Անկանոն վարելու ու «շումախերության» հերթական դեպքը՝ կառավարական համարներով մեքենայի կատարմամբ, արձանագրվեց նախօրեին։ Այս անգամ «փայլել» է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին սպասարկող մեքենան. տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր Երեւանի ավագանու անդամ Սամվել Հակոբյանը՝ նշելով, որ կիրակի Պապիկյանի ծառայողական շքեղ ինքնագնացը մխրճվել է կայանված մեքենաների մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Կորյունի փողոցում՝ ապրիլի 27-ին, ժամը 22.50-ի սահմաններում։ Պապիկյանի խոսնակը շտապեց հերքել, թե «տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը»։ Բայց այս խայտառակ տեքստով փաստացի հաստատեց, որ մեքենան նախարարի ծառայողականն է եղել՝ հերքելով մի բան միայն, որի մասին տեղեկություն չէր էլ հրապարակվել, թե Պապիկյանը մեքենայի մեջ չի եղել։
Սա պաշտպանության նախարարի անվան հետ կապվող արդեն երկրորդ միջադեպն է։ 2021թ․ հունիսի 16-ին ՏԿԵ նախարար Պապիկյանին սպասարկող Toyota Land Cruiser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Վայոց Ձորի մարզից Երեւան գալու ճանապարհին Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել էր դիմացից ընթացող «Նիվա» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի պատճառով, մեքենայում գտնված անչափահաս տղան լուրջ վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել։
Պապիկյանի ծառայողական մեքենայի դեպքից առաջ էլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին սպասարկող ամենագնացների շարասյունն էր Սյունիքի մարզում վթարային իրավիճակ ստեղծել` դեպքը փորձել էին կոծկել. ՆԳՆ-ն հայտնել էր, թե նյութական վնասով վթարների վերաբերյալ հաղորդագրություն երբեք չեն տարածում։ Այսինքն, շնորհակալ եղեք, որ զոհ չի եղել, ու լռեք:
Բայց խելահեղ արագությամբ սլացող կառավարական լկտի շարասյուների ամենաողբերգական դեպքը, իհարկե, մայրանալ պատրաստվող Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելն էր, երբ ԱԺ հանդիպման գնացող Փաշինյանի ավտոշարասյունը դարձավ երիտասարդ կնոջ ու նրա դեռ չծնված երեխայի մահվան պատճառը։ Մեկ տասնյակի հասնող մեքենաներից եւ ոչ մեկը չէր կանգնել, որ վրաերթի ենթարկված կնոջն օգնություն ցույց տար։ Ապրիլի 26-ին՝ Փաշինյանի հորինած Քաղաքացու օրը, լրացավ Սոնա Մնացականյանի ու նրա երեխայի մահվան երրորդ տարելիցը։ Այս ողբերգության համար որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Փաշինյանի ավտոշարասյունը գերազանցել էր մինչեւ 100 կմ/ժամ թույլատրելի արագությունը, վարորդը, որի մեքենան հարվածել էր կնոջը, ազատության մեջ է ու շարունակում է ծառայությունը, իսկ տուժող կողմի շահերի ներկայացուցիչները պնդում են, որ մեքենայում ռադիոկապի խոսակցությունների ձայնագրություններն են անհետացել։ Գործը դատարանում է ու տեղում դոփում է։
Իսկ 2019-ին Փաշինյանը հայտարարում էր, թե շատ բան է փոխվել երկրում` վարչապետի ավտոշարասյունը կանգնում է կարմիր լույսի տակ եւ քաղաքացուն զիջում ճանապարհը։ Սոնային հարվածելու պահին Փաշինյանը որեւէ բացառիկ իրադարձության չէր շտապում` ուղղակի գնում էր ՔՊ նիստին մասնակցելու, բայց աղմուկն ու սլանալը փիառի մաս են կազմում եւ սեփական առավելությունն ընդգծելու նպատակ ունեն։
