Հարցազրույց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, ՀՀ արդարադատության խորհրդի նախկին անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանի հետ
- Պարոն Ղազինյան, Սահմանադրությամբ՝ քաղաքական իշխանությունը սահմանափակված է՝ միջամտելու Հայ առաքելական եկեղեցու գործերին: Այն, ինչին այսօր ականատես ենք լինում, միջամտությո՞ւն է, եւ ի՞նչ է դա իրավական տեսանկյունից ենթադրում։
- Մասնագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Հիմա իմաստ չունի մտնել մի ոլորտ ու քննարկել՝ իրավունք ունեի՞ն միջամտելու, չունեի՞ն, որովհետեւ դու մտնում ես մի ոլորտ, որը ձեռնտու է այս «նախաձեռնությամբ» հանդես եկող կողմին։ Քիչ թե շատ գրագետ, հայրենասեր մարդու համար ակնհայտ է, որ սկսված այս գործընթացը որեւէ կապ չունի Վեհափառի, մյուսի, երրորդի հետ, նրանք՝ բոլորը, միջոցներ են, այս ամենն ուղղված է մեր Եկեղեցու, հավատքի դեմ, որի՝ հեռուն գնացող նպատակներն ամբողջովին տեղավորվում են այս իշխանության վարքագծի մեջ՝ մեր ինքնությունը ոչնչացնելուն միտված։ Սա է ողջ ճշմարտությունը, որի մասին տասնյակ, հարյուրավոր վերլուծաբաններ գրագետ, խելոք վերլուծություններ են արդեն ներկայացրել, եւ կարծում եմ՝ նոր բան չեմ ասելու։ Եկեղեցին է մնացել միայն կանգուն, որը կարող է մեր ժողովրդին համախմբելու քայլեր անել, ուզում են դա վերացնել կամ հնարավորինս թուլացնել, որպեսզի ճանապարհը բացվի այն նպատակներին հասնելու համար, ինչի համար որ այս մարդիկ իշխանության են բերվել։ Մենք՝ բոլորս, սա շատ լավ գիտենք` խնդիրն ինչ-որ հոգեւորականների հարցը չէ, պետք չէ ամեն թերուսի փորձել միանգամից արձագանքել։
- Եթե, առավել եւս, խնդիր է դրված մեր ինքնությունը պահող հենասյունը կոտրել, չե՞ք կարծում, որ մենք՝ շարքային քաղաքացիներս էլ անելիք ունենք, մենք պասիվ դիտորդի կարգավիճակում ենք հայտնվել, մինչդեռ գուցե Դուք ասեք, թե ինչ կարող ենք անել մենք՝ բոլորս։
- Ես համաձայն եմ, որ ինչ-որ բան պետք է արվի, ես չգիտեմ՝ կա՛մ ուշացել ենք, կա՛մ ուշանում ենք, թեպետ երբեք որեւէ լավ բան անելու համար ուշ չէ, մանավանդ՝ եթե Եկեղեցու մասին ենք խոսում, ամենալուրջ մեղքերից մեկը հուսահատությունն է։ Այո, պետք է քայլեր արվեն, ընդամենը պետք են կազմակերպիչներ։ Ստացվում է, որ այսօր մենք ընկած ենք օրակարգ թելադրողների մտածած, նպատակային «հիմարությունները», մտքերը վիճարկելով, այսինքն՝ իրենց օրակարգը սպասարկելով, ինչն իսկապես ցավալի է։
- Որ ասում եք՝ կազմակերպիչներ են պետք, ո՞ւմ նկատի ունեք` ընդդիմությա՞նը, ովքե՞ր պետք է կազմակերպեն։
