Քաղաքականություն

«Հրապարակ». Պուտինի ադմինիստրացիայում Պիտերից այն կողմ չեն տեսնում

«Հրապարակ». Պուտինի ադմինիստրացիայում Պիտերից այն կողմ չեն տեսնում

Անցած դեկտեմբերին Ադրբեջանից Չեչնիա թռչող մարդատար ինքնաթիռի կործանումից հետո Մոսկվա-Բաքու հարաբերություններում դրվագային սրացումներ եղան, բայց հարաբերությունների լարվածությունը պիկին հասավ այն բանից հետո, երբ ռուս իրավապահները տարիներ առաջ կատարված հանցագործության հետքերով Եկատերինբուրգում հանցագործների վնասազերծման գործողություն իրականացրին, որի ընթացքում երկու ադրբեջանցի զոհվեց:

Դրան Բաքուն շատ սուր արձագանքեց, անմիջապես Բաքվում ռեպրեսիաներ սկսեցին ռուսների նկատմամբ։ «Սպուտնիկ Ադրբեջանի» գործակալության լրագրողներին ցուցադրաբար ձերբակալեցին, նվաստացրին, նկարահանեցին եւ Ռուսաստանի գործակալներ հայտարարելով՝ կալանավորեցին: Համացանցում հայտնված կադրերում ռուս բլոգերների եւ լրագրողների նկատմամբ բռնության ու նվաստացման տեսարաններ էին՝ ձերբակալվածները կքանստած քայլում էին՝ ձեռքերը գլխին պահած: Մոսկվան էլ հետ չմնաց` պատասխան քայլեր, նոր ձերբակալություններ եղան: Բաքու-Մոսկվա հարաբերությունների այս բռնկումը, թերեւս, պետք է դիտարկել աշխարհաքաղաքական խոշորացույցի ներքո: Թեեւ դիվանագիտական մակարդակում՝ բարձրաստիճանների հայտարարություններում կողմերը փորձում էին պահպանել բնականոն հարաբերությունների պատրանքը, հատկապես վերջին շրջանում ու ռուս-ուկրաինական կոնֆլիկտից հետո, նաեւ Բաքվի՝ փաստացի պրոուկրաինական դիրքորոշումը հաշվի առնելով, տեսանելի էր, որ առկա խնդիրները մի օր գլուխ են բարձրացնելու:

Եթե Ադրբեջանում թափ հավաքող հակառուսականությունը համադրենք Հայաստանում հակառուսական տրամադրությունների ու օրակարգի հետ, որը, ըստ էության, սպասարկում է ՔՊ-ական իշխանությունը, ու նաեւ եվրոպական տարբեր մայրաքաղաքներից տարբեր ժամանակներում հնչած ու հնչող ուղերձներն ի մի բերենք, հասկանալի կդառնա, որ այս ամենի նպատակը Հարավային Կովկասից ռուսական գործոնի դուրսբերումն է ու Ռուսաստանի ազդեցության թուլացումը, ինչն առնվազն մինչեւ այս պահը հաջողությամբ իրականացվում է: Ռուսաստանի թուլացող դիրքը փոխարինվում է թուրքական գործոնով, որը դիտարկվում է որպես տարածաշրջանում Արեւմուտքի օպերատոր: 

Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը «Հրապարակ»-ին ասում է՝ Ռուսաստանն այսօր բախվել է այն խնդիրներին, որոնց առկայությունը կանխատեսվում էր ավելի վաղ, այդ թվում՝ իր կողմից: «Ցավոք, մեր նախագահի ադմինիստրացիայում նստած են  մարդիկ, որոնք Պիտերից ու Պովոլժիեից այն կողմ ոչինչ չեն տեսնում ու կարծում են, որ իրենք միայն տնտեսության համար են: Նրանք Կովկասի հետ կապված հաշվարկներում շատ լուրջ բացթողում են թույլ տվել: Սա՝ առաջին։ Երկրորդ․ այն իրադարձությունները, որոնք այսօր տեսնում ենք Հայաստանում եւ Ադրբեջանում, փոխկապակցված են, բայց փոխկապակցված են ոչ այնքան Մակրոնի կամ Կալլասի հայտարարություններով, սա առանձին սյուժե է, այլ՝ Էրդողանի: Ես ուզում եմ հիշեցնել, որ երբ Փաշինյանը Ստամբուլ մեկնեց ու Էրդողանի հետ հանդիպեց, բառացիորեն նախօրեին Թուրքիայում էր Ալիեւը: Եվ հիմա, «Սպուտնիկ Ադրբեջանի» շուրջ այս անհասկանալի իրադարձությունների ֆոնին Էրդողանը հայտարարել է, որ հուլիսի 3-4-ին լինելու է Բաքվում: Ահա թե որտեղ է խնդիրը»,-ասում է Տարասովը՝ հավելելով, եթե կատարվողը թուրքական դիվանագիտության արդյունքն է, ապա Փաշինյանի պարագայում այն գործում է Արեւմուտքի միջոցով, իսկ Ադրբեջանը սրացման է գնում՝ աննշան պատճառով: Այս դեպքում, ըստ վերլուծաբանի, կարող է խոսք գնալ դավադրության մասին:
«Դա նշանակում է, որ Փաշինյանը, Ալիեւն ու Էրդողանը նույն թիմում են աշխատում, ահա եւ վերջ»,- շեշտում է Տարասովը: Հարցին, թե արդյո՞ք Հայաստանում ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի դեմ կատարվողը եւս, բացի Եկեղեցու դեմ Փաշինյանի հայտարարած պատերազմից, նաեւ հակառուսական հարթությունում պետք է դիտարկել, ռուս վերլուծաբանն արձագանքում է. «Պետք է կրկնեմ՝ ցավոք, Մոսկվան Կովկասով չի զբաղվում, մենք չենք օգտագործում պրոռուսական ուժերը նույնիսկ Վրաստանում: Վրացիները հասկացան, որ Արեւմուտքն իրենց գցելու է, հայերի մոտ դա նոր-նոր է հասունանում, Բաքուն մեծ գեոպոլիտիկ խաղի մեջ է մտել ու դեռ խնդիրներ կունենա: Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, նա հարգարժան մարդ է, հայրենասեր, ունի երկքաղաքացիություն, եւ այդ համատեքստում մենք պետք է պաշտպանենք նրան, բայց նա ունի նաեւ ՀՀ քաղաքացիություն, եւ այդ առումով կատարվողը դիտարկվում է որպես հայ ժողովրդի ընտրություն՝ թող Կայա Կալլասը գումարներ խոստանա, իսկ դուք սպասեք պարոն Էրդողանին ու նրա թիմին: Արցախը հանձնեցին, հիմա Երեւանն են հանձնում»: 

Վերադառնալով ռուս-ադրբեջանական կոնֆլիկտին ու դրա հետ կապված հնարավոր սցենարներին, Ստանիսլավ Տարասովն ասում է՝ այս փուլում դժվար է ասել, թե իրադարձություններն ինչպես կզարգանան, ի վերջո, Ռուսաստանում 2 միլիոն ադրբեջանցի է ապրում: Նա հնարավոր սցենարները պայմանավորում է մերձավորարեւելյան զարգացումներով ու չի բացառում, որ Իրանի թուլացումից հետո դեմոնտաժի գործընթացներ կարող են սկսվել նաեւ Թուրքիայում: «Թուրքիայով Իսրայելն ու ԱՄՆ-ն են զբաղվելու, եթե մենք մի կողմ քաշվենք, ու քրդական գործոնը գլուխ բարձրացնի, թուրքերի գործերը լավ չեն լինի: Գուցե պարոն Էրդողանը Բաքու կատարելիք այցի ընթացքում Ալիեւին զգուշացնի, որ Պուտինի հետ վիճել չի կարելի»,- եզրափակում է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image