Քաղաքականություն

Ընդդիմություն` նաեւ գործունեությամբ

Ընդդիմություն` նաեւ գործունեությամբ

Հայաստանում ոչ ՔՊ-ական համայնքապետեր շատ կան, բայց միակ ընդդիմադիր համայնքապետը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է:

Ղուկասյանը ոչ թե պարզապես խոսքով է ընդդիմանում գործող իշխանությանը, այլեւ կատարում է գործողություններ, որոնք որեւէ կերպ չեն տեղավորվում փաշինյանական վարչախմբի կողմից իրականացվող քաղաքականության շրջանակներում: 

Մայիսի 9-ը` Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակը, Հայաստանում պետականորեն չնշվեց, այդպիսի տոն կարծես չի էլ եղել: Միայն Գյումրու համայնքապետարանը մայիսի 9-ը տոնեց մեծ շուքով եւ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ համատեղ իրականացված բազմաթիվ միջոցառումներով: Մայիսի 9-ի առավոտյան ժամը 8-ից սկսած՝ հազարավոր գյումրեցիներ այցելեցին Մայր Հայաստան հուշահամալիր, ժամը 10-ին հուշահամալիրում էին Գյումրու քաղաքապետն ու քաղաքապետարանի տասնյակ աշխատակիցները, 102-րդ ռազմաբազայի հրամանատարը, բարձրաստիճան եւ շարքային զինվորականները, նրանց ընտանիքի անդամները: Ռազմաբազայի զինվորականները ներկայացնում էին իրենց ունեցած մարտական տեխնիկան, հուշարձան տանող աստիճանների վրա պատվո պահակ էին կանգնել ռուսաստանցի երեխաներ, պատանիներ եւ զինվորականներ՝ խորհրդանշելով սերունդների կապը, ռուսական ռազմաբազայի խոհարարները հուշարձանի հարեւանությամբ կահավորել էին դաշտային խոհանոց եւ ցանկացողներին բաժանում էին զինվորական շիլա, հյութեր, եւ ի՞նչ տոն՝ առանց ռուսական օղու: Եղան ելույթներ, շնորհավորանքներ, հաղթանակին նվիրված հայերեն եւ ռուսերեն երգերի կենդանի կատարում: Հետո ներկաները տեղափոխվեցին ռուսական ռազմաբազայի տարածք, որտեղ ռուսական բանակի զինվորականները տոնական շքերթ կազմակերպեցին, բեմականացված ներկայացում, թե ինչպես են պարտիզանները վնասազերծում գերմանացի զինվորականներին, ազատում գերիներին: Տոնական հրաձգություն, հյուրասիրություն, իսկ երեկոյան` հրավառություն:

Ո՞րն էր տեղի ունեցածի մեջ ամենազավեշտալին․ Գյումրին, հազարավոր գյումրեցիներ տոնում էին Հաղթանակի օրը, իսկ Շիրակի մարզպետն այդպես էլ չայցելեց հուշահամալիր, եւ նրա անունից ծաղկեպսակ դրված չէր անմար կրակի մոտ: Ներկաները խոսում էին դրա մասին՝ ասելով, որ մարզպետն իր վարքով ցույց է տալիս, որ սա իրենց համար ոչ թե տոն է, այլ գուցե սգո օր` հայ մարդը հաղթել է, իսկ ՔՊ-ականների համար հաղթանակն անթույլատրելի հանցանք է: Հայաստանի տարածքում կազմակերպվում են տոնական միջոցառումներ, որոնց հայկական կողմը պետական մակարդակով մասնակցություն չունի, մասնակցությունը համայնքային մակարդակով է: Մայր Հայաստան հուշահամալիր էին այցելում նաեւ Հայաստանի Հանրապետության զինվորականներ, բայց ոչ թե կազմակերպված խմբով` տոնական քայլքով, այլ՝ անհատական, մի տեսակ գլխահակ, ամոթով, որ սա կարող էր եւ պետք է լիներ նաեւ Հայաստանի բանակի տոնը, Հայաստանի բանակը պետք է կազմակերպեր այդ տոնակատարությունները, բայց իրենք ընդամենը հյուրի կարգավիճակում են: Ռուսական ռազմաբազայի տարածքում Հայաստանի պաշտպանության նախարարության անունից ծառայության մեջ աչքի ընկած զինվորականներին հանձնվում են պատվոգրեր եւ հուշանվերներ, բայց ոչ թե ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչի, այլ՝ ռուսական ռազմաբազայի ղեկավարության կողմից: 

Տոնական միջոցառումներին մասնակցում էին նաեւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հնդկաստանի դեսպանատների ռազմական կցորդները: Ինձ հատկապես զարմացրեց Իրանի ներկայացուցչի ներկայությունը` Ռուսական կայսրությունը ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը գրավել է Պարսկաստանից, պարտության մատնելով այդ երկրին` երկու իրար հաջորդող պատերազմների ժամանակ: Բայց իրանցիները պատմությանը վերաբերվում են որպես պատմության, որտեղ տեղ ունի ինչպես պարտությունը, այնպես էլ հաղթանակը: Իրանի եւ Հնդկաստանի ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչները նույնիսկ 102-րդ ռազմաբազայի տարածք այցելեցին, իսկ Հայաստանի զինվորականներից որեւէ մեկը չկար: Ի՞նչ եզրահանգման պետք է գան Իրանի եւ Հնդկաստանի ներկայացուցիչները` իբրեւ դաշնակից ներկայացող Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա ռազմական համագործակցության մակարդակի մասին․ այն զրոյական է: 

Չլիներ Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետ, լիներ ՔՊ-ական Սարիկ Մինասյանը, Գյումրիում կլիներ նույնպիսի իրավիճակ, ինչպես ամբողջ Հայաստանում էր․ Հաղթանակի օրը հիշող քաղաքացիներն այն կնշեին, ռուսական ռազմաբազան տոնը կնշեր իր տարածքում, եւ դրանով ամեն ինչ կվերջանար: Վարդան Ղուկասյանը գործող իշխանության գաղափարական ընդդիմախոսն է. նա ցույց տվեց, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին հայ ժողովուրդը վերաբերվում է որպես սեփական հաղթանակի եւ հպարտանում է դրանով, ցույց տվեց, որ 102-րդ ռազմաբազային Գյումրիում վերաբերվում են ոչ թե որպես մեր երկրի անվտանգության սպառնալիքի, ինչպես պնդում են Փաշինյանը եւ նրա կողմնակիցները, այլ անվտանգության հավելյալ երաշխիքի, որ Հայաստանում չկա թշնամություն Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի նկատմամբ, թեեւ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց մեծ մասը եւս փաշինյանական իշխանության գործունեության կամ անգործության հետեւանք է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image