Քաղաքականություն

«Հրապարակ». Եթե Վիկտորյա Նուլանդը բլիթներ էր բաժանում Կիեւում, ինչո՞ւ Սամանտա Փաուերը ժենգյալով հաց չթխի Երեւանում

«Հրապարակ». Եթե Վիկտորյա Նուլանդը բլիթներ էր բաժանում Կիեւում, ինչո՞ւ Սամանտա Փաուերը ժենգյալով հաց չթխի Երեւանում

Ամերիկյան ոճով՝ ցուցադրական դրվագներով է անցնում ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերի հերթական այցը Հայաստան։ Ամերիկացի պաշտոնյան արցախցի կանանց հետ ժենգյալով հաց է պատրաստել, վերահաստատել իր երկրի աջակցությունը Հայաստանի կառավարության ջանքերին, որոնք ուղղված են թե՛ տեղահանվածների, թե՛ տեղացիների կյանքի բարելավմանը։ Հնգօրյա այցի ընթացքում Փաուերը հանդիպել է իշխանությունների, գործարար երիտասարդների հետ, ինչպես Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն է նշում՝ հաստատելու Հայաստանի հետ ԱՄՆ-ի խորացող գործընկերությունը, ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին եւ առաջ մղելու Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու ջանքերը։  Այս դիվանագիտական գեղեցիկ ձեւակերպումների տակ, իհարկե, ռեալ պոլիտիկն է՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահը։

Հավաքական Արեւմուտքը եւ նրա առանցք ԱՄՆ-ն, Հայաստանի դիմակայունության ու ինքնիշխանության բարձրացումը տեսնում են Ռուսաստանից պոկվելու, հարկ եղած դեպքում՝ Իրանի դեմ հնարավոր գործողությունների պլացդարմ դառնալու միջոցով։ Պատահական չէ, որ իր նախորդ այցի ընթացքում՝ 2023թ. սեպտեմբերի 26-ին, Փաուերը հայտարարել էր, թե անցյալում աշխարհը ձախողվել է Հայաստանին օգնելու հարցում։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն, ըստ էության, բացեիբաց են խոսում տարածաշրջանում իրենց նպատակների մասին։ Ինչպես Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենն ասաց, Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առեւտրային երթուղին պետք է կառուցվի։ Պարզ ասած՝ Ռուսաստանը շրջանցող երթուղին։ Օ’Բրայենը պահը համարել էր «սերնդի կամ գուցե մի քանի սերնդի ընթացքում մեկ անգամ լինող հնարավորություն», ասել էր, որ դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե խաղաղություն լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Հենց սրանով է բացատրվում ԱՄՆ-ի չափազանց մեծ ակտիվությունը հայ-ադրբեջանական օրակարգում։ 

ԱՄՆ ՄԶԳ-ն, իհարկե, անկախ գործակալություն է, բայց, բնականաբար, գործում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հզորացման դիրքերից ու այդ երկրի «փափուկ ուժի» առանցքային եւ գլխավոր գործիքն է։ Բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է՝ Միացյալ Նահանգները «փափուկ ուժն» ակտիվացնում են այնտեղ, որտեղ հնարավորություն են տեսնում, իսկ հնարավորություն ասվածը հետխորհրդային տարածաշրջանում հակառուսականությունն է։ Այդպես էր Ուկրաինայում, այդպես է Մոլդովայում, Վրաստանում։  «Իրենք ավելացնում են «փափուկ ուժը», որպեսզի ամրապնդեն այն ուժերին, որոնք աջակցում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը ռեգիոնում»։ Սա է Փաուերի այցի համատեքստը, ըստ մասնագետի։

