Քաղաքականություն

«Հրապարակ». Ի՞նչ կապ ունի ղազախական ուրանը Զանգեզուրի միջանցքի հետ

«Հրապարակ». Ի՞նչ կապ ունի ղազախական ուրանը Զանգեզուրի միջանցքի հետ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը շուտով կհանգուցալուծվի՝ Սպիտակ տանը, հուլիսի 14-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահը: Հիշեցնենք, որ մինչ Աբու Դաբիում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, ադրբեջանական կայքերը գրում էին, որ այս ամենի հետեւում հենց ԱՄՆ-ն է կանգնած` որպես միջնորդ, սակայն, հաշվի առնելով, որ հարցը բավականին զգայուն է, գերադասել են կուլիսներից գործել, չհանրայնացնել, խոսել բուն գործարքի ավարտից հետո:

Պատահական չէր նաեւ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հայտարարությունը, որ ամերիկյան մասնավոր մի ընկերություն պատրաստ է ստանձնել Զանգեզուրի միջանցքի պահպանությունը: Հայտարարություն տարածեց նաեւ Ադրբեջանի ԱԳՆ-ն. «Եթե այս մոդելը պահպանվի, եւ կողմերի միջեւ ուղիղ երկխոսությունը շարունակվի, դա կնպաստի ոչ միայն երկու երկրների միջեւ, այլեւ ամբողջ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանը»։ Նաեւ` որքան շուտ Հայաստանն ընդունի Ադրբեջանի առաջարկները, այնքան շուտ հնարավոր կլինի տարածաշրջանում «նոր փուլ» բացել` «կայունություն եւ համագործակցություն» հաստատել:

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, անդրադառնալով այս զարգացումներին, ասաց. «Խրոնոլոգիայով փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրականում: Այս ամեն ինչում գլխավոր շահառուն Միացյալ Նահանգներն է, որին օդի ու ջրի պես պետք է Հայաստան-Իրան սահմանը: Իսրայել-Իրան վերջին պատերազմից հետո շատ ավելի թեժացավ այս թեման, բայց որպեսզի ԱՄՆ-ն չկորցնի համաշխարհային հանրության աչքերում բարի քեռու կերպարը, եւ նրան չմեղադրեն բռնությամբ միջանցք վերցնելու մեջ, առաջ է բերում եվրոպացիներին եւ նրանց միջոցով է փորձում այս հարցը լուծել: Մասնավորապես, Ֆրանսիային է պետք այս միջանցքը, եւ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը գնում է Ֆրանսիա: Ֆրանսիային անհրաժեշտ է, որ ղազախական ուրանը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքով, Թուրքիայով տեղափոխեն Ֆրանսիա, որ Ֆրանսիայի ատոմակայաններն աշխատեն, քանի որ Ֆրանսիան զրկվել է աֆրիկյան գաղութներից, որտեղից ուրան էին ստանում՝ Մալի եւ այլն»:

Որպեսզի բացառվի երրորդ կողմի` Իրանի եւ Ռուսաստանի հնարավոր միջնորդությունը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման բանակցություններում, հայտարարում են, որ ոչ մի միջնորդի չեն ընդունելու` բանակցությունները երկկողմանի պիտի լինեն, սակայն դա ձեւական հայտարարություն է, ինչպես նկատում է միջազգայնագետը: «Միացյալ Նահանգներն արդեն հանձնարարել է Մակրոնին՝ այնպես անել, որ ինչ պահանջ Ադրբեջանը դնի Հայաստանի առջեւ, Հայաստանը միանձնյա ընդունի: Սակայն Ադրբեջանը դա կներկայացնի որպես երկկողմ բանակցություն՝ առանց միջնորդների: Առանց միջնորդի՝ իրենք նկատի ունեն առանց ՌԴ-ի եւ Իրանի: Եվ բարեկամի քողի տակ Միացյալ Նահանգները ցանկանում է վերցնել այդ միջանցքը: Դրա համար նրանք գնացին Միացյալ Արաբական Էմիրություններ, որը համարվում է ԱՄՆ դաշնակիցներից մեկը: Այդ հանդիպումը չկազմակերպեցին Բրյուսելում, Փարիզում կամ Պրահայում, որպեսզի հանկարծ Եվրոպական Միությանը չմեղադրեն պրոադրբեջանական դիրքորոշման եւ միակողմանի հարցը լուծելու ցանկության մեջ: Կազմակերպեցին իրենց կարծիքով չեզոք, բայց մեզ համար հասկանալի է, թե ինչու հենց Միացյալ Էմիրություններում: Կարող էին դա Թել Ավիվում էլ կազմակերպել․ մեծ հաշվով, տարբերություն չկա։ Միացյալ Նահանգներից եկող ազդակներն ուղղվեցին առաջին հերթին Ֆրանսիա, որովհետեւ Ֆրանսիան հայ ժողովրդի աչքերում, չգիտես ինչու, շարունակում է մնալ իբրեւ բարեկամ պետություն, եւ Մակրոնը հայ ժողովրդի աչքում շարունակում է մնալ իբրեւ մեծագույն բարեկամ, մինչդեռ հայ-ֆրանսիական հարաբերություններին ոչ մի նախագահ Մակրոնի չափ չի վնասել: Նույն Մակրոնը ֆրանսիական արբանյակները համաձայնեց 2020 թ. հուլիսին վաճառել Ադրբեջանին, իբր Ապշերոնյան թերակղզու շուրջ նավթահանքերը վերահսկելու, իսկ իրականում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ դրանցով բայրաքթարները կառավարելու համար: Սա է Ֆրանսիան, եւ սա է պետք իմանալ ներկա հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին»,- նկատեց միջազգայնագետը:

