Hraparak.am-ի հավաստի աղբյուրների տեղեկացմամբ՝ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը առաջիկայում պատրաստվում է հրաժարական տալ: Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետարանի աշխատանքը երկու շաբաթ է պարալիզացված է: Փոխքաղաքապետերը տեղում չեն, մեկը՝ տնային կալանքի տակ է, մյուսը՝ մասնավոր այցով ԱՄՆ է մեկնել, իսկ Սամսոնյանն անցյալ շաբաթվանից սեփական որոշմամբ անցել է հեռավար աշխատանքի՝ պատճառաբանելով առողջական խնդիրները: Hraparak.am-ի տեղեկություններով՝ Սամսոնյանն իրականում ունի առողջական խնդիրներ, սակայն հրաժարական տալու պատճառը ոչ թե առողջականն է, այլ «Բալասանյան դաշինք»-ի կողմից ճնշումը:
Իշխանության կողմից վերջին ճնշումներից հետո նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշում է կայացրել քաղաքը վերջնականապես զիջել ՔՊ-ին: Հիշեցնենք, որ օրերս ձերբակալվեց, ապա 70մլն․ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը, նրա հետ ձերբակալվեցին եւ կրկին գրավով ազատ արձակվեցին նախկին եւ ներկա փոխքաղաքապետերը: ԱՄՆ-ում գտնվող Սամվել Բալասանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ եւ հայտարարվել է հետախուզում: Բալասանյանին եւ որդուն առաջադրված մեղադրանքը վերաբերում է «Սև բերդ» ամրոցի պատմական տարածքն ու դրա շրջակայքը «իրենցով անելուն»:
Իշխող ՔՊ կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրի հավաստմամբ՝ շաբաթ օրը Գյումրիում կայացած ՔՊ փակ նիստում Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ ակնարկել է, որ Գյումրին այլևս իրենցն է եւ առաջիկայում ընտրություններին ընդառաջ կարևոր աշխատանքներ ունեն անելու: Ի դեպ, նույն աղբյուրի պնդմամբ Գյումրու քաղաքապետի ՔՊ -ական թեկնածուն վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է՝ նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը:
Արձանագրենք, որ իշխանությունն այս անգամ էլ, ինչպես մի շարք համայնքներում, օգտագործելով իրավական լծակները, հասնում է նպատակին:
Մեր տեղեկություններով՝ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականին հաջորդելու են «Բալասանյան դաշինք» -ի ավագանու անդամների հրաժարականները, վայր են դնելու մանդատները, որին, ըստ ՏԻՄ օրենքի՝ կհաջորդեն նոր ընտրություններ։ Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ ԱՄՆ մեկնած փոխքաղաքապետը՝ Սամվել Բալասանյանի քրոջ դուստր Լուսինե Սանոյանը, ով այժմ ԱՄՆ-ում է՝ գնացել է քեռուն այցելության, հնարավոր է, որ չվերադառնա ԱՄՆ-ից։