Հասարակություն

Փոքրիկ դասընթաց «Իմ քայլը» հիմնադրամի համար

Փոքրիկ դասընթաց «Իմ քայլը» հիմնադրամի համար

Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի, արցախյան երկրորդ պատերազմից հետո հրապարակախոսական հոդվածներով հանդես եմ գալիս «Հրապարակ»-ում, սակայն ինձ երբեք թույլ չեմ տվել անհարգալից վերաբերմունք դրսեւորել նույնիսկ իշխանամերձ լրատվականների նկատմամբ, չնայած նրանց հանդեպ ունեցածս բացասական վերաբերմունքին, որովհետեւ հարգանք ունեմ բավական դժվար այս մասնագիտության տեր անձանց նկատմամբ:
Երեւում է, որ ողջ գիտակից կյանքը որպես լրագրող աշխատած տիկինը (խոսքը վարչապետի աթոռից կառչած անձի կնոջ՝ Հակոբյան Աննայի մասին է) չունի այդ գիտակցությունը: Ինչպես, ի դեպ, չունի նաեւ իր ամուսինը, որն աշխատանքային գործունեությունը սկսել է որպես լրագրող:

Ակնհայտ է, որ ամուսինների մոտ դա հոգեբանական երեւույթ է եւ վկայում է տարիների սեփական աշխատանքի նկատմամբ հարգանքի իսպառ բացակայության մասին: Այն էլ՝ այնպիսի բնագավառի, որը, իմ կարծիքով, ավելի առաջավոր բնագիծ է, քան մյուս աշխատանքային ոլորտները: Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի լրագրողական հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է: Իսկ կայքը հետաքրքրվել էր, թե վարչապետի կնոջ եւ դստեր` Իտալիա կատարած այցի վրա որքան գումար է ծախսվել, ինչքան մարդ է ուղեկցել նրանց: Վարչապետի աշխատակազմն առաջարկել է հարցապնդումը վերահասցեագրել «Իմ քայլը» հիմնադրամին: Հիմնադրամից էլ առաջարկել են մասնակցել իրենց վերապատրաստման դասընթացներին, որպեսզի իմանան, թե որ կառույցին ինչ հարց կարելի է ուղղել:

Փորձեմ մի կարճ դասընթաց անցկացնել վարչապետի եւ հիմնադրամի աշխատակազմերի համար: Նախ, անվտանգության աշխատակիցների հարցը վերաբերում է վարչապետի աշխատակազմին եւ ոչ թե հիմնադրամին, որովհետեւ ՊՊԾ աշխատակիցները, որոնք ուղեկցում են վարչապետին ու նրա ընտանիքի անդամներին, ստանում են պետական աշխատավարձ, ենթարկվում են ուղիղ վարչապետին: Ինչ վերաբերում է Հիմնադրամի ընթացիկ ծախսերի հրապարակայնացմանը, ապա դա կարգավորվում է «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով, ըստ որի՝ այդ կառույցները տարին մեկ անգամ հրապարակում են իրենց գործունեության հաշվետվությունը, այդ թվում՝ ֆինանսական: Բայց «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում այդ օրենքում 2018-ից հետո մի աննշան փոփոխություն են արել, որով թույլատրել են հիմնադրամներին թաքցնել իրենց ֆինանսական եկամուտները եւ նվազեցրել են թափանցիկությունը: Բայց դա իշխող կուսակցության կողմից ստեղծված կառույց է, ղեկավարվում է վարչապետի կնոջ կողմից եւ նվիրատվություններ է ստանում, որոնք չէր ստանա, եթե այդ հանգամանքները բացակայեին: Ուստի հայաստանյան հանրությունն իրավունք ունի շատ ավելին իմանալ այդ հիմնադրամի գործունեության մասին, քան պահանջվում է համապատասխան օրենքով: Եվ այդ առումով էլ հիմնադրամի ղեկավարությունը ոչ թե պետք է իրեն ուսուցչի տեղ դներ, այլ ըստ էության պատասխաներ լրատվականի հարցին: Եվ ողջ կյանքը լրագրող աշխատած տիկինը պետք է այս տարրական բաները հասկանար: Panorama.am-ին առաջարկում եմ քարոզարշավ սկսել՝ հիմնադրամի ընթացիկ ծախսերը թափանցիկ դարձնելու պահանջով
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image