Նա կարծում է, որ Թրամփի կողմից 3 գործողությամբ տրագիկոմեդիա է բեմադրվում, եւ նա այնպես է անում, որ Ֆրանսիան էլ կարողանա մի բան պոկել, եւ դրանից օգտվեն թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը եւ թե՛, իհարկե, Միացյալ Նահանգները: «Կան նաեւ միջանկյալ երկրներ, որոնք, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի շահառու են: Մենք մոռանում ենք Իսրայելի արտգործնախարարի՝ 3 տարի առաջ արված հայտարարությունը Ստամբուլում, որ իրենք Զանգեզուրի միջանցքի շահառու են եւ ամեն ինչ անելու են, որպեսզի Ռուսաստանը եւ Իրանը դուրս մղվեն տարածաշրջանից: Սրանից հետո մեղադրել Իրանին եւ Ռուսաստանին՝ իբրեւ թե Զանգեզուրի միջանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ցանկության մեջ, առնվազագույնն անբարոյականություն է: Բայց, չգիտես ինչու, Հայաստանի փորձագիտական, իրականում` փորձանքագիտական շրջանակներն անտեսում են Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, թե իրենք ցանկանում են վարձակալել Հայաստանի Հանրապետության տարածքը: Ստացվում է, որ նոյեմբերի 9-ի արձանագրությամբ Ռուսաստանի կողմից երկու սահմանակետ կամ հենակետ տեղադրելու ցանկությունը ներկայացվեց իբրեւ մեր հանրապետության սուվերենության դեմ արված քայլ, բայց ԱՄՆ դեսպանի՝ ՀՀ տարածքը վարձակալելու հայտարարությունը ոչ մի արձագանք չի ստանում ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության կողմից: Սա նվազագույնը տարօրինակ է, նվազագույնը անբարոյականություն է, ու այս մասին պետք է խոսել»,- շեշտեց միջազգայնագետը:

Ինչ վերաբերում է «արտապատվիրակում» կամ oursourcing արտահայտությանը, ապա ՀՀ փոխարտգործնախարարը վերահաստատեց Սահակաշվիլու հայտարարությունը: Նա կա՛մ միամտորեն, կա՛մ միտումնավոր բացեց այդ գաղտնիքը, թե իրականում ինչի շուրջ են ընթանում բանակցությունները` ինչ-որ ամերիկյան ՍՊԸ-ին Հայաստանում մուտքուելք տալու արտոնության շուրջ: «Սա հատկապես անդրադառնալու է Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, որովհետեւ Իրանին կետային հարվածներ հասցնելու գործում, ես վստահ եմ, իրենց մեծագույն ավանդն են ունեցել Եղեգնաձորում տեղակայված դիտորդները, որոնք հատուկ սարքերով տեսա եւ լուսանկարահանել են Իրանի՝ Հայաստանի սահմանամերձ տարածքները: Պատահական չէր Եղեգնաձորում նրանց հենակետը տեղադրելը... գլոբալ առումով մենք մտանք մեղվի փեթակի մեջ, մենք ինքնակամ Հայաստանը համաշխարհային աշխարհաքաղաքական բախումների սեղանին դրեցինք, որից միակ տուժող կողմը լինելու են Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդը»,- եզրափակեց Գրիգոր Բալասանյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image