Երեւանի գլխավոր հատակագծի գործունեության ժամկետը, ինչպես հայտնի է, լրացել է դեռ 4 տարի առաջ, որի գործողության ժամկետը Երեւանի ավագանու կողմից երկարացվեց մինչեւ 2024-ի ավարտը, բայց ոչ ուշ, քան մինչեւ նոր գլխավոր հատակագծի մշակումը: Սակայն «Քաղաքաշինության մասին» օրենքի վերջին անցումային դրույթների մասին որոշմամբ` այն բնակավայրերը, որոնք մինչեւ 2024-ի հուլիսի 1-ը չեն ունենա գլխավոր հատակագիծ, բնակավայրերի տարածքում պետք է դադարեցնեն քաղաքաշինական գործունեությունը:
Գլխավոր հատակագծի հետ կապված՝ Երեւանի քաղաքապետարանից դեռ հունիսի 28-ին խնդրել էինք տրամադրել տեղեկատվություն՝ մի շարք հարցերի վերաբերյալ, որոնց պատասխանները ստացանք 8 աշխատանքային օր հետո: Նման երկար ժամկետը գուցե արդարացված լիներ, եթե մեր հարցերին տրվեին, ըստ էության, հանգամանալից պատասխաններ, բայց ստացել ենք մակերեսային պարզաբանումներ, որոնք իրենց հերթին նոր հարցեր են առաջացնում:
Այսպես, օրինակ․ մենք հետաքրքրվել էինք, թե Երեւանի գլխավոր հատակագծի մշակման հետ կապված կա՞ պայմանագիր, ո՞ւմ հետ եւ ե՞րբ է այդ պայմանագիրը կնքվել, մեկ աղբյուրի՞ց է, թե՞ մրցույթով է արվել: Ի՞նչ ժամկետներ է նախատեսում գլխավոր հատակագծի մշակումը, մասնավորապես, եթե հուլիսի 1-ին, օրենքով սահմանված կարգով, գլխավոր հատակագիծ չլինի, Երեւանում քաղաքաշինական գործունեությունը դադարելո՞ւ է, թե՞ ոչ։ Ինչպես նաեւ՝ որքա՞ն է գնահատվել գլխավոր հատակագծի նախագծի արժեքը, ե՞րբ է նախանշված նախագծի մշակման սկիզբը եւ ավարտը։
Ի պատասխան մեր հարցմանը՝ քաղաքապետարանից տեղեկացրել են․ «Պայմանագիրը կնքվել է «Երեւաննախագիծ» ՓԲԸ հետ, ս.թ. հունիսի 20-ին՝ մեկ անձից գնման ընթացակարգով՝ հաշվի առնելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը: Պայմանագրի ընդհանուր արժեքը 990 հզ. ՀՀ դրամ է: Մյուս տեղեկատվությունը հասանելի է armeps.am, ppc.am կայքերում»: Քաղաքապետարանը միտումնավոր շրջանցել է ժամկետների հարցը ու չի նշել հատակագծի մշակման սկիզբն ու ավարտը: Ինչպե՞ս է ստացվում, որ հունիսի 20-ին նոր կնքվում է պայմանագիր, երբ հուլիսի 1-ով քաղաքում արդեն պետք է դադարեցված լիներ քաղաքաշինական գործունեությունը: Միաժամանակ հղում են անում 2 կայքի, որոնց մեկը` ppc.am, նյութը գրելու պահին հասանելի չէր, իսկ, ընդհանուր առմամբ, երկու կայքի դեպքում էլ սովորական քաղաքացին չի կարող մտնել ու ծանոթանալ ողջ տեղեկատվությանը, քանի որ հասանելիության, գրանցման խնդիր կա:
Մինչդեռ գլխավոր հատակագծի դեպքում կարեւոր է, թե երբ է նախանշված այս աշխատանքների ավարտը, հակառակ դեպքում այն կարող է ամիսներ ու տարիներ ձգվել, իսկ հունիսի 20-ին թվագրվող պայմանագրի ամսաթիվը հուշում է, որ ամեն ինչ արվել է ցայտնոտի մեջ, նախ՝ ընթացք է տրվել հատակագծի մշակմանը, ապա՝ պոստֆակտում պայմանագիր են ձեւակերպել սիմվոլիկ գնով` մեկ անձից գնման ընթացակարգով, հակառակ դեպքում անպատկերացնելի է 10 օրում քաղաքի գլխավոր հատակագիծ գրելն ու ներկայացնելը:
