Նիկոլ Փաշինյանի ստամբուլյան ձախողված այցից կարճ ժամանակ անց, Հայաստանում ռեպրեսիաների նոր ալիքի մեկնարկին զուգահեռ, տեղեկություն տարածվեց, որ հուլիսի վերջին Դուբայում Ալիեւ-Փաշինյան հանդիպում է նախատեսված: Տեղեկության աղբյուրը, իհարկե, պաշտոնական Երեւանը չէ, ինչպես միշտ, հայ հասարակությունն այս մասին իմացավ այլ աղբյուրից, այս դեպքում՝ Middle East Eye բրիտանական հարթակից:
Դատելով Երեւանի, Բաքվի ու Անկարայի խոսույթներից ու կրկին մամուլում տեղ գտած ինֆորմացիայից՝ կարելի է ենթադրել, թե ինչ հարցեր կլինեն այդ հանդիպման օրակարգում: Նախ, Փաշինյանը Ստամբուլում բաց տեքստով խոստացավ Թուրանի ճանապարհը բացել: Նրա այս հայտարարության ֆոնին, Քարնեգի հիմնադրամը հոդված հրապարակեց այն մասին, թե ԱՄՆ նախագահի վարչակազմը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։ Նախօրեին էլ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը փաստացի չհերքեց տեղեկությունը՝ ասելով. «Միջազգային տարբեր գործընկերներ եւս պարբերաբար իրենց գաղափարներն են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում` 2 երկրների միջեւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ»:
Ամերիկյան առաջարկը, ըստ Քարնեգի հիմնադրամի, կրկնում է 2008 թ. պատերազմից հետո Ռուսաստանի եւ Վրաստանի կողմից ստեղծված նախադեպի հիման վրա ԵՄ առաջարկը՝ տրանսպորտային ուղիների կառավարումը հանձնել անկախ օտարերկրյա ընկերության, բայց հիմնված է ամերիկյան տրամաբանության վրա՝ երաշխավորել համաձայնագրի կայունությունը ամերիկյան բիզնեսի անմիջական մասնակցության միջոցով, ինչպես տեղի է ունեցել, օրինակ, Ուկրաինայում հազվագյուտ մետաղների վերաբերյալ գործարքում։ Իրենց հերթին թուրքական եւ ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը պայմանավորվել են, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի նկատմամբ Ռուսաստանը հսկողություն չի ունենա։
Դատելով այս տեղեկություններից՝ հիմք կա ենթադրելու, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում միջանցքի հարցն առաջնային տեղ ունի: Բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանն արձանագրում է՝ ամեն ինչ հասարակությունից գաղտնի է իրականացվում, չնայած թափանցիկության մասին խոստումներին: Մեր զրուցակիցը նկատում է․ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցը որեւէ արդյունք չտվեց, քանի որ առանց Բաքվի հետ համաձայնեցնելու, Էրդողանը որեւէ քայլ չի անելու, ուստի, կարող ենք ենթադրել, որ Էրդողանը հանձնարարություններ է տվել Փաշինյանին, ու մինչեւ այդ հարցերը նա չկարգավորի, որեւէ տեղաշարժ չի լինի:
«Հասկանալի է, որ այս իրավիճակում Փաշինյանը պետք է քայլ անի դեպի Ադրբեջան կամ զեկուցի, թե ինչ քայլեր է իրականացրել, զեկուցի քայլերի արդյունքները, որպեսզի տեղից շարժվի, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, ինչը շատ կարեւոր է Փաշինյանի համար: Նա Հայաստանի բնակչությանը վաճառելու է ապագա, որտեղ իբրեւ թե լինելու է խաղաղություն, համագործակցություն, եւ բոլորը լավ են ապրելու: Քանի որ հիմա Ադրբեջան-ՌԴ հարաբերությունները լուրջ լարվել են, չեմ բացառում, որ քննարկվի նաեւ հարցը, թե այստեղ ինչ համատեղ գործողությունների հնարավորություններ ունեն կողմերը»,- ասում է Մարտիրոսյանը:
