Հասարակություն

Եթե պահ լիներ՝ ժամանակը ետ բերել, ես իմ կյանքը նրա կյանքի հետ կփոխեի

Եթե պահ լիներ՝ ժամանակը ետ բերել, ես իմ կյանքը նրա կյանքի հետ կփոխեի

Պատերազմի բովով անցած Մարկոսի հետ զրուցելիս եւս մեկ անգամ համոզվեցի, որ մեր տղաները անպարտելի են: 21-ամյա Մարկոս Մարկոսյանը Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքից է, երկար բուժվելուց հետո արդեն տանն է:  2019 թվականին անցել է պարտադիր զինվորական ծառայության, եղել է կորդ-գնդացրորդ: Թե ինչերի միջով է անցել պատերազմի օրերին, դժվարանում է խոսել, ասում է. «Հիշել այդ օրերի արհավիրքը իմ համար շատ դժվար է, կարծես ինչ-որ բան սեղմում է կոկորդս, փակում եմ աչքերս ու փորձում հիշողությանս միջից ջնջել ամեն բան, ցավոք, չի ստացվում… 15 օր անքուն ու սոված ենք եղել, միայն զինադադարի այդ մի քանի ժամն ենք քնել: Ասացին, որ մեզ պետք է հերթափոխեն: Հոկտեմբերի 22-ին իջանք, բունկերում գիշերեցինք: Բունկերից դուրս եկանք նստեցինք մեքենան, 10 րոպե հետո մեր կամազը տրաքացրեցին: Այդ ժամանակ կանտուզիա եմ ստացել: Երբ աչքերս բացեցի, տեսա, թե ոնց ա ընկերս վառվում, ցավ չէի զգում, ուզում էին սողալով առաջ գնալ ու փրկել նրա կյանքը,  չկարողացա: Ինքս էլ այրվում էի: Մեզ օգնության հասան: Հիշում եմ, որ ասել եմ անունս, ազգանունս ու ասացի, որ Մեղրաձորից եմ, հետո կորցրել եմ գիտակցությունս:  Գիտակցության եմ եկել  արդեն հիվանդանոցում»:  

40 օր հոսպիտալում

Հոկտեմբերի 25-ին Մարկոսն արդեն Մուրացանի հոսպիտալում էր: Առաջին 1 շաբաթը մահվան ու կյանքի կռիվ էր տալիս: Մարմնի ցավը բթացավ, երբ իմացավ, որ իր ամենամոտ ընկերը, ում հետ միասին են եղել մեքենայի մեջ՝ հոսպիտալում մահացել է. «Բանակում իմ ամենամոտ ընկերը Էդգարն էր: Նրա հետ խոսում էինք տարբեր թեմաներից, իրար լավ  հասկանում էինք, պատերազմի ժամանակ իրար կողք-կողքի ենք կանգնել: Էդգարը հոսպիտալում մահացավ: Նրանից ինձ հուշ 1 լուսանկար մնաց:  Եթե պահ լիներ՝ ժամանակը ետ բերել, ես իմ կյանքը նրա կյանքի հետ կփոխեի: Ես միշտ մտածել եմ, որ եթե ես չգնամ պաշտպանեմ հայրենիքը, ո՞վ պետք է գնա: Հիմա էլ հարկ լինի էլի կգնամ, մահը  հաղթարարած մարդը, մահից չի վախենում»:   

Հիվանդանոցի դարպասներից այն կողմ 40 օր ու ցերեկ Մարկոսին սպասում էր հայրը՝ Լեւոն Մարկոսյանը:  Տղայի վիրավորվելու մասին Լեւոնին մեծ որդին է ասել. «Մեր համագյուղացու բարեկամը էդ հոսպիտալում է աշխատում, որ անուն, ազգանունը կարդացել էր, զանգով խաբար ա արել իր բարեկամին, նա էլ՝ մեծ տղայիս ա ասել: Առավոտը մեծ տղաս զանգեց Մոսկվայից, ասավ, որ չվախենաս, հեսա մի մեքենա կգա, կգնաս հիվանդանոց: Հասա հիվանդանոց, ընդամենը 1 րոպե եմ տեսել տղայիս, ամբողջ մարմինը այրված էր, բայց գիտակցությունը տեղն էր: Շնորհակալ եմ ողջ բժշկական անձնակազմից:  էս չարաբաստիկ պատերազմը շատ տուն քանդեց»:

Լեւոնը պատմում էր, որ Մարկոսի հետ ամեն օր խոսել է, վերջին 3 օրը լուր չի ունեցել տղայից, մտածել է, որ տեղը հարմար չի եղել, դրանից էլ չի զանգում. «Մինչեւ վիրավորվելը խոսում էի Մարկոսի հետ, ասում էր, որ  հիմնականում գյուղերի վրա են կրակում, մենք ապաստարաններում ենք, մի մտածի, լավ կլինի, էսպես հույս էր տալիս: 3 օր լուր չեմ ունեցել, վերջին անգամ, որ զանգեց ասավ, որ մեզ կհանեն պոստեր, ես էլ մտածեցի, որ տեղը հարմար չի  զանգում: Այդ օրերին ամեն գիշեր դուրս էի գալիս տան դիմաց սուրբ  կա, աղոթում էի ու տուն մտնում: Տղաս բուժման կարիք ունի դեմքի հետ կապված, Հայաստանում հույս չեն տվել,  որ կարող են դեմքի պլաստիկ վիրահատություն անել, ստիպված պետք է  վիրահատությունը Մոսկվայում անենք, եթե կառավարությանը օգնի, եթե չօգնեց, դրա համար մեզ գումար է անհրաժեշտ: Սոցիալապես այդքան էլ լավ վիճակում չենք ապրում, տեսնում եք  կիսակառույց տան մեջ ենք ապրում: Եթե կգտնվեն մարդիկ,որ կարողանան մեզ օգնել, շնորհակալ կլինենք»:  

Պատերազմից հետո Մարկոսը գտել է իր երկրորդ կեսին: Նպատակներ ունի՝ վիրահատությունից հետո  ավարտին հասցնել իրենց կիսակառույց տունը, եւ ընտանիք կազմել:

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image