Պայմանագրի ընդհանուր արժեքը, ըստ քաղաքապետարանի, 990 հազար ՀՀ դրամ է: Գումարի մի չափ, որ հազիվ թե տրամաբանական է գենպլանի վրա աշխատող մասնագետների համար: Ստացվում է, որ պայմանագրում գրվել է ձեւական, ֆիկտիվ մի թիվ, առավել եւս, որ քաղաքային բյուջեով գենպլանի միայն առաջին փուլի համար նախատեսվել է 250 մլն դրամ, իսկ 2-րդ փուլի համար տրամաբանորեն ավելի շատ է հատկացվելու: Ըստ այդմ, ոչ մի կերպ համադրելի չեն 990 հազարը եւ 250 մլն-ն: Մնում է ենթադրություններ անել, թե ինչի վրա է ծախսվելու եւ կամ ուր է ուղղվելու 249 մլն-ն:
Քաղաքապետարանից նաեւ տեղեկացրել են, որ Երեւանի նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներն ավարտական փուլում են, եւ «Ռազմաէկոլոգիական գնահատման հաշվետվությունը ներկայացվել է ՇՄԱԳ փորձաքննության»: Բայցեւայնպես, նախ պետք է հասկանալ, թե գլխավոր հատակագիծը երբ է հաստատված լինելու, որպեսզի հնարավոր լինի քաղաքում ծավալել քաղաքաշինական գործունեություն: Քանի որ, համաձայն կարգի, հուլիսի 1-ին օրենքով սահմանված կարգով գլխավոր հատակագիծ չլինելու դեպքում պետք է Երեւանում քաղաքաշինական գործունեությունը դադարեցվեր, այս առումով եւս կիսատ-պռատ պարզաբանում է տվել քաղաքապետարանը՝ նշելով. «Գլխավոր հատակագծի բացակայության պարագայում արգելվում է կառուցապատման նպատակներով հողամասերի եւ (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը»: Դարձյալ մասնակի պարզաբանում, որից պետք է փորձենք ինքներս կռահումներ անել, այն է` քաղաքաշինական գործունեությունը չի դադարեցվել մայրաքաղաքում, միայն կասեցվել է հուլիսի 1-ից հետո տրվող կառուցապատման նպատակներով հողամասերի եւ (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը:
Մենք հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչու է Տիգրան Ավինյանը Երեւանի քաղաքապետի հունիսի 7-ի հրամանով «Երեւաննախագիծ» ՓԲ ընկերությանը հատկացրել 60 մլն դրամ: Չնայած պաշտոնական հիմնավորմանը, որ 60 մլն-ն տրվել է «ընկերության աշխատակիցներին դրամական խրախուսում հատկացնելու համար», այդուհանդերձ, խնդրել էինք պարզաբանել, թե կոնկրետ որ կատարած աշխատանքի համար է քաղաքապետը որոշել խրախուսել ընկերության աշխատակիցներին։ Արդյո՞ք սա կապված է Երեւանի գլխավոր հատակագծի հետ։ Քաղաքապետարանը, իբրեւ պատասխան, նույնությամբ արտագրել է մեր հարցադրումը եւ ներկայացրել որպես պարզաբանում. «Տեղեկացնենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետի 07.06.2024թ. հ.725-Ա կարգադրությամբ, «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ին դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացվել է 60.0 մլն դրամի չափով ֆինանսավորում՝ ընկերության աշխատակիցներին դրամական խրախուսում հատկացնելու նպատակով»:
Նկատենք, որ սովորաբար կոնկրետ աշխատանքը վարձատրվում է կոնկրետ պայմանագրերի շրջանակում, հակառակ դեպքում աշխատակիցներին խրախուսում են գերակատարած պլանի, լավագույնս կատարած աշխատանքի համար, որը, այդուհանդերձ, կոնկրետ է ու հստակ: Հատկանշական է, որ քաղաքապետարանը շրջանցել է հարցի 2-րդ մասը, այն է` արդյո՞ք սա կապված է Երեւանի գլխավոր հատակագծի հետ, հատկապես որ 990 հազար դրամի սիմվոլիկ մի պայմանագիր է կնքվել «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի հետ:
Մնում է տարակուսել ու սպասել, թե երբ է առաջին փուլով մշակված Երեւանի գլխավոր հատակագիծը ներկայացվելու լայն շրջանակներին եւ ինչ նոր խնդիրներ ու անպատասխան հարցեր է առաջ բերելու: