Մշակույթ

Հայկական կինոյի տարեգիրը

Հայկական կինոյի տարեգիրը

Կինոարվեստի ի հայտ գալուց անմիջապես հետո սկսվեցին դրա իմաստավորման փորձերը, ու ստեղծվեց կինոքննադատությունը` որպես ժանր։ Կինոն ներկայում վերածվել է ահռելի մի արդյունաբերության։ Եվ տեքստը, չնայած ժամանակակից տեխնոլոգիական եւ վիզուալ պատկերավորման միջոցների ահռելի հնարավորություններին, շարունակում է ամենից կարեւոր դերակատարումն ունենալ կինոյում։ Ենթագրերից մինչեւ սցենար եւ կինոքննադատություն կամ կինովերլուծական միտք՝ հիմնված են տեքստի վրա եւ թույլ են տալիս տեսնելու կինոարտադրանքի նոր հեռանկարներն ու նվաճած «բնագծերը»։

Հայկական կինոյի լավագույն գիտակներից մեկը, որի գործերով կարելի է ուսումնասիրել հայկական կինոն, Կարեն Քալանթարն է։ Նա իր ուսումնասիրությունները նվիրել է հայկական կինոարվեստին, մասնավորապես՝ դերասան-ռեժիսոր աշխատանքին։ Միայն մեկ տասնամյակում ավելի քան 7 տասնյակ հոդվածներ է նվիրել հայկական կինոյին։ Նրա գլխավոր աշխատանքը, սակայն, շարունակում է մնալ «Ակնարկներ հայ կինոյի պատմության» երկհատորյակը, որում Քալանթարը ներկայացնում է հայկական ազգային կինոյի պատմությունը՝ ձեւավորումից մինչեւ «պերեստրոյկայի ժամանակներ», երբ զգալի փոփոխություն է սկսել կրել նաեւ կինոլեզուն։

Մասնագիտական գործունեությունը Քալանթարը սկսել է որպես լրագրող՝ աշխատելով որպես «Կոմունիստ» թերթի խմբագրի տեղակալ, ինչպես նաեւ՝ «Լիտերատուրնայա գազետա»-ի Հայաստանի հատուկ թղթակից։ Սակայն նրա մասնագիտական կյանքի համար կոչում դարձավ կինոն։ Եղել է ոչ միայն տեսական հետազոտող, այլ նաեւ՝ կինոյի զարգացման ակտիվ մասնակից։ Եղել է «Հայ կինոյի» հատուկ սցենարա-խմբագրական կոլեգիայի գլխավոր խմբագիրը, 1976-87 թվականներին գլխավորել է Հայաստանի կինոգործիչների միությունը, միաժամանակ եղել է ԽՍՀՄ կինոգործիչների միության վարչության քարտուղարը։ Զբաղեցրել է նաեւ այլ կարեւոր պաշտոններ՝ կինոյի ոլորտը կարգավորող պետական մարմիններում։ Նրա ժառանգության մեջ հատուկ նշանակություն ունեն Համո Բեկնազարյանին, Հենրիկ Մալյանին, Արման Մանարյանին, Սերգեյ Փարաջանովին նվիրված մենագրությունները։ Դրանք միայն կենսագրական ակնարկներ չեն, այլ, ինչպես մասնագետներն են նշում՝ խորը ուսումնասիրություններ այդ վարպետների ժառանգության եւ ստեղծագործական մեթոդիկայի, որով հնարավոր է դառնում հասկանալ հայկական կինոյի պատմական զարգացումն ու նրա զբաղեցրած տեղը համաշխարհային կինոյում։ Ի դեպ, նրա ժառանգության հրատարակության հարցում մեծ նշանակություն է ունեցել կնոջ՝ Մարգարիտա Ռուխկյանի ունեցած դերակատարումը։ Ռուխկյանի ջանքերով է, որ Քալանթարի կինո-պատմագիտական գլխավոր աշխատությունը հրատարակվել է 2004 թվականին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image