Հասարակություն

«Հրապարակ». Մարտունու քաղաքապետն իրեն դրել է Լյուդովիկոս 14-րդի տեղը

«Հրապարակ». Մարտունու քաղաքապետն իրեն դրել է Լյուդովիկոս 14-րդի տեղը

Մարտունու քաղաքային ստադիոնում երեկ լարված իրավիճակ էր։ Քաղաքապետ Հովիկ Հովեյանի հրահանգով եւ ոստիկանության աշխատողների ուղեկցությամբ՝ բանվորները պերֆորատորներով քանդել են Արաբո Հարությունյանի սեփականություն հանդիսացող քարե շինությունը։ Այս շինության վերաբերյալ գործ է քննվում Հակակոռուպցիոն դատարանում։ Սակայն առանց սպասելու դատարանի վճռին, քաղաքապետը որոշել է քանդել այն։ Արաբո Հարությունյանին ասվել է, որ տարածքը պետք է փոխանցեն մարզային ֆուտբոլային ակումբին։ Դեպքի մասին «Հրապարակին» ահազանգեց Արաբո Հարությունյանի շահերը ներկայացնող փաստաբան Արթուր Գրիգորյանը։

Ըստ փաստաբանի, քարե շինությունը քաղաքացին ժառանգել է տատից եւ հորից, եւ քաղաքային իշխանությունն այն քանդելու համար որեւէ հիմք, որեւէ փաստաթուղթ, դատարանի որոշում չունի։ «Այսպես, օրը ցերեկով եկել են ու քանդում են մարդուն պատկանող շինությունը։ Սա բացահայտ բեսպրեդել է։ Քաղաքապետն իրեն դրել է Լյուդովիկոս 14-րդի տեղը, գտնում է, որ իրեն ամեն ինչ կարելի է։ Իմ խնդրանքին` ցույց տալ ինձ իր գործողությունների հիմքը, նա պատասխանել է` «ես որոշումը կայացրել եմ»»,- ասում է փաստաբանը։ Նա նաեւ շփվել է քաղաքապետարանի իրավաբանի հետ, որը, որպես քանդման հիմք, նշել է կառավարության 2006-ի որոշումը, որով հողամասը, որի վրա կառուցված է շինությունը, փոխանցվել է համայնքին։ Հարցին, թե ինչ իրավունքով են Արաբո Հարությունյանին պատկանող շինությունը քանդում, իրավաբանը պատասխանել է. «Մենք դա դիտում ենք որպես ինքնակամ շինություն»: Արթուր Գրիգորյանն էլ «դիտել է», որ քաղաքապետը պաշտոնեական լիազորությունների անցում է թույլ տվել եւ պաշտոնեական դիրք է չարաշահել, ուստի հաղորդում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Հովիկ Հովեյանից, սակայն նա չպատասխանեց ո՛չ մեր զանգերին, ո՛չ էլ հաղորդագրություններին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image