Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Սեպտեմբերի 16-ի դրությամբ Տավուշի մարզպետարանի աշխատակիցները որքա՞ն պարգեւավճար են ստացել, Տավուշի մարզի կարիքավորները մարզպետարանի միջոցով որքա՞ն դրամական աջակցություն են ստացել։ 2025-ին կարիքավորներից մարզպետարանում դրամական աջակցության քանի՞ դիմում է եղել, դրանցից քանի՞սն է բավարարվել»։
Մարզպետի աշխատակազմից պատասխանել են, որ սեպտեմբերի 16-ի դրությամբ մարզպետի աշխատակազմի աշխատակիցներին վճարվել է 48 միլիոն 509.1 հազար դրամ պարգեւավճար, իսկ ըստ իրենց դիմումների` մարզի կարիքավոր բնակիչներին տրվել է 39 միլիոն 541.0 հազար դրամի ֆինանսական աջակցություն։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը եւ մարզպետի աշխատակազմի գրեթե յոթ տասնյակ պաշտոնյաները պետական բյուջեից մոտ 9 միլիոն դրամ գումար ավելի են ստացել, քան ողջ Տավուշի մարզի սոցիալապես անապահովները՝ դրամական օգնություն։ Ուշագրավ է, որ Տավուշի մարզպետը չի պատասխանել այն հարցին, թե 2025 թվականին մարզի կարիքավորներից մարզպետարանում դրամական աջակցության քանի դիմում է եղել, դրանցից քանիսն է բավարարվել: Տավուշի մարզի բազմաթիվ կարիքավորներից բողոքներ եմ ստացել, որ մարզպետարանի համապատասխան հանձնաժողովը տարբեր պատճառաբանություններով մերժել է դրամական աջակցություն տրամադրելու իրենց խնդրանք-դիմումները։ Ստացվում է, որ մարզի աղքատների դրամական օգնության խնդրանք- դիմումները մերժել են, իսկ իրենք՝ պետբյուջեից ճոխ-ճոխ ինքնապարգեւատրվել։ Այս գործելակերպը, ի դեպ, առկա է Հայաստանի բոլոր մարզպետների աշխատակազմերում (նախկինում մարզպետարաններ էին կոչվում)։
Հոկտեմբերի 2-ին տեղեկատվական հարցում եմ արել Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին․ «2025թ․ հոկտեմբերի 2-ի դրությամբ Լոռու մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ընթացիկ տարվա ընթացքում պետական բյուջեից ընդհանուր որքա՞ն պարգեւավճար են ստացել։ Հոկտեմբերի 2-ի դրությամբ Լոռու մարզպետի աշխատակազմում այս տարվա ընթացքում Լոռու մարզի կարիքավոր բնակիչներից դրամական աջակցության խնդրանքով քանի՞ դիմում է ստացվել, դրանցից քանի՞սն է բավարարվել, ընդհանուր որքա՞ն գումար աջակցություն է տրամադրվել մարզի կարիքավորներին»։
Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Մ․ Դալլաքյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «2025 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ դրամական օգնություն ստանալու համար ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ է դիմել 744 բնակիչ, որից մերժվել են 331-ը, դրամական օգնություն է տրամադրվել 413 քաղաքացու՝ ընդհանուր 9460,5 հազար դրամի չափով։ 2025 թվականի պետական բյուջեով ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմին «Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ» հոդվածով հատկացված է 47 մլն 765,8 հազար դրամ։ Նշված գումարից ինն ամսում աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար աշխատակազմի աշխատակիցներին տրամադրվել է 31 մլն 843,9 հազար դրամ պարգեւատրում: 2025 թվականին պետական բյուջեից Լոռու մարզպետի աշխատակազմին «Քաղաքացիական, դատական եւ պետական ծառայողների պարգեւատրում» հոդվածով հատկացված է 29 մլն 232,1 հազար դրամ, որը նախատեսված է՝ համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կիսամյակի կատարողականների արդյունքների հիման վրա աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին պարգեւատրվելու համար։ Նշված գումարը հունվար եւ հուլիս ամիսներին, ըստ ներկայացված կատարողականների գնահատման, սահմանված կարգով վճարվել է աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին»։
Այսինքն՝ Լոռու մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները հոկտեմբերի 2-ի դրությամբ պետբյուջեից ավելի քան 61 միլիոն դրամ պարգեւավճար են ստացել, իսկ մարզի 413 կարիքավորները ստացել են ընդամենը 9 միլիոն 460 հազար 500 դրամ աջակցություն, 331 բնակչի դիմումն էլ մերժել են։ Կուշտը սովածին պետբյուջեից մանր է բրդում։