«Հինգ մեքենայից մեկը շատ դժվարությամբ՝ 12 օրում անցավ Վերին Լարսը։ Երեք մեքենա հետ ենք կանչել, քանի որ ապրանքի փչացման վտանգ կար արդեն։ Մեկ մեքենա էլ 6-րդ, 7-րդ օրն է, ինչ կանգնած է Վերին Լարսում։ Խայտառակ վիճակ է՝ ոչ մեկը ոչ մի բան չի պատասխանում։ Այսօր անձամբ թեժ գծով Վրաստանում գտնվող մեր հյուպատոսարան եմ կապվել, պատասխանեցին, որ փորձում են հարցը ընդհանուր տիրույթում կանոնակարգեն»- Hraparak.am-ին ասաց «Արարատ ֆիշ» ընկերության տնօրեն Երվանդ Թարվերդյանը։
Վերջինիս խոսքով, իրենց ընկերությունը ընդհանուր առմամբ 35-36 տոննա բեռ է հետ կանչել Վրաստանից, որի պատճառով կրել է ահռելի ֆինանսական կորուստներ։
«Յուրաքանչյուր մեքենայի համար 6-7 հարյուր հազար դրամ ենք լրացուցիչ տվել։ Հետ բերած ապրանքի ամեն կիլոգրամին մոտ 100 դրամ նորից վերամշակման փող ենք տալու, նոր՝ այլ փաթեթավորում ենք անելու, որն էլի քիչ գումար չի կազմում։ Ապրանքի մի մասն էլ, որը փչացել է, թափելու ենք։ Նոր ապրանքն արդեն սառեցված է դուրս գալու շուկա և ավելի էժան գնով վաճառվելու։ Մեր թշնամի պետությունը՝ Թուրքիան, սառեցված ապրանքատեսականու ամենախոշոր արտադրողներից մեկն է։ Հիմա թուրքական սառեցված իշխանը, որը Ռուսաստանի Դաշնությունում ավելի մեծ ծավալներով է ներկայացվում, այս խնդիրների պատճառով էլ ավելի է շահելու, քանի որ մայիս ամիսը իր իշխանի արտահանման սեզոնն է։ Գնացեք Վրաստան և տեսեք, թե քանի հազար հայկական բեռնատար է կանգնած նույն տեղում՝ արդեն 5-6 օր» - ասաց ընկերության տնօրենը։
Մենք պարզաբանում խնդրեցինք էկոնոմիկայի նախարարությունից․
«Այս վիճակը, որ ստեղծվել է, ստեղծվել է նաև օբյեկտիվ պատճառներով։ Նախ, որ ծովային փոխադրամիջոցները ռուս-ուկրաիանական հակամարտության պատճառով բավականին պակասել են, դրա փոխարեն մեծացել է ցամաքային բեռնափոխադրումների թիվը։ Մյուս պատճառն այն է, որ այնտեղ այս պահին իրականացվում են շինարարական աշխատանքներ։ Երրորդ պատճառն այն է, որ առաջնահերթությունը տրվում է մարդատար ավտոմեքենաներին, որոնց թիվն էլ է բավականին մեծ։ Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռուսական և վրացական կողմի գործընկերների, ինչպես նաև Հայաստանի մաքսային կցորդի հետ, որոնք փորձում են անել առավելագույնը, որ այդ աշխատանքներն արագ կարգավորվեն և որ հայկական բեռնատարները ինչքան հնարավոր է երկար չմնան Լարսում։ Դա փաստորեն զուտ իրադարձային իրավիճակներով է պայմանավորված, ինչի մասին Կառավարության նիստում և վարչապետն է խոսել, և Էկոնոմիկայի նախարարը»- ասաց Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Անահիտ Խեչոյանը։
«Դա լուրջ խնդիր է, գիտենք, որ մարդիկ բավականին մեծ վնասներ են կրում, բայց այս պահին դա միակ ճանապարհն է, ցավոք սրտի։ Ձեր զանգից անմիջապես հետո եղել եմ փոխնախախարի մոտ, որն իմ ներկայությամբ զանգեց մաքսային կցորդին։ Վերջինս ասաց, որ հակառակը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, մեր թղթաբանությունները կարճ են տևում։ Իրավիճակը գնահատելով՝ որպես իրադարձային, նույնիսկ փորձում են ամեն ինչ անել։ Այնտեղ ինչ-որ դարպասներ կան, այդ դարպասները խնդրում են բացել, որ հայկական բեռներն անցնեն»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Վերին Լարսում 10-15 օր է, ինչ մոտ 4000 հայկական բեռնատար է կանգնած։ Բեռնափոխադրողները կարծում են, որ ՀՀ պետությունը մատը մատին չի տալիս այս վիճակը կարգավորելու համար, իսկ ապրանքը փչանում է, վարորդները մեքենաների մեջ են գիշերում՝ քաղցած, անքուն եւ առանց տարրական պայմանների։
Hraparak.am-ը հետևողական է լինելու այս թեմային և շարունակաբար լուսաբանելու է Վերին Լարսում տիրող իրավճակը։