Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ քաղաքային իշխանության գլուխ անցնելուց հետո իր դերասան-հումորիստ ընկերները հերթով աշխատանքի էին անցնում քաղաքապետարանում։
Քաղաքապետարանում աշխատանքի էր ընդունվել հումորիստ-դերասան, թամադա Արման Գևորգյանը, որն առավել հայտնի է դարձել ժամանակին հեռարձակվող «32 ատամ» հումորային հաղորդաշարի շրջանակում։ Նա 2020 թվականի օգոստոսի 3-ից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության մշակութային միջոցառումների համակարգման և վերահսկման բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարն էր։
«Կարգին հաղորդումից» հայտնի դերասաններ Աշոտ Մելոյանը եւ Հովհաննես Գրիգորյանն աշխատանքի էին անցել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Թափառող շների վնասազերծման» ՀՈԱԿ-ում։
Դերասաններից եւ ոչ մեկը մինչ այժմ չի աշխատում նշանակված տեղում։
Հովհաննես Գրիգորյանը չցանկացավ մեկնաբանել, Աշոտ Մելոյանն ընդհանրապես չպատասխանեց մեր նամակին, թեպետ կարդացել էր այն։
Արման Գևորգյանն էլ ասաց, որ աշխատանքից ազատվել է 2022 թվականի դեկտեմբերին․ «Մրցույթ էր հայտարարված, քննություն հանձնեցինք, անցավ այն մարդը, ով անցավ, ես ԺՊ էի։ Ես նույնպես մասնակցում էի մրցույթին»։
Նա իր կարծիքը հայտնեց մրցույթի վերաբերյալ՝ նշելով, որ արդար մրցույթ է անցկացվել․ «Թեստային 100-ից 100 եմ հավաքել, իսկ բանավորի մասով, այո, ես ընդունում եմ, որ լավ չեմ ինձ դրսևորել»։
Անդրադառնալով Մարությանի հետ հարաբերություններին՝ ասաց, որ շփում լինում է, երբ հարկ է լինում․ «Ինչ-որ հատուկ շփում չի լինում այլ թեմաներով՝ քաղաքականություն եւ այլն։ Ամեն մարդ իր գործով է զբաղվում»։