Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների փակուղու ֆոնին, որն արտահայտվեց ՄԱԿ-ի՝ կլիմային նվիրված գագաթնաժողովին հայկական պատվիրակության մասնակցության առկախմամբ, ԱՄՆ պետքարտուղար Բլինքեն-Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան հեռախոսազրույցն է կայանում, որի ընթացքում խոսք է գնում «Հարավային Կովկասում արժանապատիվ եւ կայուն խաղաղության հասնելու կարեւորության» եւ «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի» մասին։ Զուգահեռաբար, Բաքուն Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւի շուրթերով հայտարարում է, որ Երեւանն ու Բաքուն դեկտեմբերին կվերադառնան «խաղաղության պայմանագրի» տեքստի քննարկմանը։
Այս երկու տեղեկությունն ուշագրավ են այն իմաստով, որ, ըստ էության, վկայում են հայ-ադրբեջանական գործընթացի նոր ռաունդի մասին, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, Երեւանի վրա ճնշումները բոլոր կողմերից ուժեղանալու են։ Մինչեւ այս հայկական կողմն ակնկալում էր, որ Ալիեւը գոնե գերիների մի մասի վերադարձի հարցում քայլ կկատարի, ինչը Փաշինյանին հնարավորություն կտար ներքին լսարանին գոնե մի առաջընթաց ցույց տալ, բայց, ինչպես տեսանք, գերիները չվերադարձան, իսկ Արարատ Միրզոյանը Բաքու չմեկնեց՝ COP-29-ին մասնակցելու։ COP-29-ը մեկնարկել է նոյեմբերի 11-ին ու կշարունակվի մինչեւ 22-ը, ակնհայտ է, որ մինչեւ այս պահը Փաշինյանին չի հաջողվել համաձայնություն ձեռք բերել Ալիեւի հետ։ Եթե COP-29-ի ընթացքում, երբ աշխարհի ուշադրությունը Բաքվի ուղղությամբ է, Ադրբեջանը չզիջի, գագաթնաժողովից հետո ակնկալել, որ Բաքվի դիրքորոշումների կոշտացում չի լինի, քիչ հավանական է։
Բլինքեն-Ֆիդան հեռախոսազրույցի օրակարգը փաստում է, որ ԱՄՆ-ն շտապում է, ու Հարավային Կովկասում զարգացումները պետք է ակտիվանան։ Միեւնույն ժամանակ, իշխանությունը խորհրդարանից լավատեսական հայտարարություններ է անում Ադրբեջանի հետ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ու կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ, որը թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգով ոչ այլ ինչ է, քան Սյունիքով անցնող բաղձալի միջանցքը։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն էլ ավելի հեռուն է գնում ու գաղտնազերծում այն, ինչ Ալիեւի հետ այդքան ջերմ քննարկում էր Կազանում։ Նա՝ ոչ ավել, ոչ պակաս, հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն «խաղաղության պայմանագրի», այլ նաեւ ռազմավարական գործարք կնքելու կարիք, այն մասին, թե ինչ բանաձեւի ներքո են պատրաստ հարյուրամյակներ կողք-կողքի ապրել։ «Ինքս ունեմ որոշակի պատկերացումներ այդ ռազմավարական գործարքի վերաբերյալ, եւ դա հենվում է իրական Հայաստանի մասին հայեցակարգի վրա»,- հայտարարում է Փաշինյանն ու հավելում, որ այդ խոսակցությունը կարեւոր է, եւ այն դեռ պետք է քաղաքական դրսեւորում ստանա։ Թե այս անհեթեթ հեռանկարն ինչ կարող է նշանակել Հայաստանի պետականության համար, որին Ալիեւն օրումեջ արգելում է բանակ չունենալ, պարզից էլ պարզ է։
Փաստացի, Փաշինյանն ԱԺ ամբիոնից Ադրբեջանին բաղձալի միջանցքն էլ է խոստանում՝ հայտարարելով, թե «շատ նման է նրան, որ տարածաշրջանային կոմունիկացիաների հարցում կարող ենք ունենալ փոխադարձ ընդունելի լուծում», եւ որ այդ առաջարկը, ինչպես նաեւ «խաղաղության պայմանագրի» Հայաստանի առաջարկները գրավոր փոխանցել են Ադրբեջանին։ Նույն օրը նույն դահլիճից Փաշինյանի ԱԳ նախարար Միրզոյանն էլ հայտարարել էր, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղու գործարկման ուղղությամբ «ինտենսիվ բանակցություններ են»։ Եթե հիշենք հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ամերիկյան պատկերացումները, որոնց մասին Վաշինգտոնը մի քանի անգամ բաց տեքստով է հայտարարել` պարզ նշելով, որ Հայաստանով ու Ադրբեջանով անցնող երթուղին կնվազեցնի Կենտրոնական Ասիայի երկրների կախվածությունը Ռուսաստանից ու Չինաստանից, սրան գումարենք Բլինքեն-Ֆիդան հեռախոսազրույցն ու վերջին օրերին Մոսկվայի անհանգստությունը, որն արտահայտվեց ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական հաղորդագրությունից հնչող ազդակով` առ այն, որ «Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է ազգային «ինքնասպանության»», պարզ կդառնա, թե դեկտեմբերից մեկնարկող բանակցային նոր ռաունդն ինչի մասին է լինելու, եթե, իհարկե, Ադրբեջանը սպասի դեկտեմբերին ու COP-ից հետո չդիմի բռունցքների, որոնք անվերջ թափահարում է Ալիեւը։