամբողջական մի տարածք․ «Երեւանի այն հատվածը, որտեղ տեղակայված են երեւանյան հիմնական բուհերը՝ մանկավարժականից սկսած մինչեւ Երեւանի պետական համալսարան, ապա ճարտարապետաշինարարական, հետո՝ գեղարվեստ, Կոնսերվատորիա, այս ամբողջը մի նորմալ արտասահմանյան բուհի տարածք է։ Այսինքն՝ եթե խոսվում է համատեղ, իրար մոտ լինելու մասին, այդ հարցն արդեն լուծված է, եւ Երեւանի փոքր կենտրոնը մեկ բուհական տարածք է․ նայեք ամերիկյան կամ եվրոպական խոշոր համալսարանների տարածքները, նրանք այդ տարածքի ներսում ավտոբուսներով, մեքենաներով են տեղաշարժվում: Այսինքն՝ այդ ամենը ոչ թե ակադեմիական քաղաքի, այլ մեկ բուհի տարածք է իրենից ներկայացնում, հարկավոր էր պարզապես այդ ամբողջը լցնել անհրաժեշտ որակով, ծրագրերով, եւ այդ արհեստական մոտեցումը, որ եթե բուհերի շենքերը պատ-պատի կպած լինեն, կբարելավվի կրթության որակը։ Դրա մասին շատ ենք խոսել, որ այն 2050-ի երազանքների տեսլականի պես մի բան է»:

Ինչ վերաբերում է համալսարանների շենքերին, ապա․ «Բոլորս գիտեինք դրա մասին, որովհետեւ ի սկզբանե է ասվել, որ այդ ամենն արվում է, փաստորեն, բիզնես նպատակով, որպեսզի այդ համալիրները, եթե հիմա խոսում են վարձակալության տալու մասին, վաղը կխոսեն օտարելու մասին: Ժողովրդի լեզվով ասած` մուրճն էլ է իրենց ձեռքին, մեխն էլ, կասեն, կհիմնավորեն, կվերջանա-կգնա։ Բոլորն էլ գիտեին, որ դրա հիմնական թիրախն այդ գույքային կռիվն է»։ 

Վ․ Մարտիրոսյանը բուհական շենքերից բացի մատնանշում է նաեւ ակադեմիական շենքերը: «Բուհերից բացի, նայեք ու հաշվեք ակադեմիական ինստիտուտները, որտեղ են տեղակայված, ինչպիսի գույքային հարստություն ունեն, ըստ այդմ՝ հասկացեք սրանց ախորժակը։ 80-ականների վերջերին ես զբաղվում էի սփյուռքի ուսուցիչների վերապատրաստմամբ, որոնցից բացի, գալիս էին նաեւ խմբագիրներ, լրագրողներ, գրողներ: Հունահայ դպրոցի մի տնօրեն` Աթենքից, գիտե՞ք ինձ ինչ ասաց` մենք այսքան հարուստ ե՞րբ ենք եղել, ասացի` պարոն Զավեն, ի՞նչ նկատի ունես, ասաց. նայի՝ ինչքան շենք կա, ոչ մի պետություն այսքան հարստություն չունի...։ Հիմա այս ժողովրդին մի քանի շենք, համալիր էր մնացել, դա էլ են ուզում պոկել տանել, ու գիտե՞ք, թե վատը որն է, որ տարվում են այդ վեհ գաղափարները ոտքի տակ գցելու, տրորելու միջոցով: Անամոթությունն էլ չափ ունի, բայց տեսնում եք, թե ինչ է կատարվում ու, ցավոք, ոչ միայն այս համակարգում»,- եզրափակում է Մարտիրոսյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image