Հոկտեմբերի 4-ին Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին, երկրի ողջ տարածքում գործել է ավելի քան 3 հազար ընտրատեղամաս։ Ընտրություններն ընթացել են 64 շրջանում, այդ թվում՝ 5 ինքնակառավարվող քաղաքներում՝ Թբիլիսի, Քութաիսի, Բաթումի, Փոթի եւ Ռուսթավի։ Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո Վրաստանի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ քվեների 70 տոկոսը ստացել է իշխող «Վրացական երազանք»-ը։ Եվ հենց ընտրությունների երեկոյան ընդդիմությունը եւ Վրաստանի արեւմտամետ զանգվածը դուրս են եկել փողոց՝ պայքարի։ Ընդդիմությունը ցույցեր է կազմակերպել, որի ընթացքում բախումներ են եղել: Ընդդիմության ներկայացուցիչները կոչեր են արել, որոշ ընդդիմադիրներ մարդկանց հորդորել են՝ «ով տղամարդ է, պետք է գա, դիմադրի ոստիկաններին եւ այլն»: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Կրթամշակութային միության նախագահ, թբիլիսաբնակ իրավաբան Արթուր Մուրադյանը:
Այդ բախումների ժամանակ ոստիկաններն են վնասվածքներ ստացել, ընդդիմադիրներ են ձերբակալվել: «Ձերբակալվել է վրացական ընդդիմության 5 առաջնորդ, ու որքան էլ հիմա ասեն, որ իրենք կապ չունեն այդ բախումների հետ, որ իրենք անմեղ են, բայց իրենք կոչեր էին անում։ Իրենք էին ասում, որ խաղաղ ակցիաներով ոչ մի արդյունքի չեն հասնի, ասում էին, որ պետք է ցուցադրել տղամարդկային ուժ, որովհետեւ խաղաղ ակցիաներն արդյունք չեն տա»,- պատմում է Մուրադյանը: Այդ ընդդիմադիր առաջնորդները, ըստ նրա, Սահակաշվիլու հետ անմիջական առնչություն ունեն, նրանցից շատերը բարձր պաշտոններ են զբաղեցրել Սահակաշվիլու իշխանության ժամանակ: Օրինակ, Մուրթազ Զոդելավան եղել է երկրի գլխավոր դատախազը, Մեգրելիայի ազգային անվտանգության ծառայության ղեկավարը եւ այլն: Թբիլիսահայ գործիչը նշում է, որ կարեւոր է տարբերել իրական ընդդիմադիրներին, ովքեր խաղաղ բողոքի ակցիաների են մասնակցում եւ ունեն իշխանությունից տարբերվող քաղաքական հայացքներ՝ ժողովրդավարական հասարակությունում դա նորմալ է։ Սակայն կան ծայրահեղ ընդդիմադիրներ, որոնք անընդհատ փորձում են պրովոկացիաներ անել հատկապես ոստիկանության ուղղությամբ: Անցած տարվա ընտրություններից հետո նմանատիպ ակցիաներ անընդհատ են կազմակերպվում․ մարդիկ մե՛կ շատ են, մե՛կ քիչ՝ պատմում է մեր զրուցակիցը: «Մենք արդեն սովորել ենք նման վիճակում ապրել, եթե անկեղծ լինեմ: Եթե չլինի ոչ մի պրովոկացիա, ոստիկանությունը շատ խաղաղ է, ոչ ոքի ձեռք չի տալիս: Իմ ընկերը, որ մասնակցում է այդ ընդդիմադիր բողոքի ցույցերին, իսկ ես լրիվ հակառակ տեսակետն ունեմ ու դեմ եմ դրանց, ինձ պատմեց, որ խաղաղ ակցիա էին անցկացնում, ու հենց իրենց հետ մասնակցող ակտիվիստներից դիմակներով մարդիկ հայտնվեցին, բաժանվեցին իրենցից ու սկսեցին ոստիկանների ուղղությամբ քարեր շպրտել: Բնականաբար, ոստիկաններն էլ սկսեցին գործողություն ձեռնարկել»,- ասաց վրացահայ իրավաբանը:
Մուրադյանը հասարակական կազմակերպությունների անդամ է, ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում եւ հայկական համայնքի հետ մեծ շփումներ ունի: Ընդդիմությանն աջակցող հայեր եւս կան՝ ասում է Մուրադյանը, եւ դա շատ նորմալ է, սակայն հայերի մեծ մասն աջակցում է «Վրացական երազանք» կուսակցությանը: «Իսկ դա պայմանավորվում է այն հանգամանքով, որ «Վրացական երազանքը» բալանսավորված քաղաքականություն է վարում հարեւանների հետ, նաեւ՝ Հայաստանի հետ, ու հայերն էլ դա տեսնում ու, բնականաբար, գնահատում են»,- եզրափակում է Արթուր Մուրադյանը: