Մի քանի հանրային գործիչ կա, որոնց կատարած աշխատանքով, պահվածքով, խոսքով ես հիանում եմ, չնայած ոմանց անձի հետ կապված վերապահումներ ունեմ: Հայկ Դեմոյանը, օրինակ, մասնագիտական լուրջ աշխատանք է կատարում` պատմության, ցեղասպանության հարցերով: Վլադիմիր Մարտիրոսյանի եւ Վահե Հովհաննիսյանի մտածողությունն եմ հավանում: Կարդում եմ Ռուբեն Մելիքյանին, Վարուժան Գեղամյանին, Ռուբեն Մելքոնյանին, Արմեն Աշոտյանին, Կարպիս Փաշոյանին, Նարեկ Գալստյանին: Էլի մարդիկ կան, որոնք խոսքի կուլտուրա, օրիգինալ միտք, գիտելիքների բազա ունեն, որոնց կարդալը հետաքրքիր է եւ օգտակար: Նրանց խոսքում, որպես կանոն, գռեհկաբանություն, անորակ մտքեր, ատելության եւ չարության ընդգծված դրսեւորումներ չեն լինում: Նրանք հարգում են իրենց կարդացողներին, իրենց հարցազրույցները լսողներին եւ եթե անգամ ունեն ատելի գործիչներ, թիրախներ, հակառակորդներ, ոչ թե վերջիններիս են ուղղում իրենց խոսքը, այլ՝ իրենց լսարանին:
Իրականում մեր երկրում կա շատ լուրջ մարդկային կապիտալ, ճանապարհ անցած մասնագետներ, կրթված ու դաստիարակված անձանց մի մեծ խավ, որոնք շվարել են` բախվելով այս իշխանությունների լկտի պահվածքին, անթույլատրելի լեքսիկոնին, անհավասարակշիռ վարքին: Նրանք հասկանում են, որ խնդիրը ոչ թե որեւէ հոգեւորականին կամ կաթողիկոսին ուղղված փողոցային լեքսիկոնն է, ոչ էլ անգամ ուրիշի կյանքի մեջ քիթը խոթելու կամ արգելված տվյալներ հավաքելու զազրելի փաստը, այլ՝ այն, որ նման վարքագծով մարդն է կառավարում երկիրը: Խնդիրն այն վտանգներն են, որ այս անադեկվատ պահվածքով մարդը երկիր է ներկայացնում եւ երկրի համար ճակատագրական հարցեր է որոշում: Խնդիրն այն է, որ հանրությունը` ծծկեր երեխայից սկսած, կասկածներ ունի նրա հոգեվիճակի առնչությամբ: