Երեւանի 2806-ամյակի առթիվ, հոկտեմբերի 13-ին մայրաքաղաքում մի շարք միջոցառումներ են նախատեսված, որոնք կանցկացվեն «Արի՛ Երեւան՝ տոնենք» կարգախոսի ներքո։ Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ, 2806-ամյակի առթիվ, ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։ Կկայանան համերգներ՝ ջազ, ռոք, դասական եւ էստրադային ժանրերի։ Մասնավորապես, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի կունենա էստրադային համերգ, որի շրջանակներում կատարումներով հանդես կգան Երվանդ Երզնկյանը, Գարիկը եւ Սոնան, «Kami Friends» band-ը, Արամ MP3-ն, Իվետա Մուկուչյանը: Ազատության հրապարակում տեղի կունենա դասական համերգ, որին կմասնակցեն «Երեւան» պատանեկան սիմֆոնիկ եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբերը:
Ջազ համերգ է նախատեսված Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ), որտեղ ելույթներով հանդես կգան «Երեւան» փողային նվագախումբը, Jazz for kids-ը, Արցախի պետական ջազ նվագախումբը, «Կատուներ» նվագախումբը, «Մալխաս» ջազ եռյակը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Արտո Թունջբոյաջյան եւ Արմենիան Նեյվի բենդը եւ Տիգրան Համասյան տրիոն: Դիանա Աբգարի անվան զբոսայգու տարածքում տեղի կունենա ռոք համերգ, որին կմասնակցեն մի շարք խմբեր եւ կատարողներ` Jag եւ Նարեկ Բարսեղյան, «Սեւագիր», Rozen Tal, «Կավիճ», «Թմբաթա», Fairwind, «Լավ էլի», «Նեմրա»: Համերգին զուգահեռ, նույն տարածքում կանցկացվի նաեւ գարեջրի փառատոն, իսկ Հյուսիսային պողոտայում` գինու փառատոն: Կգործի նաեւ բացօթյա սպորտային գոտի, ժամը 12:00-18:00-ն։ Սախարովի հրապարակում կանցկացվեն փողոցային ֆուտբոլին, բասկետբոլին, ռաունդնեթին, սեղանի թենիսին եւ այլ սպորտաձեւերի նվիրված միջոցառումներ: Ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգ, որտեղ ելույթ կունենան սիրված արտիստներ։
Հատկանշական է, որ Էրեբունի վարչական շրջանում տոնակատարությունները նախատեսված են հոկտեմբերի 12-ին, այս մասին տեղեկանում ենք հենց վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից։ Միջոցառումների մեկնարկը նախատեսված է ժամը՝ 15․00-ից, իսկ տոնական համերգային ծրագրի հատուկ հյուրն է լինելու վերջերս «Նոր Ալիք» միջացգային մրցույթում հաղթած Անահիտ Հակոբյանը։
Քաղաքապետարանի լրատվականից մեզ փոխանցեցին, որ գլխավոր տոնակատարությունները լինելու են Փոքր կենտրոնում, իսկ վարչական շրջաններում, որպես այդպիսին, առանձին միջոցառումներ նախատեսված չեն: Ինչ վերաբերում է ֆինանսական հատկացումներին, թե այս տարի որքան գումար է հատկացվել Երեւանի օրվա տոնակատարությունների համար, քաղաքապետարանից խոստացան ճշտել ու ասել, բայց այդպես էլ չպատասխանեցին:
Հիշեցնենք, որ 2023-ին քաղաքապետարանը, օգոստոսին Երեւանի օրերը՝ Գյումրիում «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» անվամբ միջոցառման անցկացման համար 49 մլն դրամ էր հատկացրել: 2019-ին էլ «Երեբունի-Երեւան 2801» միջոցառման համար հատկացվել էր 190 միլիոն դրամ, որից 45 միլիոն 840 հազար դրամը տրամադրվել էր տոնական բրենդավորման (լոգոտիպ, պաստառներ, տեսահոլովակ, ձայնագրություն, վարչական շրջանների համար նախատեսված շապիկներ, գրիչներ եւ այլն), 128 միլիոն 638 հազար դրամն էլ՝ 13 միջոցառումների համար:
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Երեւանի օրվա միջոցառումները կազմակերպելու համար ինչ-որ մի ընկերության տենդերով 5 մլն 800 հազար դրամ է հատկացվել, ավելիի մասին ինքը տեղյակ չէ. «Ես ենթադրում եմ, որ այն 70 մլն դրամը, որ տվեցին 15 երգի վերաձայնագրման համար, հենց այդ երգերն էլ բերելու են, այդ օրը երգեն: Ստացվի, որ հա՛մ քաղաքի միջոցառումը եղավ, հա՛մ էլ այդ երգերի կատարողներին, պրոդյուսերներին լավություն արեցին, որովհետեւ պրոդյուսեր կա, որ այդ երգերի ձայնագրումը կազմակերպելու համար 2 մլն փող է ստացել, կամ 1.5 մլն` գործիքավորման համար, առանձին-առանձին որ այդ 70 մլն-ն տրոհում ենք, ստացվում են այդ թվերը: Ենթադրում եմ` այդ երգերն են բերելու երգացնեն, ասեն` տոնը ստացվեց, որովհետեւ Երեւանին նվիրված երգեր հնչեցին»:
Անդրադառնալով Երեւանի տոնակատարությունների ձեւին ու բովանդակությանը, Սուքիասյանը մասնավորապես նկատում է․ «Այստեղ մի մեծ կազուս է առաջանում, քաղաքային իշխանությունը շռայլորեն հովանավորում է հարակից պրոյեկտներ` նորաձեւության շաբաթներ, սիմֆոնիկ, ֆիլհարմոնիկ համերգներ, բայց քաղաքին նվիրված տոնը դարձնում է շատ ավելի անշուք, նվազ մասշտաբային` ստորադասելով այն մյուս պրոյեկտներից: Հետեւաբար, Երեւանի համար կենացներ խմող իշխանությունը ցույց է տալիս իր իրական վերաբերմունքը Երեւանի հանդեպ` նաեւ Երեւանի տոնակատարությունը ոչ պատշաճ կազմակերպելով: Հետո՝ գիտեք, տոնակատարությունը միայն վարչական շրջանի համերգները չեն, դա ստանդարտ, կաղապարված մոտեցում է, այդ օրերին պետք է լինեն միջոցառումներ երեխաների, տարեցների, մանկավարժների, սոցիալական աշխատողների համար կամ հենց քաղաքի ամենօրյա մաքրությունն իրականացնող աշխատակիցների համար, որոնք առավոտից երեկո մաքրում են այս քաղաքը: Այդ տոնը նաեւ ու առաջին հերթին նրանց համար պետք է լիներ, ինչ-որ հատուկ միջոցառումներ կազմակերպվեին նրանց համար։ Տոնի զգացողությունն այդպես են պարգեւում, ոչ թե միլիոններով միջոցառումներ կազմակերպեն, գնան՝ դեմքի բոհեմիկ արտահայտությամբ նստեն, ծափ տան, նկարվեն, որ, տեսեք՝ ինչ լավ համերգ արեցինք, ու քաղաքի բյուջեի հաշվին իրենց համար հաճելի ժամանց ապահովեցին»,- եզրափակում է խմբակցության ղեկավարը: