Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նախօրեին դարձյալ անդրադարձել էր ակադեմիական քաղաքի թեմային՝ ազդարարելով, որ ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը պատրաստ է։ «Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական եւ ուսանող՝ Հայաստանից եւ արտերկրից, 8 պետական եւ 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ: Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաեւ ինտելեկտուալ ժամանցի եւ մարզական կյանքի հանրապետական կենտրոն: Ակադեմիական քաղաքի նախագծի մանրամասներն առաջիկայում ամենատարբեր առիթներով եւ ձեւաչափերով ներկայացնելու առիթներ կունենանք»,- մասնավորապես նշել էր Փաշինյանը:
Ի դեպ, նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն էլ նշել էր, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի առանձին հոդվածով սահմանվելու է ակադեմիական քաղաքին վերաբերող կարգավորումների շրջանակը։
Մի կողմից զարմանալի է, որ բուհերի միավորման, տեղափոխման հարցը դեռ քննարկումների փուլում է, աշխատանքային խմբերը նոր-նոր են ձեւավորվել ու քննարկումներ են իրականացնում, բայց արդեն պարզ է, որ 8 պետական եւ 8 միջազգային/մասնավոր բուհ է տեղափոխվելու ակադեմիական քաղաքի տարածք։ Այսինքն՝ հաշվարկն արվել է հողահատկացումից ելնելով, այլ ոչ թե տեղափոխվող բուհերի բովանդակությունն ու կոնցեպտը կարեւորելով։ Տպավորություն է, որ տրամաբանությանը հակառակ են գործում, մինչդեռ ճիշտ կլիներ նախ որոշել, թե որ բուհերն են տեղափոխվելու եւ ինչու։
Մյուս կողմից՝ որքանո՞վ է ճիշտ, երբ դեռ Երեւանի գլխավոր հատակագիծը մշակման փուլում է եւ չի էլ հաստատվել, բայց արդեն պատրաստ է ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը։ Ինչպես պարզեցինք՝ եթե գլխավոր հատակագիծը մինչեւ հիմա հաստատված չէ, իրավունք չկա նույնիսկ հողահատկացում անելու (հատկանշական է, որ հողահատկացումն էլ օրեր առաջ է արվել՝ կառավարության վերջին նիստում, չզեկուցվող հարցերի թվում՝ հաստատելով Երեւան քաղաքի եւ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշումը): Մինչդեռ հողահատկացում, հողի տրամադրում կատարվում է այն դեպքում, երբ դա նախատեսված է քաղաքի գլխավոր հատակագծով։ Հիմա ստացվում է՝ քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատված չէ, բայց կառավարությունը հողահատկացում է արել, ինչն արդեն «Քաղաքաշինության մասին» օրենքի խախտում է։
Բացի այդ, նման մասշտաբի ծրագիրը եւ դրա մաստեր-պլանը պետք է նախատեսված լինեին նաեւ ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով, որի ժամկետը նույնպես լրացել է, եւ աշխատանքներ են տարվում՝ նորը մշակելու համար։