Քաղաքականություն

Հնարավոր չէ միանալ գոյություն չունեցող պետության կառույցի օրակարգին

Հնարավոր չէ միանալ գոյություն չունեցող պետության կառույցի օրակարգին

ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնը բախտի բերմամբ զբաղեցնող Ռուբինյան Ռուբենը անհեթեթ մի պնդում է կատարել: Այն է՝ եթե եկեղեցու բոլոր այն սպասավորները, ովքեր չեն վերածվի տիրադավների (բնորոշումն իմն է), կմիանան ԿԳԲ օրակարգին: Հիմա հարցը՝ ո՞րն է վաղուց արդեն գոյություն չունեցող պետության գոյություն չունեցող կառույցի օրակարգը: Դիտենք «օրակարգ» բառի բացատրությունը հայկական տպագիր բառարանների հիման վրա կազմված Վիքիբառարանում: 1-ին՝ ժողովի քննարկման դրված հարցերի ամբողջությունը, ինչպես և ժողովն անցկացնելու կարգը, որ հաստատվում է ժողովի սկզբում; 2-րդ` օրվա ռեժիմ (հազվադեպ օգտագործվող): 
Դիտարկենք նաև «օրակարգ» բառի օգտագործումն արտահայտություններում. 1-ին՝ օրակարգի խնդիր կամ հարց (օրակարգի մեջ մտած հարցերից յուրաքանչյուրը՝ հրատապ խնդիր, հարց); 2-րդ՝ օրակարգի վրա լինել (լինել այժմեական, արդիական շտապ, հուզող հարց, լինել հերթական հարց կամ խնդիր); 3-րդ՝ օրակարգում դրված լինել (նույնը, ինչ երկրորդը); 4-րդ՝ այն, ինչ սահմանվում է զորամասի հրամանատարի հրամանով, ձևակերպվում է որպես հատուկ փաստաթուղթ` զորամասում զինծառայողների կյանքի, կենցաղի, ամենօրյա ծառայության կանոնակարգման նպատակով, օրվա ժամերի բաշխում:

Ինչպես տեսնում ենք, «օրակարգ» բառի օգտագործման բոլոր դեպքերում գործ ունենք այժմյան իրականության հետ: Այնպես որ, այսօր մեզ հետ ապրող որևէ անձ չի կարող կամովին կամ իր կամքից անկախ՝ ոմն Ռուբենի ասելով, միանալ «ԿաԳեԲե»-ի օրակարգին: Ուրիշ հարց, որ վաղ անցյալին վերաբերող՝ պատմական որևէ տեքստում խոսվեր ԿԳԲ-ի օրակարգին միանալու մասին: Ասենք, իրենից ոչինչ չներկայացնող մեկը, ով ձգտում էր պաշտոն ստանալ, կամ, ինչն ավելի անբարոյական է, հարևանի կնոջ վրա աչք ունենալով՝ օրգաններին կեղծ մատնագիր էր գրում մեկ այլ անձի վերաբերյալ: Այդ դեպքում կարող ենք առանց որևէ կասկածի պնդել, որ վերջինս միանում էր «ԿաԳեԲե»-ի օրակարգին: Այնպես որ, որևէ «ցնցող» հայտարարություն անելուց (կամ գրելուց) առաջ չէր խանգարի, որպեսզի ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբինյանը ուսումնասիրեր տեքստ կազմելու տրամաբանական կանոնները: 

Այժմ անցնենք արդեն նախկին երիտասարդ (արդեն լրացել է նրա՝ երիտասարդ համարվելու տարիքը)՝ այդ բարձրաստիճան պաշտոնյայի ֆեյսբուքյան հետագա մանիպուլյացիոն շարադրանքին: Ամբողջ ընդդիմադիր դաշտը, իհարկե, պաշտպանեց ոչ թե «ԿԳԲ գործակալ լինելու սուրբ իրավունքը», ինչպես ինքն է գրել, այլ բացահայտեց ՔՊ-ական լրատվամիջոցի, այսինքն՝ հենց ՔՊ-ի կեղծիքը, և այդ թվում՝ տողերիս հեղինակը: Ընդ որում, անհեթեթ կեղծիքը՝ 1986-1988 թթ.-ին Լենինգրադում ուսանելու տարիներին ԿԳԲ-ի գործակալ հավաքագրվելու դեպքում միայն ՔՊ-ականների երևակայությամբ հնարավոր կլիներ հավաքագրման «դոսյեն» հայերենով լրացնելը՝ հայերեն ձևաթղթի վրա: Էլ չասած այն մասին, թե ինչու պիտի Մկրտիչ անունով անձին տրվել «Կարո» ծածկանունը և ոչ թե, ասենք, «Մկո»: Եվ եթե ՔՊ-ականները շարունակելու են մանիպուլյացնել թեման, ապա գրագետ ու հայրենսասեր հայերն էլ կշարունակեն բացահայտել թեմայի վերաբերյալ կեղծիքները: 

Ինչ մնում է վեհարանից Վեհափառի հեռանալուն, ապա Մայր տաճարի դեմ կազմակերպված գրոհի խայտառակ տապալումը ցույց տվեց, որ դա տեղի չի ունենա: Ընդհակառակը, նրա դիրքերի ամրապնդման հետ մեկտեղ կհեռացվեն 10 տիրադավները, որոնց մեղքերը կրկնակի ու եռակի ավելի ծանր են, քան վերագրվում է կաթողիկոսին: Որովհետև այդ ամենը հանգեցնելու է եկեղեցու ինքնամաքրմանը, բայց դա չի կարող տեղի ունենալ արտաքին բիրտ ուժի սպառնալիքի ներքո՝ թելադրված թշնամու կողմից: Եվ հատկապես այն անձանց միջոցով, որոնց սրբազան անվանելը կարելի է համարել սրբապղծություն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image