Բացի այս, եթե Նահանգներում իշխանություն փոխվի, հայտնի չէ՝ նույն Փաուերը կամ Օ’Բրայենը կմնա՞ն իրենց պաշտոնին։ Հնարավոր է, որ առհասարակ երկրում քաղաքականություն փոխվի, ուստի Բայդենի ադմինիստրացիան նպատակ ունի մինչեւ նոյեմբեր որոշակի հաջողություն գրանցել։ Դեմոկրատների համար հայկական համայնքի ձայները կարեւոր են ոչ միայն Կալիֆորնիայում, այլեւ մյուս նահանգներում, ուստի, պետք է ցույց տալ, որ անում են հնարավորը․ «Սամանտա Փաուերը եկել-հասել է Հայաստան, որ իր այցի մասին գրեն, ասեն, որ արվում է հնարավորը»։
Ինչ վերաբերում է արցախցի կանանց հետ ժենգյալով հաց պատրաստելուն ու արցախցիներին տրամադրվող հումանիտար օգնությանը, մասնագետը մեր ուշադրությունը հրավիրում է երկու հարցի վրա․ մի կողմից,  պետք է շնորհակալ լինել բոլոր կազմակերպություններին՝ աջակցության համար, մյուս կողմից՝ չմոռանալ, որ չի բացառվում՝ այդ օգնությամբ Արցախի խնդիրը փակելու փորձ կատարվի։ «Հնարավոր է՝ իրենք  ասեն, որ աջակցում  են արցախցիներին, որպեսզի նրանք ինտեգրվեն ու դառնան ՀՀ լիիրավ քաղաքացիներ եւ մոռանան, որ Արցախի խնդիրն ընդհանրապես գոյություն ունի։ Սա է, որ մեզ պետք է մտահոգի։ Իհարկե, ժենգյալով հաց թխելը շատ գովելի է, բայց մենք պետք է հասկանանք, որ ցանկացած նվեր երկրորդ երեսն ունի։ Ես զարմացած եմ, որ ոչ ոք իր առջեւ չդրեց այն հարցը, թե ինչու Փաուերը՝ որպես անձ, որը գրել է ցեղասպանության մասին, նույնիսկ էթնիկ զտման խնդիրը չի բարձրացնում եւ չի խոսում այդ մասին։ Նա հիմա պետծառայող է, եթե այդ մասին չի կարող խոսել, նշանակում է՝ դա Արցախի հարցը փակելու քաղաքականության մաս է»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերին՝ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից ու դրան հաջորդած էթնիկ զտումից հետո, այն օրերին, երբ արցախահայերը զանգվածաբար բռնի տեղահանվում էին՝ փրկվելով ֆիզիկական ոչնչացումից, Սամանտա Փաուերը կրկին Հայաստանում էր ու սահմանին․ Կոռնիձորում մամուլի ասուլիս տալով` հայտարարել էր, թե շատ քաղաքացիական անձինք կան Լեռնային Ղարաբաղում, որոնք տարհանման կարիք ունեն, եւ «անհրաժեշտ է, որ նրանց տարհանումն անմիջապես կազմակերպվի Ադրբեջանի իշխանությունների կողմից»։ Այդ ժամանակ Փաուերը հայտարարեց արցախցիներին ԱՄՆ-ից 11,5 մլն դոլար հումանիտար օգնություն տրամադրելու մասին, ասաց, որ այդ միջոցները կուղղվեն սննդամթերքից մինչեւ սոցիալ-հոգեբանական աջակցության ապահովմանը, բայց «էթնիկ զտում» ձեւակերպումը չօգտագործեց ու «տեղաշարժ» կամ «տարհանում» բառերը նախընտրեց։ Նաեւ ասաց՝ անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղում «անկախ աչքեր» լինեն։

«Իրենց այն ժամանակ էլ «անկախ աչքեր» հարկավոր չէին, իրենք շատ լավ գիտեին, թե ինչ է տեղի ունենում, ավելին, բոլորից լավ գիտեին, ուղղակի, քանի որ ԱՄՆ-ի քաղաքական շահից չի բխում Ադրբեջանին ճնշել այդ հարցով, նա մոռանում է ե՛ւ մարդու իրավունքների, ե՛ւ էթնիկ զտումների, ե՛ւ ցեղասպանությունների մասին։ Սա առաջին եւ, համոզված եմ, վերջին անգամը չէ, որ տեղի է ունենում։ Եթե Վիկտորյա Նուլանդը բլիթներ էր բաժանում Կիեւի փողոցներում, ապա ինչո՞ւ Սամանտա Փաուերը ժենգյալով հաց չթխի Երեւանում»,- ասում է մեր զրուցակիցը։ 

ԱՄՆ-ն լավ գիտի, որ «փափուկ ուժը» գրավիչ է։ Դրա արդյունավետ կիրառման հարցում էլ մրցակից չունի։ Այնպես որ, Մարտիրոսյանը չի բացառում, որ Սամանտա Փաուերն այդ կանանց մի քանի բառ ոչ միայն հայերեն ասած կլինի, այլեւ՝ արցախյան բարբառով։ «Լավ կլիներ, որ այդ կանանցից մեկը հարցներ՝ ե՞րբ ենք Ձեզ հետ Արցախում ժենգյալով հաց թխելու, տիկին Փաուեր։ Բայց  այդպիսի հարց ոչ ոք չի տվել, քանի որ հանդիպման համար իշխանություններն ընտրել են այնպիսի կանանց, որոնք միայն պետք է երախտապարտ լինեն»,- եզրափակում է Արթուր Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Սամանտա Փաուերը նաեւ «Ավրորա» մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ է եւ Ռուբեն Վարդանյանի հետ է մտերիմ․ գուցե նրա այցը մեկ այլ նպատակ էլ ունի` հետաքրքրվել Վարդանյանի ճակատագրով:

Հ.Գ. Սամանթա Փաուերը Երևանում հայտարարել է, թե խաղաղության պայմանագիրը կբացի մեծ հնարավորություններ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Խոսել է տարածաշրջանում  սահմանները բացելու միջոցով սռևտրի հնարավորությունից ու հայտնել, որ Փաշինյանի հետ հանդիպմանը  հնարավորություն է ունեցել խորամուխ լինելու էներգետիկայի ոլորտում Հայաստանի որդեգրած ռազմավարության մեջ։

«Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել ինչպես տնտեսությունը, այնպես էլ էներգետիկայի ոլորտը։ Հայաստանում ձգտում են փոքրացնել երկրի խոցելիությունը ցնցումների դեպքում՝ լինի դա գործընկերոջ կամ որևէ մատակարարման շղթայի փոփոխությունից։ Տեխնիկական քննարկումները, թե ինչպես պետք է ստեղծվի միջուկային էներգիան, դեռ ընթացքի մեջ են, այդ պատճառով ես կխուսափեմ կոնկրետ ժամկետներ նշելուց, բայց ինչպես հասկանում եմ, Հայաստանի կառավարության ծրագիրն է մինչև 2030-ը կրկնապատկել վերականգնվող էներգետիկայի արտադրությունը, ԱՄՆ ՄԶԳ-ն ևս աջակցում է այս հարցում», -հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image