Երեւանցիների դաժան քննադատության թիրախում հայտնված քաղաքային իշխանությունը փորձում է ձախողման մեղավոր կարգել իր հիմնական քաղաքական հակառակորդին՝ տեղեկություն տարածելով, թե քայքայվող ասֆալտն արել է Ռոբերտ Քոչարյանի խնամուն պատկանող AAB ընկերությունը: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը սա հերքել է` «հերթական հիմարություն» անվանելով եւ բացահայտելով, որ Քոչարյանի երեք խնամիներից որեւէ մեկին ասֆալտապատման որեւէ ընկերություն չի պատկանում:
Բայց հունվարից սկսած՝ Երեւանի փողոցներում ասֆալտը քայքայվել է, հսկայական փոսեր են առաջացել, մոտավորապես նույն պատկերը նաեւ մարզերում է: Օրինակ` Աբովյան քաղաքում ձյունը հալվելուց հետո անտանելի փոսեր են առաջացել, սակայն որեւէ մեկը դեռեւս փոսալցման աշխատանքներ չի ձեռնարկել:
Ակտիվիստ Արթուր Չախոյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ասֆալտի որակին, ասում է. «Գայի պողոտայի ասֆալտը, ըստ փաստաթղթերի, պետք է լինի 5 սմ հաստությամբ, այլ ոչ թե 2.5-4 սմ, հուսամ՝ գիտակից մարդիկ հասկանում են, որ ատկատով անորակ փռված ասֆալտի քանդվելն աղից չէ, այլ հենց անորակ կատարված աշխատանքի հետեւանքն է: Ես անձամբ բազմիցս եմ ականատես եղել, թե ինչպես են առանց փոշեզրկման` հողի վրա ասֆալտ անում, ավելին` այդ ամենը տեսաձայնագրել ու հրապարակել եմ դեռ վաղուց: Նման օրինակները բազմաթիվ են: Ակնհայտ է, որ եթե վատ ասֆալտապատումը չի կրում իրավական հետեւանքներ, եթե որեւէ մեկը չի ենթարկվում պատասխանատվության, նշանակում է, որ գործ ունենք բացահայտ հովանավորչական բնույթի իրավիճակի հետ: Հակառակ դեպքում` ինչո՞ւ Երեւանի քաղաքապետարանն այս ամենին պատշաճ իրավական գնահատական չի տալիս: Եթե մենք Երեւանի քաղաքապետարանից մեկնաբանություն պահանջենք, կասեն, որ ամեն բան ճիշտ են արել, սակայն մենք տեսնում ենք, որ նոր ասֆալտները քանդվում են: Միայն Գայի պողոտայում 50 հազար քառակուսի է, 5 սմ ասֆալտի համար Երեւանի քաղաքապետարանը, ըստ պայմանագրի ծավալաթերթի, վճարում է 5 հազար 255 դրամ: Եթե 5 սմ ասֆալտից 1 սմ բարակ ասֆալտ են անում ողջ 50 հազար քմ տարածքում, ապա ընդհանուր 52 միլիոն 500 հազար դրամի ասֆալտ քիչ են արել, եւ դա՝ միայն Գայի պողոտայում, չենք խոսում ողջ մայրաքաղաքի մասին»: