Քաղաքականություն

Մոսկվան փորձում է Երեւանի հետ ուղիղ առճակատման չգնալ․ ռուս քաղաքագետ

Մոսկվան փորձում է Երեւանի հետ ուղիղ առճակատման չգնալ․ ռուս քաղաքագետ

Երեկ Արեւելյան տնտեսական ֆորումի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել էր նաեւ հայ-ռուսական հարաբերությունների մասին եւ, ի տարբերություն, ՌԴ ԱԳՆ հայտնի հայտարարության, արտահայտվել էր ավելի մեղմ բառապաշարով։ Ռուս քաղաքագետ Վլադիմիր Նովիկովը «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում, անդրադառնալով Պուտինի՝ հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի մասին հայտարարություններին, նկատում է, որ ՌԴ նախագահը փորձել է նվազեցնել Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում առկա լարվածությունը։ «Պուտինը, որպես փորձառու դիվանագետ, խուսափում է Հայաստանի ղեկավարության հետ առճակատումից, քանի որ բոլորս ենք հասկանում, որ այս կամ այն վարչապետները գալիս են եւ գնում, իսկ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են գոյություն ունենալ»,- նշում է Նովիկովը։

Վերջինս գտնում է, որ Մոսկվան ամեն ջանք գործադրում է, որպեսզի խուսափի Հայաստանի ներկայիս ղեկավարության հետ ուղիղ առճակատումից։ Իսկ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, ինչպես հայտնի է, ամեն բան անում է, որպեսզի առաջացնի Ռուսաստանի դժգոհությունն ու զայրույթը։ Ռուս փորձագետը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի հանդեպ վարած նման առճակատումային քաղաքականությունը հասկանալի է։ «Ռազմաքաղաքական եւ դիվանագիտական ձախողումների պայմաններում, երբ փաստացիորեն ինքդ քեզ հեռացրել ես ԼՂ խնդրի կարգավորման գործընթացից, Փաշինյանին անհրաժեշտ է «քավության նոխազ», որի վրա հնարավոր կլիներ բարդել բոլոր սեփական ձախողումները։ Նրա քայլերից դատելով, նա ընտրել է որպես «քավության նոխազ» Ռուսաստանին եւ շարունակելու է Մոսկվայի հետ հարաբերությունների հետագա լարման քաղաքականությունը»։ Նովիկովն ասել է, որ այդ «քավության նոխազը» հատկապես անհրաժեշտ է Փաշինյանին՝ ներքին լսարանում առկա բացասական էներգետիկան իր վրայից հանելու համար։ 

Հիշեցնենք, որ Պուտինը ասել էր, որ հայ-ռուսական հարաբերություններում որեւէ շրջադարձ չի տեսնում։ Նա նաեւ ասել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image