Նա հավանական է համարում, որ այժմ քննարկվում է հենց Քարնեգի հիմնադրամի միջոցով արտահոսած առաջարկը, որտեղ, ի դեպ, խոսք է գնում Հայաստանի վրա ճնշում գործադրելու մասին, որ վերջինս համաձայնի ամերիկյան մոդելին՝ հրաժարվելով տվյալ երթուղու հայկական հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողության պահանջից: «Իմանալով Թրամփի մոտեցումներն ընդհանրապես՝ կարելի է ասել, որ եթե նա պետք է կողմերին համաձայնության բերի, ապա իրեն ավելի հարմար է աշխատել թույլ կողմի հետ, այս դեպքում՝ հայկական կողմի, որովհետեւ հայկական կողմի վրա կարելի է բոլոր կողմերից ճնշում գործադրել, բայց ես չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը կհամաձայնի միայն ամերիկյան ներկայությամբ մասնավոր ընկերության տարբերակին: Ալիեւն արդեն հնչեցրել է, որ այնտեղ պետք է լինի այնպիսի խումբ, որին վստահում են ադրբեջանական ու թուրքական կողմերը: Թրամփը կարող է փորձել դա ներկայացնել այնպես, որ ավարտին է հասցնում հակամարտությունը, բայց իրականում ադրբեջանական կողմի համար դա նոր խաղի սկիզբ է լինելու»,- ասում է բանակցային գործի մասնագետը:
Միեւնույն ժամանակ ընդգծում է՝ Թրամփի առաջարկի հաջողությունը կախված է նրանից, թե արդյո՞ք ռուսական կամ իրանական կողմերը գիտեն այդ տարբերակի մասին ու անտարբեր են: «Ես միանշանակ կարող եմ ասել՝ եթե նույնիսկ Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան համաձայնեն, շատ դժվար է լինելու համագործակցել այլ խաղացողների հետ: Թրամփի ցանկությունը հասկանալի է՝ հանդես գալ որպես խաղաղարար՝ Իրան-Իսրայել, Ռուսաստան-Ուկրաինա, Պակիստան-Հնդկաստան…Բայց, բացառությամբ Պակիստանի եւ Հնդկաստանի, նա ոչ մի տեղ մեծ հաջողության չի հասել»:
Արթուր Մարտիրոսյանի խոսքով, Փաշինյան-Ալիեւ առաջիկա հնարավոր հանդիպման օրակարգն ավելի լայն է լինելու, քան միայն միջանցքի հարցը, որը որոշակի դադարից հետո կրկին օրակարգ է բերվել: Եվ դժվար է ասել, թե որ հարցերն են լինելու առաջնային: Իսկ միջանցքի հարցն օրակարգ բերելը մեր զրուցակիցը բացատրում է նրանով, որ կողմերը, հավանաբար, համոզված են, որ Իրանն այնքան է թուլացել, որ այս փուլում չի կարող խանգարել: Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով ռուս-ադրբեջանական լարվածությունը, ըստ նրա, կարող ենք ենթադրել, որ Բաքվին թվում է՝ ինքն այնքան է բավարարել բոլոր այն շահերը, որոնք պետք էր բավարարել` Ռուսաստանի հետ համագործակցելով, եւ Ռուսաստանն իսկապես լծակ չունի՝ Բաքվին կարգի հրավիրելու համար:
«2 տարբերակն էլ կարող է հետեւանքներ ունենալ, եւ հիմա, փաստորեն, ստացվում է, որ Փաշինյանը գտել է նոր ռեգիոնալ գործընկեր, որն Ալիեւն է»,- ասում է Մարտիրոսյանը: Հայաստանի ներսում ընթացող զարգացումները եւս, այդ թվում՝ ՀԷՑ-ի շուրջ, նույն համատեքստում է նա դիտարկում: Թե ինչ հետեւանք կունենա սա Հայաստանի էներգետիկ անվտանգության համար, ըստ մեր զրուցակցի, ակնհայտ է: «Փաշինյանը 2026-ին, իր ասած՝ վերընտրվելու խնդիր ունի եւ ցանկանում է կրկնել 2021-ի «հաջողությունը», ինչի համար նրան պետք է խաղաղություն, որի գինը լինելու է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը: Սա բազմավեկտոր խաղ է՝ նա մի կողմից հարվածում է իրեն հակադրված ուժերին, մյուս կողմից բավարարում է դրսի ուժերի ցանկությունը, որն իրեն քարտ բլանշ է տալիս: Ես նկատի ունեմ ժողովրդավարության հետ կապված գնահատականները, այն դեպքում, երբ ժողովրդավարության մասին խոսք չկա: Փաշինյանն ուզում է դրսից երաշխիքներ ստանալ, որի գինը տնտեսական առումով շատ ծանր է լինելու: Օրինակ, եթե Ռուսաստանը բարձրացնելու է գազի գինը, Փաշինյանը պետք է ունենա այլընտրանք, իսկ այդ այլընտրանքն Ալիեւն է, որն ադրբեջանական գազը տալու է իր շահերը բավարարելու դիմաց»,-բացատրում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունը պատրաստ է բավարարել դրանք: