Հասարակություն

Տեսախաղերը՝ որպես քաղաքական գործիք 

Տեսախաղերը՝ որպես քաղաքական գործիք 

«TACC»-ը հաղորդում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանում կրեատիվ էկոնոմիկայի զարգացման ցուցահանդեսի» այցելության արդյունքում կարգադրել է ապահովել ռուսական տեսախաղերի առաջխաղացումը «ԲՌԻԿՍ» անդամ երկրներում (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան)։ Ռուսական տեսախաղերի առաջխաղացմամբ զբաղվելու է նաեւ «Նոր նախագծերի առաջմղման ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը»։ Ռուսական տեսախաղերի առաջ մղումը, ըստ հաղորդման, ենթադրում է նաեւ դրանց գործարկումն ապահովող ռուսական ծրագրերի առաջ մղում։ 

Առաջին հայացքից այս լուրը ոչնչով աչքի չի ընկնում եւ կարող էր նույնիսկ հայ ընթերցողին չներկայացվել։ Սակայն իրականում սա բավական հետաքրքիր մտորումների առիթ է տալիս, եթե հաշվի առնենք թե նախ թվային տեսախաղերի ժամանակակից ինդուստրիան ինչ ահռելի համակարգ է եւ ապա՝ այն ինչպիսի ազդու միջոց է մարդու կամ մարդկանց խմբերի վրա ներազդելու համար։ Թվային տեսախաղերը, առհասարակ համակարգչային խաղերի ոլորտը այսօրվա մեր աշխարհում մշակութային առանձին շերտ է։ Տեսախաղերի թիրախային լսարանը հասարակությունների բավականին ծավալուն հատվածն են ընդգրկում՝ սկսած 13 տարեկանից մինչեւ 60 տարեկաններին ընդգրկելով։ Սակայն այս ահռելի լսարանի մեջ առավել շատ ուշադրություն դարձվում է 20-35 տարեկանների վրա, որոնք նաեւ որեւէ երկրի, այսպես ասած, ամենից ակտիվ քաղաքական խավն են կազմում եւ ունեն ակտիվ քաղաքացիական դիրքորոշում։ 

Սա նշանակում է, որ համակարգչային խաղերի ոլորտը նաեւ հարթակ է, որի օգնությամբ շահագրգիռ կողմերը կարող են իրենց թեզիսները, գաղափարները, արժեքները տարածել։ Հատկապես այսօր՝ աշխարհաքաղաքական ընդհանուր վերադասավորումների, նոր աշխարհակարգի ձեւավորման այժմյան բարդ փուլում, երբ կյանքը գրեթե ամբողջապես քաղաքականացված է, այս հարցը չափազանց ակտուալ է դառնում։ Հենց այս տեսանկյունից եթե հարցը դիտարկենք, կարող ենք ասել, որ ТАСС-ի վերոնշյալ լուրը չափազանց հետաքրքիր է, որովհետեւ ըստ էության, Պուտինը հանձնարարում է հակաարեւմտյան պայքարի եւ բազմաբեւեռ աշխարհի գաղափարական հենքը տարածել տեսախաղերի միջոցով այն տարածքում, որը հետաքրքրված է բազմաբեւեռ աշխարհի եւ հակաարեւմտյան պայքարի թեմաներով։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image