Մոտ մեկ ամիս առաջ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը, նաեւ մեր օգնությամբ, արձագանքեց գործարարների բողոքներին եւ պատժեց ՀԴՄ-ների սպասարկման ծառայություններ մատուցող ընկերություններին, որոնք կամայական, չպատճառաբանված բարձր գներ էին սահմանել իրենց ծառայությունների համար: ՄՊՀ-ն հաղորդեց, որ այդ ընկերությունները տուգանվել են 288 մլն 828 հազար դրամով: Թեման բարձրացրել էր «Հրապարակը», քանի որ մեզ էին դիմել մի խումբ փոքր ձեռնարկատերեր: Խոսքը ՀԴՄ-ները սպասարկող ընկերությունների՝ «ՀԴՄ շտրիխ», «Սմարթ սոլյուշնս», մի շարք այլ ՍՊԸ-ների մասին է, որոնք 100 տոկոսով թանկացրել էին իրենց ծառայությունները՝ դրանց գինն ամսական 1800-2200-ից հասցնելով 3500-3600 դրամի:
Հանձնաժողովը տուգանել էր «Տոչ-մաստեր», «Իննթեք», «Քյու տերմինալ», «ՀԴՄ շտրիխ», «Տերմինալ սերվ», «Մերի-Քրիստ» եւ «Սմարթ սոլյուշնս» ընկերություններին, նրանց հանձնարարել էր դադարեցնել չհիմնավորված գների կիրառումն ու վերադարձնել 2024 թ. նոյեմբերի 1-ից մինչեւ 2025 թ. մայիսի 31-ը հավաքագրված հավելյալ հասույթը:
Մենք հետաքրքրվեցինք գործարարներից, թե արդյոք հետ ստացա՞ն իրենց գումարները, եւ, ի զարմանս մեզ, ստացանք հետեւյալ պատասխանը. «Ո՛չ ավել վճարված գումարներն են մեզ հետ տվել, ո՛չ էլ իրենց ծառայությունների սակագներն են իջեցրել: Այս ամենն անիմաստ աղմուկ էր: Смерть продолжается»,- ասաց մեր զրուցակիցը:
Սա նշանակում է, որ ՄՊՀ-ի որոշումները չեն կատարվում, ոչ մեկին այս մարմինը ոչինչ չի կարող հանձնարարել, տուգանել, պարտադրել, իսկ փոքր ձեռնարկատերերը հերթական անգամ իրենց խաբված զգացին: Կսպասենք հանձնաժողովի արձագանքին: