Հարցազրույց

«Հրապարակ». Եթե խաղաղության պայմանագիրը կնքվի, հաջորդ քայլով արագանալու է սահմանազատման գործընթացը

«Հրապարակ». Եթե խաղաղության պայմանագիրը կնքվի, հաջորդ քայլով արագանալու է սահմանազատման գործընթացը

Հարցազրույց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւանվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի հետ

- Վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերն ինտենսիվ կրակում են ՀՀ սահմաններին, իշխանությունն ասում է՝ այդ կրակոցներն անհասցե են, թիրախավորված չեն, ի՞նչ է սա նշանակում։ Հիմա ի՞նչ իրավիճակ է, կա՞ կրակ։

- Ադրբեջանցիները կրակում են հիմնականում Տեղ խոշորացված համայնքի մի քանի գյուղերի ուղղությամբ՝ Խոզնավար, Խնածախ։ Ոչ թե գյուղերի ուղղությամբ, այլ հիմնականում անկանոն են, սակայն միջադեպեր ունենք, որ գնդակները հասել են գյուղ, վնասել են տանիք, դրա վրա տեղադրված ջրատաքացուցիչ։ Դեպքը տեղի է ունեցել Խոզնավար գյուղում։ Կրակոցներն անհասցե են, ուղղված են երկինք, երեւի։ Ձեր հարցին՝ ի՞նչ նպատակ ունի։ Կա՛մ Ադրբեջանի այդ հատվածի զինված ուժերի կարգապահական վիճակը շատ վատ է, կա՛մ կոնկրետ կրակելու հրահանգ են ստանում, կա՛մ էլ՝ այդ երկուսը միասին։ Ես ավելի հակված եմ կարծել, որ հրահանգ կա, նպատակ ունեն ահաբեկել հայ բնակչությանը, լարվածության մեջ պահել, Հայաստանում օրակարգ ձեւավորել։ 

- Իսկ այս սադրանքները կարո՞ղ են պատերազմի հանգեցնել։

- Իհարկե, իրենք նաեւ հաշվարկած կլինեն հետեւյալ սցենարը՝ մեր կողմը պատասխան կրակ բացի, տանի էսկալացիայի։ ՀՀ զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը եւ այնպիսի գործողություններ չեն անի, ինչը կտանի էսկալացիայի։ Ադրբեջանի ուզածն էլ դա է։ 

- Եվ ի՞նչ է անում այս իրավիճակում ՀՀ իշխանությունը։

- Ամեն ինչ անելու ենք գլոբալ համատեքստում, որ խաղաղության պայմանագիրն ի կատար ածվի։

- Եթե միջազգային դիտորդների առկայության պարագայում ադրբեջանական կողմը շարունակի կրակել, ո՞ր երկիրը կարող է Բաքվի գործողությունների համար զսպող օղակ լինել՝ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ պաշտոնական Երեւանը եւ Բաքուն բանակցում են առանց միջնորդների։ 

- Մենք չենք կարող գնահատական տալ կամ ասել, թե ինչ աստիճանի կլինեին սադրանքները, եթե դիտորդները չլինեին։ Ես վստահ եմ, որ լրիվ այլ բովանդակության եւ հաճախականության կլինեին սադրանքները, եթե դիտորդները չլինեին։ 

- Եթե իշխանությունն այդքան կարեւորում է միջազգային դիտորդների դերը, ինչո՞ւ համաձայնեց նրանց սահմանից հետ տանելու Բաքվի պահանջին։ 

- Դիտորդները ոչ թե բացառող, այլ զսպող նշանակություն ունեն։ Ադրբեջանն այսօր կարողանում է նույնիսկ չկատարել ՄԻԵԴ-ի որոշումները։ Ես մեր դիտորդների առաքելությունը կարեւոր եմ համարում, բայց պետք է հաշվի առնենք, որ միայն դիտորդներով ադրբեջանական սադրանքների վերջը տալ չենք կարող։ 

- Կա՞ կոնկրետ հրահանգ կամ որոշում, թե որ դեպքում հայ զինվորը կարող է պատասխան կրակ բացել։ 

- Իհարկե, կա։ ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, սուվերենությանը վտանգ սպառնալու դեպքում բանակն անցնում է իր սահմանադրական պարտականությունների կատարմանը։ 

- Էլ ի՞նչ պիտի լինի, կրակոցները վտանգ չե՞ն։

- Մենք հիմա խաղաղության գործընթաց ենք սկսել, դժվար ենք առաջ գնում, քայլ-քայլ, սակայն այն, ինչ արվում է հիմա, կշռադատված է ու հաշվարկված, որպեսզի ՀՀ պետական շահը եւ այն, ինչին հասել ենք այժմ, չվնասվի․ խաղաղության պայմանագիր, երկկողմանի համաձայնություններ, սահմանազատման գործընթացի սկիզբ։ Սա չի կարելի փլուզել՝ ինչ-որ գործողություններով։ Բանակը, իհարկե, տիրապետում է իրավիճակին, կարծում եմ՝ վաղ թե ուշ կրակոցները դադարելու են։ 

- Ինչո՞վ է պայմանավորված, որ հենց Սյունիքում են կրակում։

- Որտեղ Ադրբեջանի զինված ուժերն են, խնդրահարույց է, այն հատվածներում, որտեղ սահմանապահներն են, խնդիր չենք ունենում։ Մինչեւ զորքը հետ չտարվի, սահմանազատում չարվի, խնդիրներ լինելու են։ Բայց պետք է նաեւ ասեմ, որ Ադրբեջանը չի կարող ահաբեկել Տեղ համայնքի բնակչությանը, սխալ հաշվարկ են արել։ Ամեն դեպքում, մինչեւ զորքերը սահմանից դուրս չգան, մենք միշտ խնդիրներ ենք ունենալու։

- Մարտի վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, որ վերջին երկու խնդրահարույց կետերի շուրջ համաձայնության են եկել, որից հետո Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ի՞նչ խնդիր է առաջացել, որ այսքան ձգձգվում է, ադրբեջանական կողմը նոր պահանջնե՞ր է ներկայացրել։ 

- Ադրբեջանը չի ուզում այդքան արագ խաղաղության պայմանագիր ստորագրել, պարզ չէ՞։ Ի սկզբանե էլ Ադրբեջանը խաղաղության տանող գործընթաց չէր էլ ուզում սկսել, ինչ եղել է, մեր դիվանագիտության, ծանր աշխատանքի արդյունքում է հասել այն կետին, որ կա պայմանագիր, սահմանազատման գործընթաց, երկու պետությունների տարածքային ամբողջականություն։ Շատ ծանր աշխատանք է տարվել, եւ այնպես չէ, որ Ադրբեջանը դրանից շատ ուրախ է։ Եթե քաղաքական կամք ունենային, հենց վաղն էլ կստորագրեին։ Բայց ես խորհուրդ կտամ՝ հենց վաղը ստորագրեն, որովհետեւ խաղաղությունը բխում է նաեւ Ադրբեջանի ժողովրդի շահերից։ Վաղ թե ուշ խաղաղության պայմանագիրը կնքվելու է, լինելու է ռեալ, որի համար կլինեն նաեւ երաշխիքներ։ 

- Իսկ այդ պայմանագիրը կնքելուց հետո կա՞ երաշխիք, որ ադրբեջանական կողմը չի կրակի։ 

- Եթե խաղաղության պայմանագիրը կնքվում է, հաջորդ քայլով ավելի է արագանում սահմանազատման գործընթացը, որի ավարտից հետո ոչ թե տանկերն ու հրետանին են սահմանին կանգնում, այլ՝ սահմանապահները, դրվում են տեսախցիկներ, ինչպես Կիրանցում։ Այս պայմաններում բացառվում է սահմանային անվտանգության այդպիսի վիճակ, խնդիրներ չեն առաջանա։ Հնարավոր է միջադեպեր լինեն, բայց դրանք ահաբեկիչ գործողություններ չեն լինի։ Կարեւորը՝ սահմանին զորք չլինի, լինեն սահմանապահներ։ 

