Այլ

Ռուսաստանը և Իրանը կզարգացնեն շփումները պաշտպանական ոլորտում․ «Մեհր»

Ռուսաստանը և Իրանը կզարգացնեն շփումները պաշտպանական ոլորտում․ «Մեհր»

Մոսկվայում կայացած հանդիպմանը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ, բրիգադային գեներալ Խոջաթոլլա Ղորեյշիի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը։

Ռուսական «Տասս» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել են ռուսաստանյան ռազմական գերատեսչությունում:

«Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության արդիական հարցեր: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ», - գրել է ռուսաստանյան լրատվամիջոցը։

Ըստ ռազմական գերատեսչության՝ կողմերը «հաստատել են իրենց մտադրությունը՝ խորացնելու երկխոսությունն ու զարգացնելու շփումները պաշտպանական ոլորտում»:

Իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը գրել է, որ ավելի վաղ Ռուսաստանի ռազմական համագործակցության ղեկավարը ասել էր, որ Ռուսաստանը Իրանի հետ ռազմական և տեխնիկական համագործակցության հեռանկարներ ունի՝ հավելելով, որ Իրանը շահագրգռված է տարբեր տեսակի ռուսական զենքեր ձեռք բերելու մեջ:

«Մենք Իրանի հետ երկար տարիների հարաբերություններ ունենք: Մենք իրականացնում ենք պայմանագրային պարտավորություններ, որոնք ստանձնել ենք առաքումների համար: Կան [երկկողմ ռազմական և տեխնիկական համագործակցության] հեռանկարներ: Թեհրանը հետաքրքրված է տարբեր տեսակի [սպառազինությամբ]», - «Մեհրի» հաղորդմամբ՝ երեքշաբթի օրը Մեքենաշինական միության համագումարի շրջանակներում ասել էր Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը:

Նախկինում Իրանի արտաքին գործերի նախարարի հատուկ քաղաքական հարցերով ավագ օգնական Ալի-Ասղար Խաջին ասել էր, որ «Իրանը հույս ունի, թե կկարողանա զենք ձեռք բերել Ռուսաստանից՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման համար»:
 
«Մենք Ռուսաստանի հետ ռազմական համագործակցություն ունենք: Եվ երբ սահմանափակումները հանվեցին, Ռուսաստանը դարձավ այն երկրներից մեկը, որտեղ մենք կարող ենք զենք գնել, ու կարող ենք համագործակցել նրա հետ՝ մեր տարածքը և տարածաշրջանի անվտանգությունը պաշտպանելու համար», - Ալի-Ասղար Խաջիի խոսքերն է մեջբերել «Մեհրը»։

Իրանի նկատմամբ սպառազինության արգելքի ժամկետն ավարտվել էր 2015-ի միջուկային գործարքին համապատասխան, որը նախատեսում էր չեղարկել այն գործարքի ընդունումից հինգ տարի անց: Սա Թեհրանին իրավունք էր տվել զենք գնել ու վաճառել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image