Պետական մարմինների մեջ ներքին խժդժություններ են, մեկը մյուսին դատի է տալիս, մեկը մյուսի վրա ավելորդ գումարներ է գրում, խաղից հանելու նպատակով: Այս ներքին խոհանոցը ոմանք փորձում են փակ պահել հանրությունից: Օրինակ, քաղաքի աղբահանությանը վերաբերող ստուգումների արդյունքները փորձում են գաղտնի պահել, վստահեցնելով, որ դրանք ենթակա չեն հրապարակման: Այսպիսի պատասխան մեզ տվեց երեկ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը, երբ փորձեցինք պարզել, թե ինչու է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը դատարան դիմել տեսչականի դեմ: Դատալեքս տեղեկատվական հարկաթում կարդում ենք, որ Կատվալյանը, որը հայտնի է որպես Ավինյանի ընկեր եւ նախկինում վարչական ղեկավար է եղել Մալաթիա-Սեբաստիա եւ Դավթաշեն համայնքներում, դիմել է դատարան` ընդդեմ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ու պահանջում է անվավեր ճանաչել իր վերաբերյալ մոտ մեկ ամիս առաջ տեսչության կողմից ընդունած որոշումը: Ի՞նչ վարույթ է տեղի ունեցել եւ ինչ որոշում է ընդունվել աղբահանության հիմարկի հետ կապված՝ հարցրեցինք
«Կներեք, եթե անգամ գրավոր դիմեք մեր մարմին, մենք որոշումը չենք տրամադրի, չենք տրամադրում վարույթի նյութեր վարույթի կողմ չհանդիսացող անձանց, առանց վարույթի կողմին հարցում անելու և դրական պատասխան ստանալու», - ասաց Սլավիկ Սարգսյանը, կարծես, խոսքը մասնավոր անձի մասին է, ոչ թե մի ամբողջ Երևան քաղաքի աղբահանության համար պատասխանատու պաշտոնյայի, իսկ ինքը ոչ թե տեսչական մարմնից է, այլ ԱԱԾ-ից:
Փաստորեն զիբիլ հավաքելը պետական գաղտնիքների շարքին են դասել ՔՊ-ականները, մոռանալով, որ աղբահանությունը բոլորիս աչքի առաջ է եւ չի կարող հույժ գաղտնի լինել: Դիմեցինք Սաշա Կատվալյանին, եւ նա բացատրեց, որ հարցը վերաբերում է դեռւս 2009 թվականին ընդունված առողջապահության նախարարի հրամանին: «Այդ հրամանով աղբամանի տեղադրությունը բնակելի տնից, կամ հասարակական շենք-շինությունից պետք է առնվազն 15 մետրի վրա լինի, որը իրականության մեջ հնարավոր չի պահպանել: Տեսչական մարմինը մեզ ակտավորել է մի բողոքի հիման վրա, որն առնչվում է այս հրամանին, մենք էլ դա բողոքարկել ենք», - ասաց նա:
Ըստ Սաշա Կատվալյանի, հնարավոր չէ Կենտրոնում պահել այդ 15 մետրը: «Հնարավոր է` աղբամանը հայտնվի, օրինակ, ուղիղ խաչմերուկի վրա; Արձանագրությունը կազմվել է հենց իմ անձի դեմ, եւ ես բողոքարկել եմ», - ասում է Սաշա Կատվալյանը: Նա նաև դիմել է, որ այս հրամանը փոխվի, քանի որ խիտ կառուցապատման պայմաններում այն անհնար է կատարել: Փաստորեն, ոչ մի պետական գաղտնիք էլ չկա, պարզապես տեսչության պետը մնացել է հին ժամանակներում: