Հայհոյանքը պետք է վերանա Հայաստանի հանրային և սոցիալական դաշտից․ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ իրենց ներկայացրած քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նախագիծն այսպես են բացատրում։ Նախ՝ այն մասին, թե այս օրենքն ինչպես է կիրառվելու։ Սրա համար շատ կարևոր է ստանալ հետեւյալ հարցի պատասխանը՝ արդյոք տուգանքների ու քրեական հետապնդման համար պետք է լինի մասնավոր գանգա՞տ, թե՞ հայհոյանքը դիտելու են որպես հանրային վտանգավոր արարք եւ պատժելու են առանց անձի բողոքի։ Այլ խոսքով՝ քրեական վարույթի հարուցումն ինչպես է իրականացվելու՝ մամուլի հրապարակումների՞, թե՞ տուժողի բողոքի հիման վրա։
«Հրապարակի» այս հարցին ի պատասխան, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պարզաբանեց՝ լրացումները և փոփոխությունները 3 մասից են, և մասնավոր գանգատի գործ դիտարկվելու են միայն 1-ին մասով պատասխանատվություն նախատեսող դեպքերը։
Հիշեցնենք. անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ՝ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում առաջարկվում է պատիժ 100 հազարից 500 հազար դրամի չափով։
«Իսկ 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանցավոր արարքին բնորոշ հատկանիշների առկայության դեպքում, օրինական առիթի ու հիմքի դեպքում կարող է հարուցվել։ Այսինքն՝ դա հանրային բողոքի կարգով է արվում»,- մեկնաբանեց Գոռ Աբրահամյանը։
Պարզ ասած՝ Ֆեյսբուքում ձեզ ուղղված հայհոյանքի դեպքում դուք պետք է դիմում գրեք դատախազությանը, իսկ, ասենք, Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը կարող են դիմում չգրել՝ դատախազությունն ինքը կպաշտպանի նրանց իրավունքները եւ գործ կհարուցի հայհոյողի նկատմամբ։
Հիշեցնենք. հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը վերաբերում են եթե՝ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` տուգանվում է 500 հազարից 1 միլիոն դրամով, և նույն արարքը, որը կատարվել է նույն անձի նկատմամբ՝ պարբերաբար, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով (1-3 միլիոն դրամ), կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով։ Այս փոփոխությունը, ի դեպ, հայհոյանքի դոզան չի նվազեցնելու, քանի որ իշխանություններին կամ նրանց ընդդիմախոսներին հայհոյողների մի ստվար հատված ապրում է արտասահմանում։ Օրենքը նրանց վրա որևէ կերպ չի ազդելու։
Ի դեպ, նույն օրը, երբ խորհրդարանը ընդունում էր այս նախագիծը, արտերկրում բնակվողները ծանր վիրավորանքների ու հայհոյանքների ֆլեշմոբ էին սկսել։ Գոռ Աբրահամյանին հարցրինք՝ ի՞նչ իմաստ ունի օրենքը, եթե այն մի մասի վրա տարածվելու է, մյուս մասի վրա՝ ոչ։ Գոռ Աբրահամյանն ասաց, որ չի կարող մեկնաբանել․ «Յուրաքանչյուր դեպք քննության առարկա կդառնա՝ իր առանձնահատկությունները հաշվի առնելով համապատասխան իրավական գնահատականներ կտրվեն»։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն անիմաստ է համարում իրավական ողջամտության մասին հարցին պատասխանելը։ «Սկսենք նրանից, որ սա վերադարձ էր անցյալին։ Նախկինում էլ զրպարտություն-վիրավորանքը եղել է քրեականացված, բայց միջազգային, եվրոպական մտքի զարգացման համատեքստում տեղի ունեցավ վերանայում։
Մասնավորապես, ազատ խոսքը ժողովրդավարական հասարակարգում կարևորվեց, և արդյունքում՝ մասնավորապես ԵԽԽՎ-ն իր անդամ պետություններին Նախարարների կոմիտեի մակարդակով հանձնարարականներ իջեցրեց՝ կոչ անելով ապաքրեականացնել զրպարտություն և վիրավորանք համարվող արարքները, դրանք հանել քրեական, քրեաիրավական դաշտից։ Իհարկե, սա չէր բացառում տուգանքի կամ դրամական պատասխանատվության մեխանիզմը։ Եվ, ըստ էության, սրանով հենց զրպարտություն-վիրավորանքի քրեականացման մասին է խոսքը: Նման իրավակարգավորում իրեն կարող է թույլ տալ որևէ միջինասիական պետություն։ Ընդ որում, բացառիկ երկիր, երկիր, որ չի խուսափում նշել, որ ինքը դիկտատորական կառավարություն է»,-ասաց Կոչուբաևը։
ՀԳ․ Բոլորը քաջատեղյակ են, թե ովքեր և ինչու են արյունահոսող վերքերով Հայաստանում հասարակությունը բաժանել իրար ատող ու հայհոյող խմբերի՝ «լրագրողական քիլերներ», «Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում կլոնացված իրավաբանական համակարգ», ի վերջո՝ «սևեր» ու «սպիտակներ», վնգստացող դատավորներ, նախկիններ ու ներկաներ եւ այլն, ինչի բնական հետևանքը պետք է լիներ այս իրավիճակը, որի դեմ իշխանությունները իբրեւ թե հիմա պայքարում են։
Միայն «Antifake» հարթակը 7-մասանոց շարք ունի քաղաքական ընդդիմադիրների հասցեին սեռական հայհոյանքներ գրող իշխանության կողմնակիցների մասին։ Բայց իշխանությունը վստահ է, որ այս հոդվածն իրեն է ծառայելու, այլ ոչ թե իր հակառակորդներին։