Քաղաքականություն

Թյուրքախոս երկու պետությունների գաղութը

Թյուրքախոս երկու պետությունների գաղութը

Արձակուրդ գնացած «մեծարգո վարչապետի» հրամանով ՔՊ-ականներն ընկել են «ռուսական ագենտուրայի» հետևից: Անկեղծ ասած, չգիտեմ, թե ովքեր են այդ ագենտները, բայց թուրքական գործակալների պակաս Հայաստանում չի եղել ու չկա:

Դեռևս 100 տարի առաջ Նժդեհն էր բողոքում թուրքական մտածողությամբ հայերի առկայությունից: Եվ եթե Նժդեհի ժամանակ իշխանության վերին օղակներում դրանք հատուկենտ մարդիկ էին, այսօր մեծամասնություն են կազմում:

Բայց քանի որ ի վիճակի չեն բացահայտ հայտարարելու իրենց կողմնորոշման մասին, դա փորձում են թաքցնել այնպիսի սկզբունքների շղարշի ներքո, ինչպիսիք են «տարածքային ամբողջականությունը (1), ինքնիշխանությունը (2), իրավազորությունն (3) ու փոխադարձությունը (4)»: Եվ հայտարարում են, որ վերջին 4 տարիներն ապացուցել են, որ իրենց հայտարարած սկզբունքներից «ոչ մի շեղում չի լինելու»:

Դիտարկենք, թե որքանով է ճիշտ այդ պնդումը՝ մեկ առ մեկ բացահայտելով, թե իրականում ինչ են նշանակում այդ սկզբունքները: Առաջին սկզբունքը առաջին անգամ խախտվել է նախքան 44-օրյա պատերազմը Արարատի ու Վայոց Ձորի մարզերի տարածքի՝ Նախիջևանի հետ սահմանային գորշ գոտու հանձնմամբ:

Այնուհետև դա կատարվել է 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից անմիջապես հետո: Երբ հսկայական տարածքներ հանձնվեցին թշնամուն բանավոր պայմանավորվածության հիման վրա: Այսինքն, դրանց հանձնումը պարտադրված չէր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Այդ գործընթացը սահունորեն շարունակվեց առանց մարտերի Սև լճերի, Հյուսիս-Հարավ ճանապարհի մի հատվածի և այլ տարածքների հանձնումով: Կարծում եմ, որ դա տարածքային ամբողջականությունն իբրև թե պահպանելու՝ ՔՊ-ական մտածողության դրսևորումն է:

Պակաս ինքնատիպ չէ ինքնիշխանության ՔՊ-ական մեկնաբանությունը: Մինչ այսօր թշնամական բոլոր պահանջների կատարումը պաշտոնական լեզվով ներկայացվում է որպես երկրորդ սկզբունքի իրագործում:

Սահմանադրություն փոխելն, ասենք թե, ներկայացվում է որպես ՀՀ երբեմնի հպարտ քաղաքացիների կամքի դրսևորում: Իսկն օրուելյան գրչին արժանի՝ «պատերազմը խաղաղություն է» բնույթի մեկնաբանություն: Կամ էլ ծուռ հայելիների՝ «կանգնելու համար պետք է վազես» գործողությանը բնորոշ մտածողություն: Իրական ինքնիշխանությունն, ինչպես հայտնի է, սեփական և ոչ թե շթնամի երկրի շահերով առաջնորդվելն է:

Իսկ որ գործող իշխանությունն առաջնորդվում է Ադրբեջանի շահերով՝ վաղուց բացահայտվել է դրա ղեկավարի ելույթներով: Եվ միայն լուսնից իջածը կամ կիսագրագետ նիկոլականը կարող է դա չգիտակցել:
Անցնենք միմյանց առնչվող երրորդ ու չորրորդ՝ իրավազորության ու փոխադարձության սկզբունքներին:

Ըստ այդ սկզբունքի, եթե Հայաստանը միջանցք է տալիս, որպեսզի թշնամին անցնի Սյունիքով, ապա վերջինս էլ նույնանման միջանցք է տալու, որպեսզի երկաթգիծն անցնի Նախիջևանով: Կարծում եմ, որ դա ճիշտ այնպիսի երազանք է, ինչպիսին ծնողներին կորցրած երեխայի երազանքն ընտանեկան միջավայրում տոնական միջոցառումներ կազմակերպելու առումով:

Ինչպես ասվում է, Հայաստանի ոչ բարով-խերով ղեկավարն ավելի շուտ սեփական ականջները կտեսնի (առանց հայելու), քան թե երրորդ ու չորրորդ սզբունքների իրագործումը: 44-օրյա պատերազմի հերոս Իլհամը խելքը հացի հետ չի կերել, որպեսզի համաձայնվի նիկոլական այդ երազանքի իրականացմանը: Ինչն, իհարկե, չի խանգարում, որպեսզի ՔՊ-ականները փիառեն չեղած բանը:

Ինչպես տեսնում ենք, ներկայացված սկզբունքները մեռելածին են ի սկզբանե:

Բայց քանի որ «նիկոլիզմը» դեռևս մնում է գործող իշխանության սոցիալական հենարանի պատկերը, ՔՊ-ականները շարունակելու են կիսագրագետ զանգվածներին կերակրել ստով ու կեղծիքով: Ու միաժամանակ թշնամական քարոզչական ակցիաներ իրականացնել ընդդեմ Ռուսաստանի:

Մի երկրի, որը Հայաստանի անվտանգության երաշխավորն էր ու մնալու է այդպիսին, եթե, իհարկե, ինքնիշխանության անվան ներքո Նիկոլն ու իր խամաճիկները մեր հայրենիքը չդարձնեն թուրք-ադրբեջանական զույգի գաղութը:

Ու այն կլինի պատմության մեջ եզակի երկիրը, որ միանգամից կգաղութացվի թյուրքախոս երկու պետության կողմից: Կամ էլ այդ երկու երկրները ստիպված են լինելու միավորվել, որպեսզի վերացվի պատմական այդ անհեթեթությունը:

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image