- Այդ թվում։ Ովքեր ունեն հնարավորություններ, ռեսուրսներ, ցանկություններ։ Հասարակության յուրաքանչյուր անդամ այնտեղ, որտեղ կարող է հաջողել, դրանով պետք է զբաղվի։ Չես կարող կիսագրագետ մեկին ասել՝ վերլուծի եւ լուծումներ առաջարկի։ Բայց, վերջին հաշվով, նախ պետք է կոտրել այս անտարբերությունը, որի հիմքում, ցավալիորեն, հերթական հիասթափությունն էր, հուսախաբությունը։ Ամեն անգամ, երբ լույսի պես պայքարի մի շող է նկատվում, չի հասնում հաջողության, հուսահատվողների թիվն ավելանում է։ Իսկ դա ձեռնտու է միայն այս վիճակը ստեղծողներին։
- Եկեղեցու շուրջ մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ պայքարը տեղափոխվել է ներեկեղեցական դաշտ, հոգեւոր դասի միջոցով է իշխանությունը փորձում պայքարել Վեհափառի, կառույցի դեմ։ Այս իրավիճակում ո՞վ անելիք ունի՝ քաղաքական ուժե՞րը, գուցե հոգեւորականնե՞րը, ինչպե՞ս անել, որ կասեցվի այս ընթացքը։
- Իմ կարծիքով, դժվար չէ տարբերակել Եկեղեցու դեմ պայքարող հոգեւորականներին, մենք՝ շարքային քաղաքացիներս, ընդամենը պետք է համախմբվենք Եկեղեցու շուրջ եւ թույլ չտանք տարբեր տեսակի մտքի թռիչքներ։ Որեւէ բան մեր երկրում իշխանությունների կողմից պատահական չի ասվում եւ չի արվում, եթե մտածում եք՝ ինչ-որ բան ասվել է, հետո մոռացել են, նման բան գոյություն չունի, իզուր չեն ասում՝ լավագույն երկու բժիշկ կա՝ ժամանակն ու տարածությունը։ Ահա՝ այդ ժամանակի բժիշկն ինչ-որ իմաստով նաեւ հակառակն է աշխատում, գաղափար է նետվում դաշտ, որոշ ժամանակ անց մոռանում են, հետո ինչ-որ պահից դա դառնում է իրականություն։ Հիմա, այս պահին ոչ ամբողջովին, բայց ինչ-որ չափով հասնում են Եկեղեցին պառակտելու նպատակին, մենք տեսնում ենք պառակտված հոգեւորականություն, ասում են` գյուղ չկա, որ շուն չլինի, բայց, ցավոք, շատ են նրանք։ Չերչիլի հայտնի խոսքերն են․ «Յուրաքանչյուր ազգի տիրելու համար երկու պայման է պետք՝ փոքրաթիվ դավաճաններ եւ մեծ թվով հիմարներ»։ Մեզ մոտ դավաճանների թիվը կարծես քանի գնում՝ ավելանում է։ Մեր պատմությունից էլ դասեր չենք քաղել, որ միշտ պարտվել ենք պառակտությունների պատճառով, արտաքին թշնամին մեր միասնականության դեպքում որեւէ անգամ հաջողության չի հասել, երբ էլ հաղթանակել ենք, հաջորդել են դավաճանություն, պառակտում, ինչը, ցավոք, հատուկ է մեր ազգի որոշ մասին, եւ սրանով բերել պարտության: Զարմանալի է՝ այսպես ո՞նց ենք գոյատեւել դարեր, հարյուրամյակներ շարունակ։ Նման իրավիճակ է նաեւ այսօր, որի պատճառներից, ինչպես նշեցի, այդ ապատիան է, հուսահատությունը։ Այո, համաձայն եմ, որ շատերը չգիտեն այսօր ինչ անել, շատերն էլ պայքարի փորձեր արել են` չեն հաջողել, հուսահատվել են ու ոչ մեկին չեն վստահում, ինչն ամենավատն է։ Սա վերաբերում է նաեւ որոշ քաղաքական ուժերի, որոնք իրենց վարքագծով վստահություն չեն ներշնչում իրենց նկատմամբ։ Ես՝ ինքս էլ կդժվարանամ ասել՝ ինչ է պետք է անել, բայց պետք է հաստատ ինչ-որ բան անել։