Մարզպետարանները «բարեփոխվել» են` հիմա կոչվում են «Մարզպետի աշխատակազմեր»։ Մարզպետների աշխատակազմերն անմիջական կերպով ընդամենը 2 ոլորտ են կառավարում՝ տվյալ մարզի պետական հանրակրթական դպրոցները եւ մարզի պետական, գյուղական բուժհիմնարկները։ Սակայն այդ ոլորտների բովանդակային կառավարումն էլ է իրականացվում ԿԳՄՍ եւ առողջապահության նախարարությունների հետ համատեղ։ Մարզպետների աշխատակազմերը գերուռճացված են։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Նոյեմբերի 5-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմում քանի՞ հաստիք կա եւ քանի՞ թափուր հաստիք գոյություն ունի։ 2025 թվականին այդ թափուր հաստիքները զբաղեցնելու համար հայտարարություններ տրվե՞լ են, որտե՞ղ են դրանք զետեղվել, դրանց արդյունքում ո՞ր պաշտոններն են համալրվել»։
Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Նոյեմբերի 5-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում առկա է 76 հաստիք, որից ինը՝ թափուր: Թափուր հաստիքները համալրելու համար հայտարարությունները հրապարակվում են ՀՀ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնական կայքէջում: Մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչության թափուր գլխավոր մասնագետի հաստիքը մրցույթի արդյունքում համալրվել է 2025 թվականի ապրիլի 23-ին, իսկ 2025 թվականի ապրիլի 28-ին մրցույթի արդյունքում համալրվել է մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի ավագ մասնագետի հաստիքը»: Եթե նկատեցիք` 25 թ. ապրիլից մինչեւ նոյեմբերի 9-ը մյուս թափուր հաստիքները (7) չեն համալրվել, երեւի իրականում ավելորդ են, եւ համալրման կարիք չկա։