Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում մի քանի ժամ փակի տակ պահելուց հետո բլոգեր Արամ Ավետիսյանին երեկ ազատ են արձակել:
Զննել են նրա հեռախոսները, տարաբնույթ հարցեր տվել, փորձել են մուտք գործել նրա յութուբյան օգտահաշիվ, թարգմանչի օգնությամբ ուսումնասիրել են հեռախոսի տվյալները: Գործողությունները կատարվել են ստացված բողոքի հիման վրա։
Բողոքը վերաբերում է եթերում հնչեցրած արտահայտությանը, մասնավորապես, Արամ Ավետիսյանը հայտարարել էր, թե «փախած գեներալի սեռը փոխելու եմ Մոսկվայում»։ Իր էջում գրել էր նաեւ, որ նկարահանող խմբի հետ է մեկնում Մոսկվա՝ նոր բացահայտումներ անելու եւ ոմանց բերելու է գցի Սովետաշենի աղբավայրը, բայց չէր հստակեցրել, թե ում մասին է խոսքը:
Ավետիսյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին «Հրապարակը» մի քանի հարց է ուղղել:
- Պարոն Սիրունյան, հստակեցրիք, թե ինչո՞ւ էին ՌԴ-ում իրավապահները ոստիկանական բաժին տարել Արամ Ավետիսյանին օդանավակայանից:
- Երբ տեղեկությունը տարածվեց, ես նրան գրեցի, հարցրեցի` ի՞նչ վիճակ է, նա ինձ ասաց, որ արդեն դուրսն է, ամեն ինչ նորմալ է: Ես հստակ չգիտեմ, թե ինչու էին նրան բաժին տարել, սակայն կփորձեմ հստակ ճշտել:
- Ե՞րբ եք խոսել վերջին անգամ:
- Երեկ երեկոյան ենք խոսեց, ասաց, որ ազատության մեջ է և ամեն ինչ կարգին է:
- Նա հաճախ սպառնում է համացանցում, հայհոյում տարբեր մարդկանց, գուցե հենց դրա համա՞ր էին Ռուսաստանում տարել բաժին:
- Դա իր բնավորությունն է, ինքը լավ է անում, որ նման բաներ է ասում:
- Ռուսաստանի նման պետությունում ինչպե՞ս էր ցանկանում ինչ-որ մարդկանց «սեռը փոխել», կամ բերել նրանց Սովետաշենի աղբավայր….
- Չգիտեմ էդ մեկը: Բայց այն, ինչ նա անում է հրապարակային, ինձ դուր է գալիս... Էս ա 8 տարին կլրանա, ինչի՞ ոչ մեկը նստած չի: Ութ տարի է այդ մասին ենք խոսում:
- Ո՞ւմ նկատի ունեք` նախկին իշխանության ներկայացուցիչների՞ն:
- Ինչ-որ մեկը նախկիններից, անկախ նրանից իշխանավոր է, թե չիշխանավոր, նստա՞ծ է:
- Նախորդ շաբաթ Գալուստ Սահակյանի որդուն` Արման Սահակյանին կալանքի էին տանում` հոր ծննդյան օրը:
- Հետո ի՞նչ, լավ…. ես մի հատ բան ասեմ` հետագայում այ այսպիսի գործերի հետ կապված: Այն ժամանակ էլ էր օրենքը այդպես, հիմա էլ է այդպես: Երբ դու տանում ես մարդուն կալանքի, կամ մեղադրում ես ընդամենը` Պետական գույքի կառավարման վարչության պետին, ապա պետք է մի շատ կարևոր հանգամանք հաշվի առնել` այդ մարդը Կառավարության որոշում կատարող է եղել: Նա օրենքով էլ, ի պաշտոնե էլ չկա այդքան, որ կարողանա ինչ-որ բաներ անել: Արման Սահակյանը բացարձակ իմ աչքի լույսը չի, բայց ո՞վ է նրան հանձնարարություններ տվողը եղել, ո՞վ է Կառավարության որոշումներ կատարողը: Էդ մարդը զուտ գրասենյակի պետ է եղել, ընդ որում, տանում ես մարդուն ձերբակալման, կալանավորման` Դավթյան Հայկին, բայց նրա իրական հովանավորի անունն անգամ չես տալիս, օրինակ` Հովիկ Հովսեփյանի անունը: Այ սա է Գլխավոր դատախազը, շուտով նա տարեկան զեկույց կտա, բայց ամենավատ այն է, որ ընդդիմադիր պատգամավորներն այս հարցերը չեն բարձրացնում: