Հասարակություն

«Հրապարակ». Էռնեկյան, փողդ քչությո՞ւն է անում

«Հրապարակ». Էռնեկյան, փողդ քչությո՞ւն է անում

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ տեսանյութ էր հրապարակել, որտեղ ահազանգում էր «Զվարթնոց» օդանավակայանում ստեղծված իրավիճակի մասին։ Նա տեսանյութում պատմում է, որ օդանավակայանում վայրէջք է կատարել Վիեննայի չվերթը, ուղեւորներին 50 րոպե պահել են մուտքի մոտ։ Անձնագրային հսկողությունն անցնելու համար զգալի հերթեր են կուտակվել։

«Էս բարդակի հեղինակներն ասում են` եթե ուզում եք 3-4 ժամ հերթ չկանգնել, 9 հազար դրամ ամեն անձի համար վճարեք եւ առանց հերթի մոտեցեք՝ պասպորտ կոնտրոլ անցնելու»,- գրել է Զոհրաբյանը եւ իր խոսքում դիմել օդանավակայանի սեփականատերերին՝ ընդգծելով, որ նրանք ամեն ինչից փող են գանձում, իսկ հիմա այս «տոտալ բարդակի համար են ուզում փող գանձել»։ Նաեւ տեսանյութին կից գրել է. «Էռնեկյան, այ «ազգային հերոս», փողդ քչությո՞ւն է անում»։  

Մենք դիմեցինք «Զվարթնոց» օդանավակայանի խոսնակին, որպեսզի մեկնաբանություն ստանանք, թե ինչ 9 հազար դրամի մասին է խոսքը, եւ դա ինչ լրացուցիչ ծառայություն է: Սակայն խոսնակը, իր սովորության համաձայն, ո՛չ հեռախոսազանգին, ո՛չ էլ մեր հաղորդագրությանը չպատասխանեց: Իսկ Քաղավիացիայի վարչությունից էլ մեզ ասացին, որ իրենց մոտ արձակուրդային շրջան է, եւ մեր հարցերին պատասխանել չեն կարող: 

«Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատուից միայն մեր հարցին ի պատասխան նշեցին, որ Զոհրաբյանի գրառումը վերաբերում է «fast track» ծառայությանը, որն արդեն մի քանի տարի է՝ գործում է, գործում է աշխարհի առաջատար օդանավակայաններում։ «Քանի որ մեկ ինքնաթիռ ուշացումով է վայրէջք կատարել, որոշ հերթեր են առաջացել, այլ որեւէ խնդիր չկա»,- նշեցին մեզ հետ զրույցում: 

Սակայն խնդիրը ոչ թե հերթերն են, այլ ուղեւորներին սորտավորելը եւ փողի դիմաց առավելություն տալը` մի բանի համար, որ պետության եւ սահմանային ծառայության պարտականությունն է, այլ ոչ թե վճարովի ծառայություն: Թեմայի մասին զրուցեցինք «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ: «Եթե այս ծառայությունը հորինվեր այն ժամանակահատվածում, երբ գոյացած լինեին հերթեր, ապա իրավական առումով պետք է դիտարկել` արդյո՞ք ծառայությունն ուռճացված չէ, մենաշնորհային դիրքի չարաշահմա՞ն հետ գործ ունենք, թե՞ ոչ, եւ այլն: Այս պարագայում, երբ խոսում ենք մի ծառայության մասին, որն առկա է եղել միշտ, այնպես չէ, որ ֆորսմաժորային իրավիճակից ելնելով` օդանավակայանն ինչ-որ նոր, հավելյալ ծառայություն է սահմանել` առիթից օգտվելու համար: Կյանքի դաժանությունը նրա մեջ է, որ նման տեսակի անհավասարություններ կան, եղել են ու կլինեն միշտ: Նույն տրամաբանությամբ՝ ինքնաթիռում VIP ծառայությունից օգտվող հաճախորդն այլ սննդից, այլ զուգարանից է օգտվում՝ այդ ամենի համար վճարելով հավելյալ գումար: Անգամ կան բանկեր, որոնք տրամադրում են հաճախորդին VIP զոնա բարձրանալու հնարավորություն` ընդամենը հարյուր դրամով, սակայն եթե չունես նման քարտ, պետք է վճարես 20 հազար դրամ: Այլ հարց է՝ սահմանված գինը ենթակա՞ է ուսումնասիրության, թե՞ ոչ»,- նշեց Պիպոյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image