Հարցազրույց

Մեկ անգամ էլ համոզվեցինք` այն կուրսը, որ որդեգրել ենք այս իշխանությունների դեմ, միանգամայն ճիշտ է 

Մեկ անգամ էլ համոզվեցինք` այն կուրսը, որ որդեգրել ենք այս իշխանությունների դեմ, միանգամայն ճիշտ է 

«Հրապարակի» զրուցակիցը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանն է:

- Օրեր առաջ Սուրբ Աննա եկեղեցու բակում Դուք եւս Բագրատ Գալստանյանի հետ ելույթ ունեցաք: Հանգստյան օրերին սրբազան շարժումը Կոտայքի մարզում էր, սակայն, այնուամենայնիվ, տպավորություն է, որ այս պահին չկա շարժում, քանի որ չկան բողոքի ակցիաներ: Եվ չնայած այս ամենին՝ սրբազան այցելություններ է կատարում տարբեր մարզեր, հանդիպում քաղաքացիների հետ: Ի վերջո` ի՞նչ կարող ենք արձանագրել այս իրողություններից: Այսօր, որպես այդպիսին, կա՞ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը եւ ի՞նչ փուլում է: Կա կարծիք, որ այն մարել է:

- Մարել է շարժումը կամ չի մարել՝ դրանք ավելի շատ գնահատականներ են, այլ ոչ թե փաստի արձանագրում: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը չի մարել, այն վերադասավորման փուլում է: Շարժման մեջ ներգրավված դերակատարները, որոնք սրբազան շարժման ակունքներում են եղել, այսօր շարունակում են տարբեր ուղղություններով իրենց գործունեությունը: Սեզոնային հանգամանքներում պայքարը վերադասավորման փուլում է, բայց այն չի մարել: Եթե փողոցային պայքար չկա, չի նշանակում, որ շարժումը մարել է: Երկարաժամկետ մարտավարություն է որդեգրել այն: Տարբեր հանդիպումները, քննարկումները, ակցիաները, որոնք տեղի ունեցան մինչեւ հունիսի 17-ը, հաջողությունների ու թերացումների արձանագրում են, այնպես որ՝ այն շարունակում է մնալ կենսունակ: Այսօր այն թեպետ շատ աչքի չի ընկնում, սակայն, ինչպես տեսնում ենք, մարզերում տարբեր հանդիպումներ են տեղի ունենում, բացատրական աշխատանքներ են կատարվում, տակտիկական փոփոխություններ են լինում եւ այլն:

- Ակցիաներից մեկի ժամանակ ուժայիններն առանձնակի դաժանություն ցուցաբերեցին Ձեր նկատմամբ, վնասվածքներ եւ ուղեղի ցնցում ստացաք, օրեր շարունակ բժշկական կենտրոնում էիք: Քաղաքացիների վրա նաեւ «Զարյա 3» տեսակի նռնակներ նետեցին: Այս ամենն ի՞նչ ազդեցություն է թողնում հանրության վրա:

- Իշխանությունները միշտ փորձում են, վախի ֆակտորով պայմանավորված, իրենց համար շահեկան վիճակ ստեղծել, ինչը կարծում են` վախեցնում է: Եթե իմ օրինակով ասեմ, ճիշտ հակառակը` լրացուցիչ ուժ, կամք ու եռանդ է տալիս, եւս մեկ անգամ համոզում է, որ այն կուրսը, որ որդեգրել ենք այս իշխանությունների դեմ, միանգամայն ճիշտ է:

- Տեղի ունեցածից հետո դեսպանատներ չե՞ք դիմել:

