Մի ուրիշ ուղերձով, հավանաբար, Փաշինյանը դեռ կփորձի հիմնավորել իր «տնային աշխատանքը»՝ Հայաստանի սահմանադրության փոփոխությունն ու Անկախության հռչակագրից ձերբազատվելը, որ ստացել է Ալիեւից, իսկ մինչ այդ արձակուրդից կովբոյական կերպարով վերադարձած Փաշինյանը վաշինգտոնյան հռչակագիրի ու Ադրբեջանի հետ նախաստորագրած փաստաթղթի գովքն արեց՝ ավետելով, թե բա չիմացաք՝ խաղաղությունն արդեն եկել է ու օգոստոսի 8-ից ուրիշ Հարավային Կովկասում ենք ապրում: Որ Փաշինյանի պատկերացրած ու Ալիեւի ողորմած «խաղաղությունը» կայանա, ինչպես Փաշինյանն ասաց, այն պետք է «խնամել»:
Թե ինչ ասել է փաշինյանական խնամք, կարելի է հասկանալ նրա պաշտոնավարման ու հատկապես հետպատերազմական ժամանակահատվածի հետագիծը վերհիշելով՝ պարտությունների ու զիջումների շղթա, որոնց հաջորդ փուլի անոնսը նա տվեց այսօրվա ուղերձում՝ չթաքցնելով, որ «անվերջ հաղթել հնարավոր չէ», այնպես, ինչպես 44-օրյա պատերազմի մեկնարկին էր ասում «ժող ջանին», թե` «ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարի»: «Ելույթը ոչ ավել, ոչ պակաս այն մասին էր, որ Հայաստանի քաղաքացիները պետք է հարմարվեն նոր իրողություններին և ընդունեն այն պայմանները, որոնք պարտադրվել են և դեռ կարտադրվեն Հայաստանին։
Ընդ որում, փորձ էր արվում քարոզել, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» ամենախնդրահարույց կետերը՝ ադրբեջանցիների նկատմամբ ատելության կամ այլ կերպ վիրավորող խոսքի արգելման նախերգանքն էր, թշնամանքը արգելելու, մասնավորապես, մեր նահատակների խնկարկման ու սրբացման ձևի փոփոխության միջոցով, տարածքներ Ադրբեջանին զիջելու, և այլն»,- Փաշինյանի ուղերձից սա է ֆիքսել քաղաքագետ Արա Պողոսյանը: Հաջորդ շեշտադրումը, ինչպես «Հրապարակի» զրուցակիցն է արձանագրում, ներքաղաքական, ավելին` նախընտրական նշանակություն ունի։
«Մասնավորապես, նշելով, թե` «դուք հեղափոխություն չարեցիք, որովհետեւ իմ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն հնարավոր չէ», նա փորձում է արդարացնել իր հանցավոր գործողությունները Հայաստանի և Արցախի ժողովրդի նկատմամբ, և լեգիտիմացնել այդ գործողությունները՝ ժողովրդի խոր ապատիան մեկնաբանելով իբրև աջակցություն իր հակահայաստանյան քաղաքականությանը»,-ասում է Արա Պողոսյանը:
Ինչ վերաբերում է նոր տարածքային զիջումների անոնսին, որն արեց Նիկոլ Փաշինյանը, քաղաքագետը առնվազն չափազանց տարօրինակ է համարում այն, որ որևէ երկրի ղեկավար հայտարարում է, թե իր երկրի հսկողության ներքո գտնվում են այլ երկրի տարածքներ։ «Իհարկե, ակնարկը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներին, որոնք Ադրբեջանը համարում է որպես իր անկլավներ։
Միաժամանակ, հավասարություն է դրվում Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի միջոցով ՀՀ-ից օկուպացված տարածքների ու 1990-ակակներին հայկական վերահսկողության տակ անցած տարածքների միջև, որը երբեմն նաեւ անվանում են «լուռ» փոխանակում հայկական Արծվաշեն բնակավայրի հետ»,-Փաշինյանի հայտարարության չակերտներն է բացում մեր զրուցակիցը։ Ուղերձում Նիկոլ Փաշինյանը մանիպուլացրեց ամենազգայուն խնդիրներից մեկը՝ գերիների վերադարձի հարցը, որն այդպես էլ չի ներառվել նրա բանակցած փաստաթղթում:
«Նախ, գերիների հարցը հենց Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պետք է լուծված լիներ, սակայն իշխանության խայտառակ արտաքին քաղաքականության արդյունքում հայկական կողմը անվերապահորեն հանձնեց բոլոր գերիներին, ինչպես նաև մարդասպան Գուլիեւին և մյուս մարդասպաններին, այն դեպքում, երբ Ադրբեջանն ըստ իր հայեցողության էր գերիներ վերադառնում, այն դարձնելով քաղաքական ճնշման գործիք», -հիշեցնում է քաղաքագետն ու շարունակում. «Գերիների հարցը չներառելը, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» մեջ մեծագույն մանիպուլյացիա է եւ սեփական անզորության քողարկում։
Նման դեպքերում, սովորաբար, առաջնահերթ լուծվում է գերիների հարցը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում արդեն հազարավոր գերիների փոխանակման գործարքներ են կատարվել։ Հստակ է, որ Ադրբեջանը գերիների հարցը օգտագործում է՝ որպես քաղաքական մահակ և Փաշինյանը իրենից ոչինչ չի ներկայացնում, որպեսզի կարողանա Ալիևին համոզել նրանց ազատ արձակել։
Ավելին, կարծում եմ, Ալիևը նրանց պահում է Հայաստանի ապագա իշխանությունների հետ գործարք կնքելու համար»: Մեր զրուցակիցն ասում է՝ Փաշինյանի «խաղաղության», «իրական Հայաստանի» քարոզը ստորացված և օտարերկրյա շահերին ծառայող Հայաստանի մասին է, որտեղ հայ մարդը երբեք չի կարող և չպե՛տք է խոսի տեղի ունեցած անարդարության մասին ու արդարություն պահանջի։
Ու, ընդհանրապես, արդարության գաղափարը այս իշխանության համար դարձել է թշնամի, ինչպես թշնամի է Ալիեւի համար։ «Ես մեծ տագնապ ունեմ, որ վաղը, նրանք, ովքեր կշարունակեն Ադրբեջանին թշնամի համարել, հետապնդվելու են և պետության թշնամիներ են համարվելու։ Սա նաև ուղերձ է մեզ, հա՞շտ ենք թշնամու կամքին ենթարկվելու փաստին, թե ո՛չ»,-ահազանգում է քաղաքագետը: