Նախօրեին Արցախի ԱԺ ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել է Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածության հարցը։ Հանձնաժողովը 4 կողմ եւ 2 դեմ ձայներով հաստատել է Արայիկ Հարությունյանի մտերիմ Վահրամ Բաղդասարյանի թեկնածությունը, Հարությունյանի «Ազատ հայրենիքի» պատգամավորներին միացել է Սամվել Բաբայանի կուսակիցը։ Մրցակից «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի օգտին գրանցվել է 2 կողմ, 3 դեմ, 1 ձեռնպահ։ Մենք օրերս անդրադարձել էինք այս թեմային՝ գրելով, որ ԱՀ նախագահը ցանկանում է ֆինանսների նախկին նախարար Վահրամ Բաղդասարյանին Հաշվեքննիչ պալատի նախագահ դարձնել, այսինքն՝ բյուջեն կազմած պաշտոնյային ուղարկում է բյուջեի ծախսման արդյունավետությունը վերահսկելու։
Այն պարագայում, երբ Բաղդասարյանը չի ծառայել բանակում, ինչն այս պաշտոնի համար, ԼՂՀ օրենսդրությամբ, պարտադիր է։ Դավիթ Գալստյանը նիստի վերջում հայտարարել է՝ կհանդիպենք դատարանում: Նա պատրաստվում է օրինախախտության վերաբերյալ հայց ներկայացնել։ Զրուցեցինք Գալստյանի հետ։
- Զարմանալի է, որ պատերազմից հետո էլ` այս իրավիճակում, իշխանությունը ոչ թե պետականաշինության հարցեր է լուծում, այլ՝ անձնական։ Հանձնաժողովի նիստի արդյունքներն էլ դրա ապացույցներից մեկն են։ Մարդիկ փորձում են աշխատանքի տեղավորել յուրային գործազուրկին։ Ֆինանսների նախկին նախարարին, ում վերջերս էր ազատել, քանի որ պետնախարարն է այդ ոլորտն այսուհետ կարգավորելու, հիմա փորձում է տեղավորել սահմանադրական կառույցում, որը կոչված է օբյեկտիվ հաշվեքննություն իրականացնել, իսկ այս պարագայում դա չի կարող լինել։ Այդուհանդերձ, իշխանությունը քաղաքական առեւտրի միջոցով անցկացրեց իր թեկնածուին։
- Նկատի ունեք, որ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավորի քվեարկությո՞ւնը վճռորոշ եղավ։
- Այո։ ՄՀԿ-ն, որն ուներ օբյեկտիվ հիմքեր՝ կասկածի տակ դնելու թեկնածուի ստաժը, որը չէր համապատասխանում։ Թե այն հանգամանքը, որ զինվորական ծառայության չէր մասնակցել՝ արցախյան գոյամարտին, ապրիլյան պատերազմին, նման մարդուն այսօր տանում են բարձր պաշտոնի։ Վստահ եմ, որ ՀՊ անդամի հաջորդ թեկնածուն լինելու է «Միասնական հայրենիքից», առեւտուրը հենց սրանում է, որ ոչ թե մասնագիտական ունակություններն են հաշվի առնվում, այլ՝ յուրային լինելու փաստը։
- Կապիտուլյացիայից հետո Սամվել Բաբայանը հրաժարվեց ԱԽ քարտուղարի պաշտոնից, կոշտ քննադատեց թե՛ Հարությունյանին, թե՛ Փաշինյանին, ապա հայտարարեց, թե Արցախի նախագահի հետ ստորագրած հուշագիրը չեղարկում է, հիմա նորից հուշագի՞ր են կնքել։
- Չենք կնքել, բայց ավելի հստակ քայլերով են համագործակցությունը շարունակում։ Ի դեպ, երբ նախորդ անգամ էին նույն պաշտոնի համար թեկնածու ներկայացրել, «Միասնական հայրենիքը» դեմ քվեարկեց՝ ասելով, որ չի համապատասխանում օրենսդրական պահանջներին, իրենք էլ վրդովվել էին, թե հուշագիրը չի՞ աշխատում։ Իսկ հիմա տեսնում եք, թե ինչ են անում։ Չեմ կարծում, թե նոր հուշագիր կլինի, բայց բանավոր կուլիսային պայմանավորվածությունները միշտ են եղել իրենց մոտ, համոզված եմ, որ շուտով նաեւ պաշտոնների տեսքով կդրսեւորվեն։
