Եվրամիության հովանու ներքո Փաշինյան-Ալիեւ տապալված հանդիպումներից տեւական ժամանակ անց էլ Արեւմուտքը չի կարողանում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին բանակցային սեղանի շուրջ բերել։ Հստակ չէ՝ նոր հանդիպման համար պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է, թե՞ ոչ։ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն օրերս Եվրամիության մայրաքաղաքում ասել էր, թե Հայաստանը պատրաստ է Բրյուսելի առաջարկած ձեւաչափով հանդիպել։ Պաշտոնական Բաքուն չի արձագանքում նոր հանդիպման առաջարկներին։ Անհեթեթ պատճառաբանություններով Գրանադա եւ Բրյուսել չմեկնած Ալիեւը, ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի, հայկական կողմի առաջ պայմաններ է դրել, ու քանի դեռ դրանք չեն կատարվել, սայլը տեղից չի շարժվելու։ Բաքվի բռնապետը պահանջում է հանձնել Հայաստանից 8 գյուղ, հայտարարում է, որ խաղաղության հասնելու նախապայմաններից մյուսը 130 հազար ադրբեջանցի «փախստականների» վերադարձն է Հայաստան։ Դանիելյանի խոսքով, Ալիեւի նպատակն է՝ իր ժողովրդին բերել եւ բնակեցնել այն վայրերում, որտեղ ադրբեջանցիներ են ապրել, դրանք են՝ Վարդենիսը, Տավուշը, Երեւանը, Մասիսը։
«Ալիեւն ասում է՝ պիտի տան, եթե չտան, զենքով կվերցնենք կամ կմտնենք ոտքով, մեքենաներով, ամեն ինչը մեզնով կանենք։ 8 գյուղերը, այսպես կոչված, անկլավներն են, որ Ալիեւը բոլոր հարթակներում ասում է, թե իրեն են պատկանում։ Պահանջում է տալ այդ գյուղերը, հետո վերաբնակեցնել ադրբեջանցիներին բոլոր այն վայրերում, որտեղ ապրել են ԽՍՀՄ ժամանակ։ Ալիեւն ամեն անգամ նոր զիջումներ կորզելուց առաջ հայտարարում է, թե գնդակը Հայաստանի դաշտում է, ու նոր պահանջներ է դնում մեր երկրի առաջ։ Այդ պահանջներով պայմանավորված՝ որոշում է խոսել Փաշինյանի հետ այն ժամանակ, երբ նա կկատարի իր ցանկությունները»,- ասաց պատգամավորը։
Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիան եւ զավթողական քաղաքականությունը կանխելու համար ստեղծված սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովներն ապրիլին Տեղ գյուղում տեղի ունեցած զինված բախումներից հետո այլեւս չեն հանդիպել։ Կես տարուց ավելի է՝ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանագծման հարցերով զբաղվող հանձնաժողովները հայ-ադրբեջանական սահմանը զատելու եւ գծելու աշխատանք չեն կատարում։ Գառիկ Դանիելյանի խոսքով՝ այս հանգամանքն էլ է փաստում, որ Ալիեւը պարտադրում է Փաշինյանին՝ կատարել իր պահանջները, որից հետո միայն կգնա բանակցությունների։
«Ադրբեջանական կողմը երբեք չի հայտարարել Հայաստանի 29․800 քառակուսի կիլոմետրի ճանաչման մասին։ Երբ հարցնում ենք իշխանություններին՝ բանակցությունների ժամանակ ինչո՞ւ չեք առաջնորդվում 1920-1930-ական թվականների քարտեզներով, Միրզոյանն ասում է՝ Ալիեւը սկի 1970-ականների քարտեզներին համաձայն չէ»,- ասաց նա։ Տավուշի մարզից ընտրված պատգամավորը, անդրադառնալով, այսպես կոչված, անկլավների թեմային, նշեց, որ շոշափվում է Խորհրդային Միության ժամանակ Տավուշում ադրբեջանցիներով բնակեցված Բարխուդարլու եւ Սոֆուլու գյուղերի հարցը։ Դրանք Ազատամուտ համայնքի տարածքում են, դեպի Ղազախ տանող ճանապարհին։ Այդ ճանապարհի շարունակությունը աջ թեքվելով՝ գնում է դեպի Բերդ։ Հաջորդ պայմանական գյուղախումբը՝ Վերին եւ Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում, Խեյրիմլի գյուղախմբերն են, որոնք Հայաստան-Վրաստան տանող ճանապարհին են։ Ըստ Ադրբեջանի նշած կոորդինատների՝ այստեղ 7 կետով հատվում է միջպետական ճանապարհը։ Սա նշանակում է, որ եթե այս գյուղերը հայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ, հայ-վրացական միջպետական ճանապարհը կհայտնվի ադրբեջանցիների ձեռքում՝ նշեց Դանիելյանը։
Պատգամավորն ընդգծում է՝ Հայաստան մտնող գազամուղը նույնպես այդ ճանապարհով է անցնում։ Ըստ նրա՝ Վերին Ոսկեպարն ադրբեջանցիներին հանձնելու դեպքում, փաստորեն, սահմանամերձ է դառնում նաեւ Լոռու մարզը։ «Վերին Ոսկեպարին սահմանակից են Թեղուտի անտառները եւ հանքը։ Վտանգի տակ է դրվում նաեւ Տավուշի պաշտպանական համակարգը։ 30 տարուց ավելի Տավուշի համար հզոր պաշտպանական համակարգ է ստեղծվել, դա ամբողջությամբ կազմաքանդվում է։ Այս տարիների ընթացքում ադրբեջանցիները բազմիցս հարձակումներ են գործել եւ չեն կարողացել ճեղքել պաշտպանական գիծը։ Այդ ենթադրյալ անկլավները հանձնելու դեպքում նոր բնագծեր ու սահմաններ են առաջանալու, ադրբեջանցիները գալու են կանգնեն ճանապարհների, ստրատեգիական դիրքերի վրա՝ փորձելով իրենց գերիշխող դիրքն ամրապնդել ու ահաբեկել տեղի բնակչությանը»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության երեք հիմնական սկզբունքներն արդեն համաձայնեցված են։ Ըստ այդ կետերի՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը` ՀՀ-ի 29 հազար 800 եւ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը: Կողմերը համաձայնում են դելիմիտացիա իրականացնել Ալմաթիի հռչակագրի հիման վրա (ԽՍՀՄ ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցած սահմաններով), բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները՝ կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա, եւ կոմունիկացիաները գործում են փոխադարձության եւ հավասարության հիմունքներով։