- Շարժումն ունի փաստաբանների, իրավաբանների խումբ, ովքեր զբաղվում են իրավական մասով: Ես` ինքս, չեմ դիմել ու չեմ պատրաստվում իմ հարցը դարձնել մատի փաթաթան` այս իշխանության նման, որն ամեն հարմար առիթով փորձում է Արեւմուտքից ֆինանսական միջոցներ ստանալ կամ վիզաներ ձեռք բերել: Ես երբեք նման խնդիրներ չեմ ունեցել եւ չունեմ: Ինձ հետաքրքիր չէ` ինչ կլինի, միեւնույն է` այս իշխանությունները ջրի երես են դուրս գալու:

- Խոսում եք շարժման վերադասավորումների մասին: Ի՞նչ վերադասավորումներ են լինելու առաջիկայում:

- Առաջիկա գործողությունների, ռազմավարական փոփոխությունների մասին այսօր խոսելը ճիշտ չեմ համարում, սակայն կարող եմ ասել, որ երբ առաջիկայում տարբեր վայրերում սրբազանն ու իր թիմը կհայտարարեն փոփոխությունների մասին, այն կարող ենք ընդունել որպես ի գիտություն:

- Բագրատ սրբազանը տարբեր ուղղություններով այցեր է կատարում, դրան զուգահեռ, գրեթե նույն մարզերն է այցելում նաեւ Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ կարող ենք ասել՝ նրանց հանդիպումներին հետեւելով: Փաշինյանն ուզում է հակակշիռ քայլե՞ր անել:

- Նա շոումեն է, ով վեց տարի շարունակ չագուճը ձեռքին սպառնալիքներ հորդելով՝ տարբեր խոստումներ էր տալիս հանրությանը` դպրոցաշինությունից սկսած: Այդ խոստումների ընդամենը 10 տոկոսն է կատարել` վեց տարիների ընթացքում: Նա այսօր խնդիր ունի 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու, պարզ է, որ պետք է օգտվի նման հնարքներից: Փորձում է ինքն իրեն նախապատրաստել ընտրություններին, ինչպես նաեւ՝ իր թիմին: Անկեղծ ասած, չէի ցանկանա Բագրատ սրբազանի ու Փաշինյանի միջեւ զուգահեռներ անցկացնել, որովհետեւ ահռելի գաղափարական եւ նպատակային տարբերություններ կան: Նիկոլ Փաշինյանը լուծում է իր առջեւ դրված մի քանի խնդիր, դրանցից առաջինն այս պահին սեփական թիմին ոգեւորելն է: Գուցե նաեւ կոմպրոմատների «օգնությամբ», որ ինչ-որ մեկը հանկարծ չշշկռվի եւ չանցնի հակառակ ճամբար եւ այլն: Բնական է, որ նա ստի եւ կեղծիքի միջոցով նորից փորձում է ձայներ կորզել` 2026 թվականի ընտրությունների համար: Եթե, իհարկե, նախքան այդ գլոբալ փոփոխություններ տեղի չունենան:

- Ասում եք` Փաշինյանն իր խոստումների ընդամենը 10 տոկոսն է կատարել: Ի՞նչ խոստումների մասին է խոսքը:

- Օրինակ` խոսում էր 300 դպրոց կառուցելու մասին, սակայն կառուցել է ընդամենը 28 դպրոց` 6 տարվա ընթացքում, սա թերեւս 10 տոկոսից էլ ավելի քիչ է: Կոռուպցիայի առումով իրենց պլանը գերակատարել են` 300 տոկոսով, բայց եթե բացառենք ընտրական գլխավոր խայծը, ձայն գողանալու հիմնական միջոցը` ասֆալտապատումը, քիչ թե շատ մարզերում որոշակի աշխատանքներ կատարվել են, չենք կարող ժխտել այդ փաստը, սակայն հայրենիք հանձնելու առումով գերակատարել են` մի քանի հարյուր տոկոսով: Արցախ են հանձնել, սահմանազատման անվան տակ ՀՀ ինքնիշխան տարածքից միակողմանի զիջումների են գնացել, ինչ խոստացել էին, շրիշակի մակարդակի արել են, դրանից բարձր ոչ մի բան չեն արել:

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image