Չնայած Հայաստանում հանրային-քաղաքական կյանքը համարյա sitcom-ի է վերածված, որտեղ նույն գործող անձինք՝ Նիկոլ Փաշինյանի պարագլխությամբ օրը մի սկանդալի մեջ են հայտնվում, այդուհանդերձ բոլոր ընթացիկ սկանդալների մեջ, Ալեն Սիմոնյանի հայտնած մի լուր առանձնահուկ ուշադրությունս գրավեց։ Ուշադրություն գրավելու պատճառն այն էր, որ Ալեն Սիմոնյանը հրապարակել էր 44-օրյա պատերազմի զոհերի թիվը։
Թեեւ Հայաստանում բոլորը այնքան են անգիտակից կրկնել Սերժ Սարգսյանի փեսա Միշիկ Մինասյանի՝ 2020-ի նոյեմբերին, 44-օրյա պատերազամում զոհվածների ոգեկոչման համար մարդկանց Ազատության հրապարակ հրավիրելու համատեքստում օդից կրակած 5000 զոհերի թիվը, Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսներն էլ այնքան են հուսացել, թե այդ թիվը կրկնելով ու դրոշի պես պահելով կարող են Փաշինյանի դեմ հասարակական դժգոհությունը մեծացնել, որ տարիներ առաջ, ՀՀ Քննչական կոմիտեին հղում անելով կարծեմ Նիկոլ Փաշինյանի հրապարակած 3600-ի կարգի զոհերի թիվը, այժմ էլ Ալեն Սիմոնյանի հրապարակած 3755 թիվը (խոսքը զինվորական անձանց մասին է), շատերին թվացել է արհեստականորեն նվազեցված։
Նույնիսկ նկատեցի՝ Սերժ Սարգսյանի նախկին մամլո խոսնակներից մեկը հրապարակային ենթադրություն էր արել, թե գուցե 44-օրյա պատերազմում զոհված զինվորականների 3755 թիվը չի ներառում Արցախի Պաշտպանության բանակի զոհերին։ Ես չգիտեմ որտեղ է եղել այս անձը 44-օրյա պատերազմի ժամանակ, կամ ինչ է կատարվել իր հիշողության հետ, որ չի հիշում պատերազմի ողջ ընթացքում անփոփոխ իրողությունը, այն է՝ զոհերի անունները հրապարակում էր Արցախի Պաշտպանության բանակը, քանի որ Հայաստանը պաշտոնապես ռազմական գործողությունների չի մասնակցել, ՀՀ ՊՆ-ն երբեք զոհերի տվյալներ չի հրապարակել։ Պատերազմել է Արցախի պաշտպանության բանակը, զոհերի անունները եւ ծննդյան տարեթվերը պարբերական ցուցակներով ողջ պատերազմի ընթացքում հաղորդել է Արցախի Պաշտպանության բանակը։ Այդքանով էլ արցախցի զոհերի՝ ցուցակներում ընդգրկված չլինելը բացառվում է։ Զոհերի վերջին ցուցակը հրապարակվել է նոյեմբերի 9-ի հրադադարից 10-15 օր հետո, եթե ոչ ավելի ուշ, եւ ես վստահ հիշում եմ, որ վերջին ցուցակից հետո հրապարակված զոհերի թիվը կազմեց 3050:
Թիվն էլ հստակ գիտեմ շնորհիվ «Ազատություն» ռադիոկայանի, որովհետեւ, եթե մյուս լրատվամիջոցները լոկ հերթական ցուցակ էին հրապարակում, եւ երեւում էր տվյալ ցուցակի զոհերի թիվը, ապա «Ազատություն» ռ/կ-ն մի շատ կարեւոր գործառույթ էր հավելել․ ամեն անգամ նշում էին զոհերի՝ նախկինում եղած թիվը եւ դրան գումարում նոր ցուցակի թիվը, ստանալով վերջին ցուցակի հաշվառմամբ վերջնական թիվ։ Վերջին թիվը, որ հրապարակվեց, նորից եմ կրկնում՝ 3050-ն էր, ներառում էր բոլոր զինվորական զոհերին՝ Հայաստանից մեկնած, Արցախում եղած, երկրապահ, ժամկետային զիծառայող, սպայական կազմից եւ այլն։ ցուցակում յուրաքանչյուրի զոհի անվան դիմաց նշվում էր ծննդյան տարեթիվը, սպայական կոչումը եւ այլն։ Ընդսմին ցուցակները ես ամենայն հստակությամբ եմ հիշում, որովհետեւ Արցախյան պատերազմում ինձ շատ չեն հուզել ԼՂԻՄ-ի շրջակա բուֆերային տարածքներն ու դրանց կորուստները, ինձ հուզում էին զոհերը, եւ ամենից շատ ցավ պատճառել է զոհված ժամկետային զինծառայողների՝ այդ 18-20 տարեկան երեխաների մահն ու թվերը։
