Դեկտեմբերի 2-ին եւ 3-ին ականատես եղանք, որ Նոյեմբերյանի սահմանագոտում` Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում, ճանապարհաշինարարներն աշխատանքներ են կատարում։ Անցյալ տարվա այս նույն ժամանակահատվածում Թումանյանի ճանապարհաշինարարները միջպետական ավտոճանապարհի այդ` շուրջ 4 կիլոմետրանոց հատվածն ասֆալտապատում էին։ Սակայն աշխատանքների որակի հետ կապված խնդիրներ են եղել, եւ 2025 թ. դեկտեմբերի սկզբին նույն հատվածը նորից են սկսել ասֆալտապատել, բայց գործը կիսատ են թողել։
Կապվեցինք «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ գլխավոր ինժեներ Վլադիմիր Իսոյանի հետ։ Նա ասաց, որ իրենց կատարած աշխատանքներում թերություններ են բացահայտվել, ուստի երկրորդ անգամ, իրենց ընկերության հաշվին, ասֆալտապատում են կատարել, ասֆալտի նոր շերտ են փռել։ Բայց այժմ աշխատանքները դադարեցված են։ Վ․ Իսոյանն ասաց, որ աշխատանքները կվերսկսեն, երբ եղանակային բարենպաստ պայմաններ լինեն։ Այսինքն, պետբյուջեից հարյուր միլիոնավոր դրամներ են ծախսել սահմանագոտու ոչ այնքան վատ վիճակում գտնվող հատվածն սաֆալտապատելու համար, սակայն գործը ձախողել են, հիմա՝ ձմռան սկզբին, նորից են ասֆալտապատել ու գործը կիսատ թողել։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պարծենում է ասֆալտապատումներով, սակայն այդ գործն էլ է ձախողում։