«Այս դեպքերը իշխանական քարոզչամեքենան ներկայացնում է որպես «դժբախտ պատահարներ», այսինքն՝ պատահականություններ։ Իրականում, առնվազն 2019 թվականից բազմաթիվ դեպքեր են հայտնի դարձել թե՛ Նիկոլ Փաշինյանի շարասյան հետ կապված, թե՛ այլ բարձրաստիճան պաշտոնյաների եւ իրենց մերձավորների ավտոմեքենաների: Վերջերս, օրինակ, Սյունիքում Աննա Հակոբյանի շարասյունն ուղեկցող մեքենան էր այլ մեքենայի հարվածել, բարեբախտաբար՝ առանց զոհերի։ Նշանակում է, որ սա արդեն ոչ թե առանձին՝ իրար հետ կապ չունեցող դժբախտ պատահարների շարան է, այլ հստակ օրինաչափություն։ Հաշվի առնելով, որ դրանցից ամենաողբերգական՝ Սոնա Մնացականյանի գործով աչքի են զարնում իշխանությունների կողմից գործին խառնվելը թե՛ քննության փուլում, թե՛ դատավարության, կարող ենք նաեւ խոսել համակարգի կողմից խրախուսվող անպատժելիության մասին»,- «Հրապարակ»-ին ասում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, որը հետեւում է կառավարական մեքենաների մահաբեր «խրախճանքին»։ Նրա խոսքով, Սոնա Մնացականյանի եւ նրա չծնված երեխայի զոհվելուց մոտ 1 տարի առաջ կրկին Փաշինյանի շարասյան հետ կապված մեկ այլ վթար էր եղել, որի հետեւանքով տուժող կինը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում։ «Այդ բազմաթիվ դեպքերը կոծկվում են կամ խլացվում ամենօրյա հորդառատ եւ պղտոր ինֆորմացիոն հոսքերում, շատ դեպքերի մասին մարդիկ ընդհանրապես չեն խոսում՝ զգուշանալով հնարավոր բռնաճնշումներից։ Ցավոք, պետք չէ պայծառատես լինել՝ հասկանալու համար, որ պաշտոնյաների ավտաշարասյուների, կառավարական մեքենաների ընդունած այս ոճը, վաղ թե ուշ, նոր ողբերգությունների է հանգեցնելու»,- ասում է մեր զրուցակիցը՝ շեշտելով այն անպատժելիության մթնոլորտը, որի պայմաններում տեղի են ունենում այս միջադեպերը։
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի իրավապաշտպան Մարիամ Կանանյանը եւս արձանագրում է՝ բարձրաստիճան պաշտոնյաներին ուղեկցող մեքենաների վարքագիծը չի փոխվում։ «Երեկվա դեպքի հետ կապված կարող ենք ասել, որ սա Սուրեն Պապիկյանի ծառայողական մեքենայի կողմից արձանագրված արդեն երկրորդ վթարն է։ Առաջինը 2021-ին էր, մեքենայում, որին հարվածել էր նրա մեքենան, գտնվել էր երեխա, որը ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել, իսկ վերջին դեպքն ընդհանրապես չէր վերաբերել աշխատանքային ժամի, որ նման արագությամբ վարեն ու այլոց համար սպառնալիք դառնան։ Նաեւ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի անթույլատրելի սանձարձակ վարքագծի դրսեւորումներն են շարունակական բնույթ կրում, եւ Սոնա Մնացականյանի մահը նման վարքագծի հետեւանք էր»,- «Հրապարակ»-ին ասում է իրավապաշտպանը՝ հավելելով, որ այս դեպքերը նաեւ վկայում են բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնեական դիրքի չարաշահման մասին։ «Սոնա Մնացականյանի մահվան օրը վարչապետն ընդամենը պետք է հասներ ԱԺ՝ ՔՊ խմբակցության նիստին, որը պետության համար կարեւոր իրադարձություն չէր, ոչ էլ՝ ինչ-որ արտակարգ դրություն, որ առանց կանգնելու շարունակեին ընթացքը։ Եթե 10 րոպե ուշանային, ոչինչ չէր պատահի։ Նույնը վերաբերում է նաեւ երեկվա դեպքին՝ երեկոյան ժամին այդպիսի արագությամբ սլանալուն, եթե իրենք պնդում են, որ պաշտոնյան մեքենայի մեջ չէր` առավել եւս, վարորդը նման արտոնություն չպետք է ունենար։ Պաշտոնյաների անվտանգությունն ու տեղաշարժն ապահովելը չպետք է լինի քաղաքացիների կյանքին եւ գույքին ի վնաս, պետք է կարողանան ճիշտ ապահովել այդ ամենը եւ դադարեցնել այդ ահաբեկչական սլացքը»,- նկատում է Մարիամ Կանանյանը։
Նրա խոսքով, քաղաքում ավտոշարասյունը կարող է 100 կմ/ժամ արագությամբ երթեւեկել, սակայն, ըստ պրոտոկոլների, պետք է անպայման հաշվի առնվեն տեղանքը, պայմանները։ Սոնա Մնացականյանի դեպքով, Փաշինյանի շարասյունը սլանում էր Լեո-Պարոնյան խաչմերուկով, որը բանուկ հատված է ու պատշաճ կերպով չի կարգավորվել։ «Սոնա Մնացականյանի մահվան դեպքով ձգձգվող դատական նիստին հետեւելու արդյունքում կարող եմ ասել, որ իշխանությունը բանեցնում է բոլոր պաշտոնեական լծակները՝ դեպքը մոռացության տալու եւ, ի վերջո, վաղեմության ժամկետին հասցնելու։ Սա նշանակում է, որ ամեն գնով փորձելու են իրենց արդարացնել եւ իրենց հանցանքների համար պատասխանատվություն չկրել»,- ասում է իրավապաշտպանը։