3050 զոհից բացի, 2020թ-ին ասվում էր 220-ի կարգի անհայտ կորածների մասին եւ նույնքան էլ չնույնականացված աճյունների մասունքների մասին, որոնք Աբովյանի դիահերձարանում էին։ Քանի որ անհայտ կորածների թիվը առանձնապես չի փոփոխվել` 220-ի կարգի էր, այժմ՝ 190։ Մնում է զոհերի թիվը հաշվարկենք 3050 հրապարակված անուններին գումարելով դիահերձարանում եղած չնույնականացված 220 աճյուններից մեզ հասած մասունքների թիվը։ Եվ այդ գումարը 3400-ի չի հասնի։
Ամենաէական հարցը այստեղ, սակայն, զոհերի անուններն են, որոնք թույլ կտան վերջնական թիվ արտածել։ 3050 զոհի անուն եւ տվյալ հրապարակված է։ Եթե Արցախի ՊԲ-ի արխիվները չկան, ապա փառք Բարձրյալին, հայաստանյան լրատվամիջոցների արխիվները կան, որտեղից 44-օրյա պատերազմում պարբերաբար հրապարակված զոհերի ցուցակները հանելը ամենապարզունակ տեխնիկական հարց է։
Հետեւաբար, Ալեն Սիմոնյանը ճիշտ կվարվի, եթե չդատարակախոսի, թե զոհերի անունները անձնական տվյալ են։ 3050 հոգու «անձնական տվյալ»՝ անուն-ազգանուն-հայրանուն, ծննդյան թիվ, զինվորական աստիճան արդեն հրապարակված է։ Սիմոնյանը ճիշտ կանի հետեւի, որ արդեն հրապարակված անունները գրվեն հուշաքարերի վրա եւ տեղադրվեն 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված «Կենաց պուրակում», որը կառուցելու խոստումն իրենց ուսապարկային թիվը բազմիցս հայտարարել է, եւ խոսքը գործ չի դարձել։ Այնուհետ, թող հետեւի կամ նախաձեռնի, որ իշխանությունները համացանցում մի Հուշամատյան ստեղծեն, որտեղ յուրաքանչյուր զոհի մասին նաեւ լուսանկար եւ համառոտ կենսագրական ակնարկ հրապարակվի՝ զուտ անուն ազգանուն, ծննդյան-մահվան տարեթվեր զետեղելուց բացի։
Այնուհետ կարելի է արդեն Քննչական կոմիտեից պահանջել, որ բոլոր մյուս զոհերի անունները, որ ըստ Քննչական կոմիտեի եղել են, սակայն հրապարակված 3050-ի թվում չեն, նույնպես հրապարակվեն։ Այդ ժամանակ կհասկանանք, թե ինչպես պատահեց, որ զոհերի թիվը պատերազմի ավարտից հետո հրապարակված թվից աճեց, այն էլ՝ մի քանի հարյուրով, երբ անհայտ կորածների թիվն էլ առանձնապես չնվազեց։
Միայն դա կլինի պետությանը, եւ նրա 2-րդ կամ 3-րդ դեմքին պատշաճող բարոյական եւ պատասխանատու պահվածք։ Ոչ թե դատարակախոսելը, թե զոհերի անուն-ազգանունները անձնական տվյալ են։ Եվ վերջինը, այսօրվա ընդդիմադիրները, որ նախկինում իշխանություն են եղել, թող գիտակցեն, որ իրենց օրոք եւ մինչեւ այսօր Առաջին արցախյան պատերազմի զոհերի նույնիսկ մոտավոր թիվ չի հրապարակվել։ Ասում են հազարավոր զոհեր՝ առանց մտահոգվելու, որ 1100-ն էլ է հազարավոր, 9900-ն էլ։ Այնպես որ նախկինները զոհերի տվյալներ հրապարակելու հարցում եղել են անհամեմատ ավելի անպատասխանատու, քան այսօրվա իշխանություններն են։ Թող իրենց աչքի գերանը տեսնեն եւ լռեն։