Այսօր աշխարհի թեժ կետերից մեկն էլ մեր հարեւան Վրաստանն է, որտեղ արեւմտամետների մի մեծ զանգված արդեն օրեր շարունակ տուն չի գնում եւ պայքարն օր օրի թեժանում է: Ինչ զարգացումներ կարող են լինել մեր հարեւան երկրում:
Վրաստանի իշխանությունն ունի դիմակայության ռեսուրս, որքան էլ պրոցեսը համեմատվի 2014թ ուկրաինական մայդանի հետ, կարծում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ «2014 թվականին ամբողջ ուկրաինական ժողովուրդը համոզված էր՝ հենց Յանուկովիչին վռնդեն, Ուկրաինան միանգամից կհայտնվի ԵՄ կազմում ու հասարակության կենսամակարդակը միանգամից կբարձրանա, բայց կյանքը ցույց տվեց, որ Ուկրաինան ոչ թե ԵՄ անդամ այլ մանրադրամ դարձավ՝ երկիրը փլուզված է, քաղաքներն ավիրված, ավելի քան 750 հազար մարդ զոհվել կամ վիրավորվել է։ Այս ամենը հետխորհրդային ժողովուրդները, այդ թվում` վրացիները, տեսնում են եւ հասկանում, որ ԵՄ անդամությունն, իհարկե, լավ բան է, բայց իրականությանը չի համապատասխանում։ Վրաց ժողովրդի մեծ մասը, ճիշտ է, լռելյայն, բայց չի ուզում, որ Վրաստանը Ռուսաստանի հետ պատերազմի մեջ հայտնվի։ Այս գործոնը հաշվի առնելով, Վրաստանի իշխանությունն իրեն պինդ է զգում, նա ունի իդեա»-ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։