Քաղաքականություն

«Հրապարակ»․ ՀՀ դիվանագիտական կառույցները պետք է ամենօրյա ռեժիմով աշխատեն

«Հրապարակ»․ ՀՀ դիվանագիտական կառույցները պետք է ամենօրյա ռեժիմով աշխատեն

Այս օրերին Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը։ 2023-ի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմի ռազմական հարձակման հետեւանքով 16 անձ գերեվարվեց Արցախից եւ տեղափոխվեց Բաքու, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչեւ ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

Ռուբեն Վարդանյանն օրերս հերթական նամակն էր ուղղել հանրությանը՝ ընտանիքի միջոցով, որում ամբողջությամբ բացահայտում է շինծու դատավարությունների ընթացքը։ Մենք մի քանի հարց ուղղեցինք Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին: «Դրանք դատավարություններ չեն, քաղաքական ֆարսեր են՝ հայ պատանդների նկատմամբ, ովքեր չունեն իրավական պաշտպանության որեւէ հնարավորություն, չունեն անգամ գործի նյութերին մատչելի լեզվով ծանոթանալու հնարավորություն եւ այլն։ Ակնկալել, որ իրավական ճանապարհով որեւէ լուծման կհանգենք, այլեւս այդ հույսը չունեմ։ Սակայն սա չի նշանակում, որ պետք է չաշխատենք, պետք է աշխատենք եւ մոբիլիզացնենք համաշխարհային, միջազգային իրապաշտպան կազմակերպությունների ներուժը։ Հարցը քաղաքական դաշտում է, որի մասին իր հայտարարության մեջ ակնարկել է նաեւ Ռուբեն Վարդանյանը՝ դիմելով աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին»,- ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ պատանդների վերադարձի հարցը քաղաքական բնույթ է կրում, որքան շուտ ՀՀ իշխանությունները հասկանան, շահագրգիռ քննարկումների մեջ մտնեն տարբեր պետությունների հետ, ստանան նրանց աջակցությունը, այդքան՝ լավ։ Արցախի օմբուդսմենի խոսքով՝ ՀՀ իշխանությունները պետական մակարդակով որեւէ քայլ չեն ձեռնարկում՝ գերիներին հայրենիք վերադարձնելու համար, եթե բանակցեին, ապա դա անպայման կհանրայնացվեր։ «Դրա մասին է վկայում նաեւ այն, որ տարբեր մակարդակների հանդիպումների ժամանակ այդ հարցը չի կարեւորվում»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը գերիների մասին խոսեց միայն այն ժամանակ, երբ վտանգ զգաց։ Դա տեղի ունեցավ Արայիկ Հարությունյանի` դատարանում ունեցած ելույթն ադրբեջանական լրատվամիջոցներում տարածելուց հետո։ Փաշինյանը Հ1-ին տված հարցազրույցում ասաց, թե հետախուզական տվյալներ ունի, որ «այդ մարդկանց հոգեներգործուն դեղեր են տալիս, որ ցուցմունք կորզեն»։ Պարզ է, որ անհանգստանում է, թե ինչ ցուցմունքներ են տալու իր մասին:
«Ես համակարծիք եմ, իշխանությունները, կոնկրետ Նիկոլ Փաշինյանը արձագանքում է, երբ սեփական հեղինակությանը կամ իր դեմ ուղղված որոշակի սպառնալիքներ, մեղադրանքներ է նկատում։ Այդպես չպետք է լինի, մենք պետք է շատ հստակ հասկանանք՝ միայն այդ անձանց չեն դատում, դատավարությունն ուղղված է ՀՀ-ի դեմ։ Ինչ ասես՝ կարող են կորզել՝ թե՛ Նիկոլ Փաշինյանի դեմ, թե՛ ՀՀ-ի։ Դրա համար ենք ասում, որ անհրաժեշտ է հնարավորինս տարբեր հարթակներում այդ ուղղությամբ աշխատանքներ տանել։ Կարող ենք ենթադրել, որ գլխացավանքից իրենց ազատելու համար հավուր պատշաճի ուշադրություն չեն դարձնում»,-ասաց Ստեփանյանը։

Երբ իշխանության ներկայացուցիչներին հարց են տալիս գերիներին վերադարձնելու մասին, պատասխանում են՝ բանակցում են, ջանք չեն խնայում, սակայն ի՞նչ են անում, որտե՞ղ են խոսում, ի՞նչ հարթակներում՝ հանրությունը չի տեսնում։ Ստեփանյանի խոսքով՝ եթե խոսեին, գերիների հարազատները գոնե տեղյակ կլինեին։ «Մարդիկ շատ պարզ ասում են, որ պետությունը որեւէ ձեւով ներգրավվածություն չունի։ Լավ, էդ որտե՞ղ են խոսում, որ տեսանելի չէ։ Գուցե ինչ-որ տեղերում մեկ նախադասությամբ անդրադառնում են, սակայն՝  արարողակարգային։ Մի այդպիսի նախադասություն ասել են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողվում, որի մասին խոսվել է։ Սա բավարար չէ, պետք է ՀՀ դիվանագիտական կառույցներն ամենօրյա ռեժիմով աշխատեն»,- շեշտեց նա։

Հիշեցնենք, որ երեկ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը հայտնել է, որ Բաքվի դատարանում մեր հայրենակիցների շինծու դատավարության ընթացքում ընթերցվել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որպես ադրբեջանցիների նկատմամբ վերջին տասնամյակներում կատարված բազմաթիվ «հանցագործությունների» կազմակերպիչներ են ներկայացվել Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Սամվել Բաբայանը, Վիտալի Բալասանյանը, Սեյրան Օհանյանը, Արշավիր Ղարամյանը եւ ուրիշներ։ «Այդ ցանկում չկա 44-օրյա պատերազմում ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատարի կեղծ դերը ստանձնած Նիկոլ Փաշինյանը կամ նրան հարող որեւէ զինվորական, իսկ պատճառը բոլորիդ համար պարզ է, թշնամին նրանց դեռ մեդալներ է բաժանելու մատուցած ծառայությունների համար…»,- նկատել է փաստաբանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image