Ե՞րբ է մարդ Աստծուն ավելի մոտենում՝ արհավիրքի, ծանր կորստի, ցավի, տառապանքի, անսփոփ լինելու ժամանակ։ Քաղաքական դաշտը պետք չէ զատել այս իրականությունից։ Երբ քաղաքական դաշտը սպառվում է, այլևս ժողովրդի համախմբման, միավորման ելք չի գտնում, երբ ճաք է տալիս, այնժամ բոլոր հայացքներն ուղղվում են եկեղեցուն։ Կան ճշմարտություններ, որոնք չեն բացվում, ունեն բացվելու իրենց ժամանակը, ինչպես կոկոնը։ Տարիներ առաջ մեր հոգևոր հայրերից մեկին հարցրի՝ ո՞ր մարդիկ են ավելի շատ Աստծուն գալիս։ Պատասխանն ավելի քան զարմացնող էր, սպասում էի, որ կասի՝ ծանր վշտի, տառապանքի մեջ գտնվող մարդիկ, բայց նա այլ բան ասաց․ « Երկնքին, Աստծուն, Եկեղեցուն փնտրում են այն մարդիկ, որոնք երկրի վրա շեղվել են ճանապարհից»։
․․․Իսկ կա՞ մարդ, որ չի շեղվել երկրային ճանապարհից,- մտածում էի։ Իհարկե, ոչ։ Այդ դեպքում ինչու՞ շատերը Աստծուն չեն մոտենում։ Երբ երիտասարդ էի, այդ հարցը չտվի հոգևոր հորը, որովհետև մտածում էի, թե ես ամեն ինչ գիտեմ, ու Տեր Հայրը կմտածի, որ պարզունակ լրագրող եմ։ Այսօր կտայի այդ հարցը, որովհետև երկար ժամանակ այն փակ է եղել ինձ համար։ Տարիքի, փորձի հետ հասկանում ես, որ շատ քիչ բան գիտես ու պետք է ընդլայնվե՜ս․․․ Պետք է աշխարհին նայել ոչ թե երկրային, այլ երկնային աչքերով, ավելի մեծ չափանիշներով։
Ինչևէ, երկատև տվայտանքներից, փորձերից հետո քաղաքական դաշտը միավորվում է եկեղեցու շուրջ։ Հիշեցի Տեր Հոր խոսքերը՝ « Երկնքին, Աստծուն, եկեղեցուն փնտրում են այն մարդիկ, որոնք երկրի վրա շեղվել են ճանապարհից»։ Չեն գտնում ճանապարհը։ Այսօր այն հարցը, որը չէի բարձրաձայնել, առավել քան պարզ է ինձ համար ու բարձրաձայնում եմ․ քաղաքական դաշտը ընդունու՞մ է, որ երկրի, հողի վրա շեղվել է ճանապարհից, ճիշտ ընթացքից։ Չէ՞ որ ինքը ապավինում է եկեղեցուն, նրա օգնությունն է խնդրում։ Եթե խնդրում ես, ապավինում ես, ուրեմն պիտի ընդունես այն խոտոր ճանապարհը, որով ընթացել ու հանգրվան չես գտել։ Դա մաքրման ճանապարհն է։ Եկեղեցին բոլորին հնարավորություն է տալիս խոստովանանքի, մաքրման։ Երբ Բագրատ Սրբազանը «մաքրման» ապաշխարության հնարավորություն է տալիս բոլորին, դա քաղաքականության չէ, դա Աստծո Խոսքն է․ «Ուրախություն կլինի երկընքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ (Ղուկ. 15.7) ևն։ Քրիստոսն ապաշխարության խորհուրդը կատարելու իրավունքը տվել է առաքյալներին և նրանց հաջորդ եկեղեցականներին (Հովհ. 20.21–33)։ Այնպես որ քաղաքական մտածողությունից եթե դուրս գանք, այն ինչ ցանում է Բագրատ Սրբազանը, նրա ցանած սերմերը, ինչ էլ անեն, ինչքան էլ փչացնեն, վերընձյուղվելու են։