Մշակույթ

Բայց չէ՞ որ դրույքից ավելի են աշխատում, ու դրա համար է 400 հազար աշխատավարձը

Բայց չէ՞ որ դրույքից ավելի են աշխատում, ու դրա համար է 400 հազար աշխատավարձը

Հայաստանում ատեստավորում անցած 260-ից ավելի ուսուցիչ ստանում է 400 հազար դրամ եւ ավելի վարձատրություն: Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նախօրեին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ: Նախարարը հայտնել է, որ 2021-2023թթ․ ատեստավորման արդյունքում շուրջ 4 հազար ուսուցիչ բարձրացված դրույքաչափով եւ հավելավճարով աշխատավարձ է ստանում:

«Այս միջոցով մենք կարողացանք նաեւ հնարավորություն ընձեռել բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին՝ ատեստավորվել եւ շարունակել իրենց աշխատանքը»,- ասել է Անդրեասյանն ու հավելել, որ ավելի քան 500 ուսուցիչ այս հնարավորությամբ ոչ միայն աշխատանքն է շարունակում, այլ նաեւ բարձրացված վարձատրություն է ստանում:
«Այս պահին 260-ից ավելի ուսուցիչներ ստանում են 400 հազար դրամ եւ ավելի վարձատրություն, բավականին մեծ թիվ են կազմում ուսուցիչները, որոնք ստանում են 300-400 հազար դրամ վարձատրություն: Սա՝ դեռեւս միայն կամավոր ատեստավորման արդյունքները հաշվի առնելով: Եթե սրան գումարենք նաեւ հավելավճարի մյուս համակարգերը, ապա ուսուցիչների ավելի քան կեսը ստանում է 300 հազար դրամ եւ ավելի վարձատրություն»,- նշել է Ժ․ Անդրեասյանը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը հնարավոր է համարում է նախարարի կողմից ներկայացված այդ վիճակագրությունն այն իմաստով, որ, նախ՝ ամեն տարի, այսպես թե այնպես, կամավոր ատեստավորված ուսուցիչների թիվն ավելանում է․ «2-րդ՝ ավելանում է տարակարգ ստացող ուսուցիչների թիվը, եւ կարող է այդ ուսուցչի ծանրաբեռնվածությունն էլ ավելանա։ Այսինքն՝ կարող է ինքը դասավանդում էր մեկ դրույքով, բայց հիմա ժամերն ավելացել են։ Բացի այդ, մեկ ուրիշ հանգամանք էլ կա, որ մի քանի դասարաններում դրույքն իջեցվել է՝ 22-ից 20 ժամ, ըստ այդմ, դրա արդյունքում էլ կարող է գրանցվել բարձրացում, եւ 10 տոկոսով բարձրանա ուսուցչի աշխատավարձը։ Գումարած նաեւ այլ հավելավճարներ, օրինակ՝ ԲՏՃՄ առարկաների մասով կամ 100-ից քիչ աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչներին տրվող առավելությունը։ Այդ առումով հնարավոր է այդ թիվը, բայց պետք է հասկանալ, թե այդ 260-ից քանիսն են դրույքով աշխատող, որովհետեւ նրանց մեջ կարող են լինել 1.5 դրույքով աշխատողներ եւս։ Այդ դեպքում նրանց աշխատավարձը, այո, կարող է փաստացի լինել 400 հազար, բայց չէ՞ որ դրույքից ավելի են աշխատում, ու դրա համար է այդքան»։

Բայց նման ծանրաբեռնվածության պայմաններում, գումարած նաեւ մեծ քանակի թղթաբանությունը, որից ուսուցիչները մշտապես դժգոհում են, հնարավո՞ր է մեկ դրույքից ավելի աշխատել, քանի՞ ուսուցիչ այդ ռեսուրսը կունենա՝ մեկ դրույքից ավելի աշխատելու համար։ «Մինչեւ 30 ժամ աշխատող ուսուցիչներ ունենք, բայց պետք է հաշվի առնել իմ նշած հանգամանքները։ Մյուս կողմից էլ՝ 1 դրույքի պայմաններում էլ է հնարավոր, եթե ուսուցիչը կամավոր ատեստավորման ժամանակ ցույց է տվել 90 տոկոս եւ ավելի արդյունք ու ունի 4-րդ տարակարգ, ապա հնարավոր է, որ 400 հազար ստանա»։   

Անդրադառնալով այն փաստին, որ 2021-2023 թթ․ ատեստավորման արդյունքում շուրջ 4 հազար ուսուցիչ բարձրացված դրույքաչափով եւ հավելավճարով աշխատավարձ է ստանում, Ս․ Խաչատրյանը նկատում է, որ այդ բարձրացումն այստեղ կարող է լինել ընդամենը 25-30 տոկոս՝ 400 հազարի շեմից շատ ավելի ցածր։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image