- Արայիկ Հարությունյանը վերջին շաբաթներին կադրային ակտիվ «ռակիրովկաներ» է իրականացնում, ներքին գործերի նախարարություն ստեղծեց․ միտվա՞ծ են դրանք Արցախում խնդիրների լուծմանը։
- Հաստիքների ավելացումը միայն նրա համար է, որ մերձավոր շրջապատի մարդկանց տեղավորի աշխատանքի, ուրիշ ոչինչ։ Հեսա նախարարի, փոխնախարարի, աշխատակազմի ղեկավարի հաստիքներ են բացվելու։ Իշխանությունն այս փոփոխությունը իբր հիմնավորում է, թե նախարարություն կդառնան ՈՍ-ն եւ ԱԻՆ-ը, հաշվետվողականությունը կբարձրանա, բայց մեր խմբակցությունն առաջարկեց՝ եթե դա է նպատակը, երկու ծառայությունն էլ նախարարություն դարձրեք, ոչ թե նոր նախարարություն բացեք։ Առավել եւս, որ շատ սխալ է ԱԻՆ-ն ու ՈՍ-ն մեկ համակարգում միավորելը։ Փրկարար ծառայությանը հաճախ են հումանիտար օգնություն տալիս, իսկ ՆԳՆ-ի կազմում դնելով՝ այդ հումանիտարությունն ինքնըստինքյան երկրորդ պլան է մղվում։
Այդ ծառայությունները թեեւ առանձին մնում են նախարարության կազմում, բայց կորցնում են ինքնուրույնությունը եւ ենթարկվում են ՆԳ նախարարին, որտեղ կարող են նշանակվել քաղաքացիական անձինք, որոնք համակարգում ստաժ չունեն։ Այսինքն՝ վաղը, մյուս օրը կարող են նման անձի նշանակել, եւ մեր գեներալները, գնդապետները պետք է ենթարկվեն իրեն։ Այս քայլով փորձում են երկարացնել իրենց իշխանությունը, բայց չի ստացվի։
- Բայց, մյուս կողմից, ընդդիմության ակտիվ քայլեր չենք տեսնում, բավականին իներտ եք, խոսվում էր, որ Վիտալի Բալասանյանի հավանությամբ պետք է նշանակվեն ուժայինները, հիմա նույն ոստիկանապետն իր սրտո՞վ է։
- Ես չեմ կարող Վիտալի Բալասանյանի փոխարեն պատասխանել, իսկ ինչ վերաբերում է իներտությանը, բացարձակ այդպես չէ։ Մեր ցանկացած քայլ ուղղված է այս իշխանությանն օր առաջ հեռացնելուն, քանի որ նրանց ամեն օրվա գործողություններն ուղղված են Արցախի դեմ։ Եթե նկատի ունեք, որ փողոց չենք գեներացնում, ապա դա պայմանավորված է ոչ թե իշխանություններին հանդուրժելով, այլ անորոշ վիճակ է։ Մենք տեսնում ենք գերիների չլուծված հարց, որ սրանք չշահարկեն, ասեն՝ վնասում եք այդ գործին, շատ հարցեր կան, որոնք հստակեցված չեն, շրջափակված ենք, Հայաստանի, եթե կարելի է իշխանություն ասել (որովհետեւ ես մտածում եմ, որ անիշխանություն է թե՛ այստեղ, թե՛ Հայաստանում), այստեղի իշխանության հետ սերտ համագործակցում են։ Եվ եթե այստեղ վաղը իշխանություն փոխվի, Հայաստանինը նույնը մնա, չկա երաշխիք, որ միջպետական վարկի հետ կապված ուշացումներ չեն լինի, թոշակներ այլեւս չենք կարողանա վճարել։ Վստահ եմ, որ ՀՀ իշխանություններն արհեստական խոչընդոտներ կստեղծեն, եթե այստեղ իշխանափոխություն լինի, ինչն իրենց սրտով չէ։ Դրա համար եմ ասում, որ պետք է զուգահեռ անել։ Ես վստահ եմ, որ պահը հասունանալու է, ժողովուրդը հասկանալու է, թե ինչ է կատարվել, եւ տալու են։