- Իսկ Ադրբեջանն ուզո՞ւմ է Հայաստանի հետ սահմանի այլ հատվածներն էլ սահմանազատել, իրենց ուզած տարածքները Կիրանցում ստանալուց հետո որեւէ այլ հատվածում սահմանազատում չի արվել։ Կանգնել է գործընթացը։

- Չէի ասի, որ կանգնել է, գործընթացում պաուզայի առկայությունը պայմանավորված է խաղաղության պայմանագրի առկայությամբ։ Ճիշտ է՝ այնտեղ կանգնած է, սակայն խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացներն առաջ են գնում։ Այլ տարբերակ չունեն, մենք հիմք չենք տալու նոր էսկալացիաների։ Խաղաղությունն այլընտրանք չունի։

- Գերիների վերադարձի հարցը որեւէ փաստաթղթում ամրագրվա՞ծ է, խաղաղության պայմանագրում չկա։

- Խաղաղության պայմանագրի կնքումից հետո, երբ երկու երկրների միջեւ կհաստատվի խաղաղություն, իհարկե, գերիները պիտի հետ վերադարձվեն։

- Դա՝ բանավոր ըմբռնմամբ՝ Ձեր կարծիքով, իսկ գործնականում ի՞նչ է արվում։

- Խնդիրն այն է, որ Ադրբեջանը մեր ռազմագերիներին չի համարում ռազմագերիներ այլ համարում է հանցագործներ, եւ բեմադրում է միջնադարյան դատավարություններ, որպեսզի հիմնավորի, որ դատում է հանցագործների։ Այս խայտառակությունն էլ վերջ ունի, կարծում եմ՝ միջազգային կազմակերպությունների, այլ երկրների հետ մեր ունեցած գործիքակազմով հնարավոր կլինի վերադարձնել նրանց։

- Բա ինչո՞ւ հիմա չեք վերադարձնում։ Եվ ինչո՞ւ հայկական կողմը չի պնդել, որ խաղաղության պայմանագրում ամրագրվի գերիների վերադարձի հարցը։

- Հայկական կողմն ամեն օր էլ շատ մեծ աշխատանք է տանում, չենք լուսաբանում, որովհետեւ կարող է վնասել գերիներին, սենց խնդիր ունենք։ 

- Դուք խոսում եք խաղաղության պայմանագրի մասին, սակայն, այս գործընթացին զուգահեռ, ադրբեջանական կողմը պաշտոնական մակարդակով «Զանգեզուրի միջանցք» է ուզում։ Եթե այս խոսույթը դեռ առկա է Ադրբեջանում, ի՞նչ է նշանակում՝ հակվա՞ծ են կնքել խաղաղության պայմանագիր, թե՞ ամեն անգամ նոր պահանջներ են առաջ քաշելու։ Անգամ պահանջում էին դատել արցախյան պատերազմների մասնակիցներին, ինչին, ի դեպ, իշխանությունը չի պատասխանել։ 

- Այո, կա այս խոսույթը։ Ադրբեջանի նախագահի ասածներն ինչո՞ւ եք կրկնում, Ադրբեջանն ամեն օր կարող է մի բան ուզել։ Մաքսիմում, ինչ կարողացել ենք պայմանավորվել, պայմանագրի շուրջ է, որը երկուստեք է, փոխադարձ։ Չկա միակողմանի որեւէ բան, քննարկված է ամեն բան, Ադրբեջանի հետ չկա այլեւս որեւէ նոր բան քննարկելու։ Սա պիտի ստորագրվի։

- Կա՞ որոշում, թե որ երկրում է ստորագրվելու խաղաղության պայմանագիրը։

- Իհարկե՝ ոչ։ Երբ Բաքվի քաղաքական ղեկավարության կողմից կլինի այն ստորագրելու կամք, հաջորդ քննարկման հարցը ստորագրման տեղը կլինի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image