Նոյեմբերի 26-ին Նոր Նորքի Շոպրոնի փողոցում աննախադեպ դաժանությամբ սպանություն է կատարվել: Ասֆալտին ընկած երիտասարդ տղամարդու վրայով մի քանի անգամ մեքենա են վարել, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից նա մահացել է: Գործող անձանց անունները գաղտնի են պահվում: Սպանվածը Բորիս Արզումանյանն է` 2 երեխայի հայր, 31 տարեկան: Հայտնի է միայն, որ սպանությանը նախորդել են վիճաբանություն եւ կռիվ: Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ քրեական հետապնդում է հարուցվել խուլիգանության եւ սպանության հոդվածներով: «Սպանության, խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- հայտնեց խոսնակը:
Մեղադրյալը, որը մեքենայի ղեկին է եղել, մեղքը չի ընդունում: Սա թերեւս միակ տեղեկությունն է, որ ստացանք նրա փաստաբանից՝ Արսեն Սախոյանից: Նա նաեւ հայտնեց, որ խուլիգանության մեղադրանքը վերաբերում է սպանությանը նախորդած դեպքերին. «Մինչեւ այդ եղել են ինչ-որ դեպքեր, որոնց վերաբերում է վիճաբանությունը: Մոտիվ ասվածը դեռ պարզաբանված չէ: Մնացածը մոտակա ժամանակներս պարզ կլինի»: Չտեսնված դաժանության դեպք է, ի՞նչ է նշանակում՝ մարդու վրայով մեքենան այնքան վարել, մինչեւ մահանա: «Դա խոսակցությունների մակարդակով է: Քրեական վարույթով նման հաստատված տեղեկություն չկա: Երբ որ լինեն համապատասխան ապացույցներ, նոր պարզ կլինի: Այս պահին չկա գոնե մեկ փաստ, որը համապատասխանի այդ հրապարակումներին»,- ասաց փաստաբանը: Նա չասաց, թե քանի հոգի են եղել դեպքի մասնակիցները, անգամ չէր հիշում սպանվածի անունը:
Հանգուցյալը զույգ քույր ուներ, որոնք եւս դժկամությամբ են պատասխանում հարցերին: «Ասելու ոչինչ չկա: Թող մեղավորներն Աստծո առաջ պատասխան տան: Մենք մեղավոր-անմեղ չենք փնտրում, մենք՝ բոլորս ենք մեղավոր, որ հիմա նա մեր կողքին չէ»,- ասաց քույրը՝ նշելով, որ գաղափար չունի, թե ինչու են սպանել եղբորը: Հայտնի է, որ Բորիս Արզումանյանն ընդդիմադիր հայացքներ ուներ: Նրա ֆեյսբուքյան էջում ընդդիմադիրների ակցիաների տեսանյութեր, լուսանկարներ կան` Սրբազան պայքարից, իշխանության հասցեին քննադատական նյութեր: Ըստ տեղեկությունների, նա «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է եղել: