Արցախից Հայաստան գալուց հետո Սամվել Բաբայանը հարցազրույց էր տվել Հ1-ին եւ մի քանի աղմկոտ հայտարարություններ արել։ Նախ՝ Բաբայանն այդպես էլ հստակ չկարողացավ բացատրել, թե ինչպես են ադրբեջանցիներն իրեն թույլ տվել գալ Հայաստան։
Ըստ նրա՝ անցակետը հսկող ադրբեջանցիները երիտասարդ էին եւ իրեն չեն ճանաչել՝ այն դեպքում, երբ Սամվել Բաբայանին Ադրբեջանում ավելի շատ մարդ է ճանաչում, քան Մայքլ Ջեքսոնին։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Սամվել Բաբայանին չճանաչած ադրբեջանցիներն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին են ճանաչել ու ձերբակալել, երբ վերջինս Բաբայանի նման փորձել է Լաչինով գալ Հայաստան։ Ավելին, նրա վրա մի քանի հոդված են դրել՝ զինված խմբեր պատրաստելու եւ սահմանն ապօրինի հատելու։
Հ1-ին տված իր հարցազրույցում Ս․ Բաբայանը հայտարարեց, թե ինքն ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Արցախի՝ ավտոնոմ հանրապետության կարգավիճակի վերաբերյալ, թղթեր է ուղարկել Ադրբեջան, այնտեղից էլ միջնորդավորված թղթեր են ուղարկել իրեն, սակայն Արցախի իշխանություններն ու խորհրդարանականները, ըստ նրա, տապալել են այդ գործընթացը եւ Հայաստան գալուն պես պիտի ձերբակալվեն ու դատարանում բացատրություններ տան։ Բաբայանն ասաց, որ դատախազությունն ու Քննչական կոմիտեն իր ասածները պետք է ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում։ Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանին հարցրինք, թե նախկինում Բաբայանն ասե՞լ է, որ նման պայմանավորվածություններ ունի Ադրբեջանի հետ։
«Նախ ուզում եմ սկսել նրանից, որ ես խոստանում եմ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում, եւ ոչ միայն ես, այլեւս շատ-շատերը՝ տասնյակ մարդիկ, ամբողջությամբ, բաց փակագծերով առաջիկայում խոսելու ենք, եւ որեւէ գաղտնիք չի մնալու։ Ընդհանուր ես ուզում եմ ասել, որ ես այլեւս իրեն անուն-ազգանունով չեմ դիմելու, այդ անձը «տրոյական ձին» էր, որն արեց այն, ինչը պիտի աներ։ Այն շղթայի մի մասնիկն էր, որ սցենարով էր գնում։ Ես ուղղակի առաջարկում եմ նայել նրա ամեն անգամվա այցելություններն Արցախ․ նրա գալը, կարճ ժամանակ հետո Արցախում հերթական աղետը եւ իր փախուստը դրանից ժամեր առաջ կամ հետո։ Այսինքն՝ նախ պիտի խոսենք, թե ինչ ձեւով է ինքն այստեղից գնացել, այդ փակագծերը հերթով պիտի բացվեն, կարծում եմ՝ տասնյակներով մարդիկ են պատմելու այդ ամենը, վստահ եղեք։ Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա ես կարճ կմեկնաբանեմ, որովհետեւ մենք այստեղ հա՛մ ուժասպառ ենք, հա՛մ «տրոյական ձիերով»՝ լպրծուն դեմքով, բերանը մինչեւ ականջները բացած՝ Արցախի այս վիճակով հրճվողին պատասխան տալու պահը չէ։ Այո, դա ասվել է մի վայրում, որտեղ նաեւ ես եմ ներկա գտնվել, եւ ինձ համար դա սահմռկեցուցիչ հայտարարություն էր։ Ես մտածում էի, որ նրան պատկան մարմինները պետք է արագ ձերբակալեին, քանի որ դա պարզ հաղորդում էր առ այն, որ թշնամի կողմի գործակալն է այդ դահլիճում, բոլորի ներկայությամբ, նման հայտարարություն անում, որովհետեւ ես՝ պատգամավոր լինելով, եւ որեւէ մեկը չէր կարող նման բան անել։ Եթե ինքը հատուկ գործակալ չէր, ինչպե՞ս կարող էր փաստաթղթեր ուղարկել Ադրբեջան, եւ ո՞վ գիտե, թե ինչ փաստաթղթեր էին դրանք․ որեւէ մեկը չգիտի։ Ամեն դեպքում, այն մարդիկ, որոնց ներկայությամբ դա ասվել է, մոտ 8 տասնյակ մարդ կար այդտեղ, եւ իմ շրջապատի մարդիկ, որոնք նստած էին այդտեղ, իրենք դա առաջին անգամ էին լսում, սառը ցնցուղի պես էր։ Ստացվում է, որ մարդը սեփական հանցագործության մասին հայտարարություն է անում Հանրային հեռուստաընկերության եթերում, սա պետք է որպես փաստ արձանագրել, մնացածը՝ հետո»,- պատասխանեց Հակոբյանը։
Դիտարկմանը, որ Բաբայանն իրենց դեմ հաղորդում է տվել, որպեսզի Հայաստան գալուց հետո Արցախի իշխանություններին ձերբակալեն, Հակոբյանը կարճ արձագանքեց․ «Ցանկացած անբարո միշտ առաջինը դիմացինին է անբարո անվանում՝ դրանով փորձելով թաքցնել իր կերպարը։ Ես ասում եմ՝ քիչ ժամանակ է մնացել, եւ ոչինչ չի ավարտվել, ամեն ինչ դեռ սկսվելու է, եւ ամսի 19-ին, այն, ինչ պիտի տեղի ունենար, այն, ինչի մասին մեր քաղաքական թիմը տարիներ շարունակ փորձում էր այս աղետից ազատել թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը, ամեն ինչ սկսվել է սեպտեմբերի 19-ից, դեռ նոր է սկսվել։ Հիմա «տրոյական ձին» Հայաստանի Հանրապետությունում է, ուղղակի դուք քանի դեռ այդտեղ եք, փրկեք Հայաստանը, որովհետեւ դուք չեք տեսել, թե Արցախում ինչ է կատարվում, իսկ մենք պարզ տեսնում ենք, որ «տրոյական ձին» Հայաստանում է, եւ պատրաստում են նույն բանը, ինչն Արցախում է տեղի ունեցել»։